Psalms 106
1 Ալելուիա՜։ Գոհացե՛ք Տիրոջից, որ բարի է, որ հավիտյան է նրա ողորմությունը։
2 Ո՞վ պիտի պատմի Տիրոջ զորությունը, ո՞վ պիտի իմացնի նրա ամբողջ գովասանքը։
3 Երանի՜ իրավունքը պահողներին և ամեն ժամանակ արդարություն անողներին։
4 Հիշի՛ր ինձ, Տե՛ր, քո ժողովրդի նկատմամբ ունեցած հաճությանդ համեմատ, այցելի՛ր ինձ քո փրկությամբ։
5 Որ տեսնեմ քո ընտրյալների հաջողությունը, ուրախանամ քո ազգի ուրախությամբ, պարծենամ քո ժառանգությամբ։
6 Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ, անօրենություն արեցինք և ամբարշտություն գործեցինք։
7 Մեր հայրերը Եգիպտոսում չհասկացան քո հրաշքները, չհիշեցին քո մեծ ողորմությունը և քեզ հակառակվեցին ծովի մոտ՝ Կարմիր ծովի մոտ։
8 Բայց նա փրկեց նրանց իր անվան համար, որպեսզի հասկացնի իր զորությունը։
9 Սաստեց Կարմիր ծովին, և նա ցամաքեց, ու նրանց անցնել տվեց անդունդի միջով, ինչպես անապատով։
10 Նրանց փրկեց ատողի ձեռքից և թշնամու ձեռքից ազատեց նրանց։
11 Ջրերը ծածկեցին նրանց հալածողներին, և նրանցից ոչ մեկն էլ չմնաց։
12 Հավատացին նրա խոսքերին և օրհնեցին նրա օրհնությունը։
13 Բայց շուտով մոռացան նրա գործերը և չսպասեցին նրա խորհուրդներին։
14 Անապատի մեջ բորբոքվեցին ցանկությամբ և Աստծուն փորձեցին անջուր տեղում։
15 Նա իրենց ուզածը տվեց նրանց և ուժաթափություն ուղարկեց նրանց անձերին։
16 Նրանք նախանձով լցվեցին Մովսեսի դեմ բանակի մեջ և Տիրոջ սրբի՝ Ահարոնի դեմ։
17 Երկիրը բացվեց ու կուլ տվեց Դաթանին և Աբիրոնի ամբոխին ծածկեց։
18 Կրակ բորբոքվեց նրանց հավաքույթներում, և բոցն այրեց ամբարիշտներին։
19 Հորթ շինեցին Քորեբում և երկրպագեցին ձուլածո պատկերին։
20 Եվ իրենց փառքը փոխարինեցին խոտաճարակ հորթի նմանությամբ։
21 Մոռացան իրենց փրկիչ Աստծուն, որ մեծամեծ գործեր արեց Եգիպտոսում,
22 Հրաշքներ գործեց Քամի երկրում և ահավոր բաներ՝ Կարմիր ծովի վրա։
23 Եվ ասաց, որ պիտի սատկեցնի նրանց, բայց նրա ընտրյալ Մովսեսը կանգնեց նրա առջև՝ ետ դարձնելու նրա բարկությունը, որ չսատկեցնի։
24 Եվ նրանք անարգեցին այն ցանկալի երկիրը, չհավատացին նրա խոսքին։
25 Տրտնջացին իրենց վրանների մեջ, Տիրոջ ձայնին չհնազանդվեցին։
26 Եվ նա բարձրացրեց իր ձեռքը նրանց վրա, որ նրանց ցած գցի անապատի մեջ
27 Եվ նրանց սերունդը գցի հեթանոսների մեջ ու ցրի նրանց երկրներում։
28 Բայց նրանք կպան Բել-Փեգովրին և մեռածների զոհերը կերան
29 Ու Աստծուն բարկացրին իրենց գործերով, և ժանտամահը հասավ նրանց վրա։
30 Հետո Փենեհեսը վեր կացավ և դատաստան արեց, և մահը դադարեց։
31 Եվ սրա համար նա արդարացի համարվեց սերնդից մինչև սերունդ հավիտյան։
32 Մերիբայի ջրերի վրա բարկացրին նրան, և Մովսեսին չարիք հասավ նրանց պատճառով,
33 Որովհետև դառնացրին նրա հոգին, և նա մեղանչեց իր շրթունքներով։
34 Նրանք կորստյան չմատնեցին այն ազգերին, ինչպես Տերը հրամայել էր նրանց,
35 Այլ խառնվեցին հեթանոսների հետ և սովորեցին նրանց գործերը.
36 Ծառայեցին նրանց կուռքերին, որոնք էլ որոգայթ եղան իրենց համար։
37 Նրանք իրենց որդիներին և աղջիկներին մատաղ արեցին դևերին։
38 Եվ անմեղ արյուն թափեցին՝ իրենց որդիների և աղջիկների արյունը, որովհետև նրանց մատաղ արեցին Քանանի կուռքերին, և երկիրը պղծվեց արյամբ։
39 Իրենց գործերով պղծվեցին և իրենց արարքներով պոռնկություն գործեցին։
40 Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի վրա, և նա զզվեց իր ժառանգությունից։
41 Նրանց հեթանոսների ձեռքը մատնեց, և իրենց ատողները տիրեցին նրանց։
42 Իրենց թշնամիները նեղեցին նրանց, և իրենք խոնարհվեցին նրանց ձեռքի տակ։
43 Նա շատ անգամ փրկեց նրանց, բայց նրանք դառնացրին նրան իրենց խորհուրդներով և փչացան իրենց անօրենությունների պատճառով։
44 Նա նայեց նրանց նեղությանը, երբ լսեց նրանց աղաղակը։
45 Նրանց համար իր ուխտը հիշեց և զղջաց իր մեծ ողորմության համեմատ։
46 Եվ բոլոր նրանց առջև, որ գերի էին տարել իրենց, ողորմություն գտնել տվեց իրենց համար։
47 Փրկի՛ր մեզ, ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, և ժողովի՛ր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունից և պարծենանք քո օրհնությամբ։
48 Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտյանս հավիտենից. և ամբողջ ժողովուրդը թող ասի՝ ամեն։ Ալելուիա՜։