Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Zechariah 14

:
Armenian - 2018
1 Ահա մի օր է գալիս Տիրոջ համար, երբ քո ավարը պիտի բաժանվի քո մեջ։
2 Ես պատերազմի համար բոլոր ազգերին պիտի ժողովեմ Երուսաղեմի դեմ։ Եվ քաղաքը պիտի գրավվի, տները պիտի կողոպտվեն, կանայք լլկվեն, քաղաքի կեսը գերի պիտի գնա, բայց ժողովրդի մնացորդը քաղաքից չպիտի կտրվի։
3 Եվ Տերը պիտի դուրս գա և պատերազմի այն ազգերի դեմ, ինչպես կճակատամարտեր պատերազմի օրը։
4 Այդ օրը նրա ոտքերը կանգնած կլինեն Ձիթենյաց լեռան վրա, որ Երուսաղեմի դիմաց է դեպի արևելք։ Եվ Ձիթենյաց լեռը միջից կպատռվի դեպի արևելք և արևմուտք. խիստ մեծ հովիտ կլինի, և սարի կեսը կքաշվի դեպի հյուսիս, իսկ կեսը՝ դեպի հարավ։
5 Եվ դուք իմ լեռների ձորը կփախչեք, որովհետև լեռների ձորը մինչև Ասալ պիտի հասնի. և դուք պիտի փախչեք, ինչպես որ Հուդայի Ոզիա թագավորի ժամանակ փախաք երկրաշարժից։ Եվ իմ Տեր Աստվածը պիտի գա, բոլոր սրբերը քեզ հետ։
6 Եվ այդ օրը լույս չի լինի, ո՛չ ցուրտ և ո՛չ սառնամանիք։
7 Մի օր կլինի՝ Տիրոջը հայտնի, ո՛չ ցերեկ և ո՛չ գիշեր, և երեկոյան ժամանակ լույս կլինի։
8 Եվ այդ օրը կենդանի ջրեր կբխեն Երուսաղեմից. կեսը՝ դեպի արևելյան ծովը, իսկ կեսը՝ դեպի արևմտյան ծովը. լինի ամառ, թե ձմեռ։
9 Եվ Տերը Թագավոր կլինի ամբողջ երկրի վրա. այդ օրը Տերը մեկ կլինի, և նրա անունը՝ մեկ։
10 Ամբողջ երկիրը դաշտավայրի պես պիտի դառնա Գաբաայից մինչև Ռիմոն, Երուսաղեմի հարավային կողմը. և Երուսաղեմը պիտի բարձրանա ու իր տեղում մնա՝ Բենիամինի դարպասից մինչև Առաջին դարպասի տեղը, մինչև Անկյան դարպասը, և Անանայելի աշտարակից մինչև թագավորի հնձանները։
11 Եվ պիտի բնակվեն նրանում, այլևս նզովք չի լինի, և Երուսաղեմն ապահով պիտի բնակվի։
12 Եվ սա պիտի լինի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինը պիտի հալվի, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած են, նրանց աչքերը պիտի հալվեն իրենց խորշերում, և նրանց լեզուն պիտի հալվի իրենց բերանում։
13 Եվ այդ օրը նրանց մեջ Տիրոջից մեծ խռովություն պիտի լինի, և ամեն մարդ պիտի բռնի իր ընկերոջ ձեռքը, և նրա ձեռքը պիտի բարձրանա իր ընկերոջ ձեռքի դեմ։
14 Հուդան ևս պատերազմելու է Երուսաղեմի դեմ, և պիտի ժողովվեն շրջակա բոլոր ազգերի ունեցվածքը, ոսկի և արծաթ, հանդերձներ՝ մեծ առատությամբ։
15 Այս աղետի պես պիտի լինի ձիերի, ջորու, ուղտի և էշի ու բոլոր անասունների աղետը, որ կլինեն այն բանակների մեջ։
16 Եվ այն բոլոր ազգերից մնացածները, որոնք եկել էին Երուսաղեմի դեմ, ամեն տարի պիտի բարձրանան Թագավորին՝ Զորքերի Տիրոջը երկրպագելու և տաղավարների տոնը կատարելու։
17 Եվ երկրի ազգատոհմերից ով չբարձրանա Երուսաղեմ՝ Զորքերի Տիրոջը՝ Թագավորին երկրպագելու, նրանց վրա անձրև չի լինելու։
18 Եվ եթե Եգիպտոսի ազգատոհմը չելնի ու չգա, նրանց պիտի հասնի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի այն ազգերին, որոնք չգնացին, որպեսզի տոնեին տաղավարների տոնը։
19 Սա պիտի լինի Եգիպտոսի պատիժը և այն բոլոր ազգերի պատիժը, որոնք չգնացին տաղավարների տոնը տոնելու։
20 Այդ օրը ձիերի զանգակների վրա գրվելու է ՏԻՐՈՋ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ, և Տիրոջ տան կաթսաները սեղանի առջևի կոնքերի պես պիտի լինեն։
21 Եվ Երուսաղեմում ու Հուդայում ամեն կաթսա սուրբ պիտի լինի Զորքերի Տիրոջը, և բոլոր զոհ անողները պիտի գան, նրանցից վերցնեն ու նրանց մեջ եփեն, և այն օրը Զորքերի Տիրոջ տանն այլևս վաճառական չի լինելու։