Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Psalms 104

:
Armenian - 2018
1 Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ. ո՜վ Տեր, իմ Աստվա՛ծ, դու շատ մեծ ես, գեղեցկություն և փառք ես հագել։
2 Լույսը հագնում ես հանդերձանքի պես, երկինքը տարածում ես վարագույրի պես։
3 Նա իր վերնատները շինում է ջրերի վրա, ամպերը կառք է դարձնում իր համար և գնում է քամու թևերի վրա։
4 Իր հրեշտակներին քամիներ է դարձնում, իր պաշտոնյաներին՝ այրող կրակ։
5 Նա հաստատեց երկիրն իր հիմքերի վրա, որպեսզի բնավ և հավիտյան չսասանվի տեղից։
6 Անդունդներով, ինչպես հանդերձանքով, ծածկեցիր նրան. ջրերը կանգնում են լեռների վրա։
7 Քո սաստելուց նրանք փախչում են, քո որոտի ձայնից հետ են գնում սարսափած։
8 Սարերը բարձրանում են, և ձորերը իջնում այնտեղ, ուր տեղ ես հաստատել նրանց համար։
9 Դու սահման դրիր, որ չանցնեն նրանից, հետ չդառնան, որ երկիրը ծածկեն։
10 Դու աղբյուրներ ես բխեցնում ձորերում. նրանք հոսում են լեռների միջով։
11 Նրանք խմելու ջուր են տալիս բոլոր վայրի գազաններին, և վայրի էշերը կոտրում են իրենց ծարավը։
12 Երկնքի թռչունները բնակվում են նրանց վրա և ձայն են տալիս ճյուղերի միջից։
13 Նա իր վերնատներից ջուր է խմեցնում լեռներին, քո գործերի պտուղներով կշտացնում ես երկիրը։
14 Խոտ է բուսցնում անասունների համար և բանջար՝ մարդու օգուտի համար, և հաց է հանում հողից։
15 Եվ գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը, յուղ, որ փայլեցնում է նրա երեսը, և հաց, որ հաստատում է մարդու սիրտը։
16 Կշտանում են Տիրոջ ծառերը՝ Լիբանանի մայրիները, որոնք նա տնկեց։
17 Թռչուններն այնտեղ բույն են դնում, արագիլը եղևնիների վրա շինում է իր տունը։
18 Բարձր սարերը ապավեն են վայրի այծերի համար, և վեմերը՝ ճագարների։
19 Նա ժամանակների համար ստեղծեց լուսինը. արեգակը ճանաչում է իր մայրամուտը։
20 Խավար ես դնում, և գիշեր է լինում. անտառի բոլոր գազանները ման են գալիս նրա մթնում։
21 Առյուծների կորյունները մռնչում են հափշտակելու համար և Աստծուց խնդրում են իրենց կերակուրը։
22 Երբ արեգակը դուրս է գալիս, հետ են քաշվում և պառկում իրենց որջերում։
23 Մարդը դուրս է գնում իր գործին և իր ծառայությանը՝ մինչև իրիկուն։
24 Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է քո ստեղծածներով։
25 Այս ծովը մեծ է ու լայն. անթիվ են այնտեղ լողացողները՝ փոքր կենդանիները մեծերի հետ։
26 Այնտեղ նավեր են գնում ու գալիս. դու ստեղծեցիր նաև լևիաթանը, որ խաղա նրա մեջ։
27 Սրանք ամենքն էլ սպասում են քեզ, որ ժամանակին կերակուր տաս իրենց։
28 Դու տալիս ես նրանց, և նրանք հավաքում են, դու բացում ես քո ձեռքը, և նրանք կշտանում են բարիքով։
29 Ծածկում ես քո երեսը, սարսափում են, առնում ես նրանց հոգին, մեռնում են և վերադառնում են իրենց հողը։
30 Հոգիդ ուղարկում ես, և ստեղծվում են նրանք, և դու նորոգում ես երկրի երեսը։
31 Տիրոջ փառքը թող հավիտյան լինի, և Տերն ուրախ լինի իր գործերով։
32 Նա նայում է երկրին, և դողում է այն. նա դիպչում է լեռներին, և նրանք ծխում են։
33 Ես Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում, քանի կամ, պիտի սաղմոս ասեմ իմ Աստծուն։
34 Քաղցր պիտի լինի իմ մտածությունը նրա մասին. ես ուրախ պիտի լինեմ Տիրոջով։
35 Մեղավորները պիտի պակասեն երկրից, և ամբարիշտներն էլ չպիտի լինեն. օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ անձ իմ։ Ալելուիա՜։