Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Malachi 2

:
Armenian - 2018
1 «Արդ ձեզ համար է այս նախազգուշացումը, ո՛վ քահանաներ։
2 Եթե չլսեք և սրտանց իմ անունը չփառաբանեք,- ասում է Զորքերի Տերը,- այն ժամանակ ես ձեր վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունները։ Այո, ես արդեն անիծել եմ դրանք, քանի որ դուք սրտանց այդ չեք անում։
3 Ահա ես պիտի հանդիմանեմ ձեր սերունդը և ձեր երեսին շպրտեմ այն անասունների կղկղանքը, որոնց զոհաբերում եք տոներին, և ձեզ էլ պիտի նետեն կեղտանոցը։
4 Եվ դուք կիմանաք, որ ես եմ ձեզ ուղարկել այս նախազգուշացումը, որպեսզի իմ ուխտը Ղևիի հետ շարունակվի,- ասում է Զորքերի Տերը։-
5 Իմ ուխտը նրա հետ կյանքի և խաղաղության ուխտ էր, և ես դրանք տվեցի նրան, որ երկյուղի, և նա երկյուղեց ինձանից, և նա իմ անունից զարհուրում էր։
6 Ճշմարտության ուսուցում կար նրա բերանում, և նրա շրթունքներին անիրավություն չէր գտնվում. խաղաղությամբ և ուղղամտությամբ էր ընթանում ինձ հետ և շատերին դարձնում էր անօրենությունից։
7 Որովհետև քահանայի շուրթերը պետք է գիտությունը պահպանեն, և նրա բերանից մարդիկ ուսուցում պիտի փնտրեն, քանզի նա Զորքերի Տիրոջ պատգամաբերն է։
8 Բայց դուք խոտորել եք ճանապարհից, շատերին գայթակղեցրել եք ձեր ուսուցումով, դուք ապականել եք Ղևիի ուխտը,- ասում է Զորքերի Տերը։-
9 Ուստի ես ձեզ անարգված և նվաստացած եմ դարձրել ամբողջ ժողովրդի առաջ, քանի որ դուք չպահեցիք իմ ճանապարհները, այլ օրենքի մեջ աչառություն եք անում»։
10 Մի՞թե մեր ամենքի հայրը մեկը չէ, մի՞թե մեկ Աստված չի ստեղծել մեզ, ուրեմն ամեն մարդ ինչո՞ւ է անհավատարմություն անում իր եղբորը՝ եղծելով մեր հայրերի ուխտը։
11 Հուդան անհավատարմություն արեց, և Իսրայելի ու Երուսաղեմի մեջ գարշություն գործվեց. Հուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որը նա սիրում է, և ամուսին եղավ օտար աստծու դստերը։
12 Տերը բնաջնջելու է այն մարդուն, որ այս է անում, Հակոբի վրաններից արթունին և պատասխանողին և Զորքերի Տիրոջն ընծա մատուցողին։
13 Եվ երկրորդ՝ սա ևս անում եք. Տիրոջ զոհասեղանն արտասուքով եք ծածկում՝ լացով ու հեծեծանքով, այնպես որ նա այլևս ընծային չի նայում ու հաճությամբ չի ընդունում այն ձեր ձեռքից։
14 Բայց դուք ասում եք. «Ինչո՞ւ»։ Որովհետև Տերը վկա էր քո և քո երիտասարդության կնոջ միջև, որի նկատմամբ դու անհավատարիմ ես եղել, սակայն նա քո կենակիցն է և քո ուխտի կինը։
15 Մի՞թե Աստված նրանց մեկ չարեց. մարմնով և հոգով նրանն են։ Եվ ինչո՞ւ. աստվածավախ սերնդի համար։ Ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար, և երիտասարդությանդ կնոջ նկատմամբ անհավատարիմ մի՛ եղիր։
16 «Որովհետև ես ատում եմ ապահարզանը,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- բռնությամբ հանդերձը ծածկելը,- ասում է Զորքերի Տերը,- ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար և անհավատարիմ մի՛ եղեք»։
17 Դուք Տիրոջը հոգնեցրել եք ձեր խոսքերով, սակայն դուք ասում եք. «Ինչո՞վ ենք հոգնեցրել»։ Ձեր ասելով, թե՝ «Ամեն չարագործ հաճելի է Տիրոջ աչքին, և ինքը հավանություն է տալիս նրանց»։ Կամ թե՝ «Ո՞ւր է արդարության Աստվածը»։