Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Psalms 105

:
Armenian - 2018
1 Գոհացե՛ք Տիրոջից, կանչեցե՛ք նրա անունը, ազգերի մեջ պատմեցե՛ք նրա գործերի մասին։
2 Օրհնեցե՛ք նրան. սաղմո՛ս ասացեք նրան, խոսեցե՛ք նրա բոլոր հրաշքների մասին։
3 Պարծեցե՛ք նրա սուրբ անունով. թող ուրախ լինի Տիրոջը խնդրողների սիրտը։
4 Փնտրեցե՛ք Տիրոջը և նրա զորությունը. փնտրեցե՛ք նրա երեսը ամեն ժամանակ։
5 Հիշե՛ք նրա արած հրաշքները, նրա արած նշանները և նրա բերանի վճիռները։
6 Ո՛վ դուք, որ նրա Աբրահամ ծառայի զավակներն եք, նրա ընտրյալ Հակոբի որդիները.
7 Ինքը՝ Տերն է մեր Աստվածը. նրա վճիռները ամբողջ երկրի մեջ են։
8 Նա հավիտյան հիշում է իր ուխտը, այն խոսքը, որ պատվիրեց մինչև հազար սերունդ.
9 Այն ուխտը, որ դրեց Աբրահամի հետ, և իր երդումը՝ Իսահակի հետ։
10 Եվ հաստատեց, որ Հակոբի համար օրենք լինի և Իսրայելի համար՝ հավիտենական ուխտ՝
11 Ասելով. «Քեզ պիտի տամ Քանանի երկիրը, որ ձեզ համար ժառանգության երկիր լինի»։
12 Երբ նրանք սակավաթիվ էին, քիչ էին և պանդուխտ՝ նրա մեջ,
13 Եվ ազգից ազգ էին գնում, մի թագավորությունից՝ ուրիշ ժողովրդի մեջ,
14 Նա թույլ չտվեց, որ մարդիկ նեղացնեն նրանց, և թագավորների էլ պատժեց նրանց համար.
15 «Մի՛ դիպեք իմ օծյալներին և իմ մարգարեներին չարություն մի՛ արեք»։
16 Սովի մատնեց երկիրը և կոտրեց հացի ամբողջ զորությունը։
17 Նրանցից առաջ մարդ ուղարկեց՝ Հովսեփին, որ ծախվեց ծառայության։
18 Նրա ոտքերը չարչարեցին կապանքների մեջ, նրա անձը դրեցին երկաթի մեջ
19 Մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը կատարվեց. Տիրոջ խոսքը փորձեց նրան։
20 Թագավորն ուղարկեց և արձակեց նրան. նրան, որ տիրում էր ժողովուրդներին, ազատեց։
21 Իր տան վրա նրան տեր նշանակեց և իշխան՝ իր ամբողջ ունեցվածքի վրա,
22 Որ իշխաններին կապի իր կամքի համաձայն և ծերերին դարձնի իմաստուն։
23 Իսրայելը եկավ Եգիպտոս, և Հակոբը պանդուխտ եղավ Քամի երկրում։
24 Տերը խիստ շատացրեց իր ժողովրդին և նրան իր թշնամիներից հզոր դարձրեց։
25 Փոխեց նրանց սրտերը, որ ատեն իր ժողովրդին, որ նենգություն անեն իր ծառաների դեմ։
26 Ուղարկեց իր ծառա Մովսեսին և իր ընտրյալին՝ Ահարոնին։
27 Նրանք ցույց տվեցին նրա նշանները նրանց մեջ և հրաշքները՝ Քամի երկրում։
28 Խավար ուղարկեց և խավարեցրեց, և չհակառակվեցին նրա խոսքին։
29 Նրանց ջրերը փոխեց արյան և սպանեց նրանց ձկներին։
30 Նրանց երկիրը գորտեր դուրս հանեց, մինչև իսկ թագավորի ներքին սենյակների մեջ։
31 Ասաց, և շնաճանճը եկավ, և մժեղներն էլ՝ նրանց բոլոր սահմանների մեջ։
32 Անձրևի փոխարեն կարկուտ տվեց նրանց, և կրակի բոց՝ նրանց երկրի մեջ։
33 Զարկեց նրանց որթատունկերն ու թզենիները և փշրեց նրանց սահմանների ծառերը։
34 Ասաց, և մորեխ ու թրթուր եկան, որոնց թիվ չկար,
35 Եվ նրանց երկրում կերան ամբողջ խոտը և նրանց արտերի պտուղը կերան։
36 Եվ հարվածեց նրանց երկրի բոլոր անդրանիկներին՝ նրանց զորության բոլոր առաջնեկներին։
37 Նրանց հանեց արծաթով և ոսկով, և նրանց ցեղերի մեջ տկար մարդ չկար։
38 Եգիպտոսն ուրախացավ նրանց դուրս գալու համար, որովհետև նրանց սարսափն ընկել էր իրենց վրա։
39 Ամպ տարածեց, որ հովանի լինի, և կրակ, որ գիշերը լույս տա։
40 Խնդրեցին, և նա լորամարգիներ բերեց ու երկնքի հացով կշտացրեց նրանց։
41 Վեմը պատռեց, և ջրեր բխեցին. գետեր հոսեցին անջուր տեղերում.
42 Որովհետև նա հիշեց իր սուրբ խոսքը և իր Աբրահամ ծառային։
43 Ցնծությամբ հանեց իր ժողովրդին և իր բանտարկյալներին՝ ուրախությամբ։
44 Հեթանոսների երկրներ տվեց նրանց, և ազգերի վաստակներ ժառանգեցին նրանք,
45 Որպեսզի նրա պատվիրանները պահեն և կատարեն նրա օրենքները։ Ալելուիա՜։