Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Malachi 1

:
Armenian - 2018
1 Մաղաքիայի միջոցով Տիրոջ պատգամը Իսրայելին։
2 «Ես ձեզ սիրել եմ,- ասում է Տերը,- իսկ դուք ասում եք. “Ինչո՞վ ես սիրել մեզ”։ Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր,- ասում է Տերը,- ես Հակոբին սիրեցի։
3 Իսկ Եսավին ատեցի և նրա սարերը ամայի դարձրի, իսկ նրա ժառանգությունը անապատի շնագայլերին տվեցի»։
4 Եթե Եդովմն ասի. «Մենք կործանվեցինք, բայց ավերակները պիտի վերակառուցենք»։ Զորքերի Տերն այսպես է ասում. «Նրանք կկառուցեն, իսկ ես կքանդեմ, և նրանց Անօրենության սահման կկոչեն և ժողովուրդ, որի դեմ Տերը հավիտյան զայրացած է։
5 Եվ ձեր աչքերը պիտի տեսնեն, և դուք պիտի ասեք. “Մեծ է Տերը Իսրայելի սահմանից անդին”»։
6 «Տղան մեծարում է իր հորը, իսկ ծառան՝ իր տիրոջը. եթե ես հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը, և եթե ես տեր եմ, ո՞ւր է իմ երկյուղը,- ձեզ է ասում Զորքերի Տերը, ո՛վ քահանաներ, որ իմ անունն անարգում եք և ասում եք. “Ինչո՞վ ենք անարգում քո անունը”։
7 Իմ զոհասեղանի վրա պիղծ հաց մատուցելով. և ասում եք. “Մենք ինչո՞վ ենք քեզ պղծում”. ձեր ասելով, թե՝ “Տիրոջ սեղանն անարգված է”։
8 Եվ երբ կույր անասունին եք մատուցում զոհելու համար, վատ չէ՞, կամ երբ կաղին ու հիվանդին եք մատուցում, վատ չէ՞. նրան քո կառավարչի՛ն մատուցիր, արդյոք քեզ կհավանի՞, քեզ կընդունի՞»,- ասում է Զորքերի Տերը։
9 «Եվ արդ, պաղատե՛ք Աստծու առաջ, որ մեզ ողորմի. սա ձեր ձեռքի արածն է. մի՞թե նա ձեզ կընդունի,- ասում է Զորքերի Տերը։-
10 Ձեզանում մեկը լիներ, որ փակեր դռները. որ դուք իմ զոհասեղանին իզուր կրակ չվառեիք. դուք ինձ չեք գոհացնում,- ասում է Զորքերի Տերը,- և ձեր ձեռքից ընծա չպիտի ընդունեմ։
11 Որովհետև արևելքից մինչև արևմուտք մեծ է իմ անունը ազգերի մեջ, և ամենուրեք իմ անվանը խունկ և մաքուր ընծա է մատուցվում, որովհետև ազգերի մեջ մեծ է իմ անունը,- ասում է Զորքերի Տերը։-
12 Բայց դուք այն պղծում եք, երբ ասում եք. “Տիրոջ սեղանը պղծված է, և նրա բերքը՝ ուտեստը, անարգ”։
13 Եվ ասում եք. “Սա ի՜նչ տաժանք է”, և քամահրում եք,- ասում է Զորքերի Տերը,- և գազաններից խլվածը, կաղը և հիվանդը բերում եք. սրանք եք բերում իբր ընծա. մի՞թե ձեր ձեռքերից ես կընդունեմ այն,- ասում է Տերը։-
14 Եվ թող անիծյալ լինի խաբեբայությամբ վարվողը, իր հոտի մեջ որձ ունենալով ուխտ է անում և արատավորն է զոհ մատուցում Տիրոջը. որովհետև ես մեծ թագավոր եմ,- ասում է Զորքերի Տերը,- և իմ անունն ահարկու է ազգերի մեջ»։