Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 8

:
Armenian - 2018
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Ա՛ռ Ահարոնին ու նրա որդիներին իր հետ և զգեստները, օծության յուղը, մեղքի զոհի զվարակը, երկու խոյերը, բաղարջ հացի սակառը
3 և ամբողջ ժողովրդին հավաքի՛ր ժողովի վրանի մուտքի մոտ»։
4 Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն, և ժողովուրդը հավաքվեց ժողովի վրանի մուտքի մոտ։
5 Մովսեսն ասաց ժողովրդին. «Ահա թե ինչ պատվիրեց Տերը, որ արվի»։
6 Եվ Մովսեսը Ահարոնին ու նրա որդիներին մոտեցրեց և ջրով լվաց նրանց։
7 Եվ նրան հագցրեց շապիկը, նրա մեջքին կապեց գոտին, պատմուճանը հագցրեց նրան, դրա վրա դրեց եփուդը և եփուդի ժապավենով գոտևորեց նրան ու դրանով զգեստավորեց նրան։
8 Դրա վրա նա դրեց լանջապանակը և լանջապանակի մեջ դրեց Ուրիմն ու Թումիմը։
9 Նրա գլխին դրեց խույրը, խույրի վրա՝ առջևի կողմից՝ ոսկե թիթեղը, այսինքն՝ սուրբ պսակը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
10 Մովսեսն առավ օծության յուղը, օծեց վրանն ու դրա մեջ եղած ամեն բան և սրբագործեց դրանք։
11 Յուղից յոթ անգամ շաղ տվեց զոհասեղանի վրա, օծեց զոհասեղանն ու դրա ամբողջ սպասքը, ավազանն ու դրա պատվանդանը՝ դրանք սրբագործելու համար։
12 Նա օծության յուղից թափեց Ահարոնի գլխին, օծեց նրան, որպեսզի սրբագործի։
13 Մովսեսը մոտեցրեց Ահարոնի որդիներին, շապիկներ հագցրեց նրանց, նրանց մեջքներին գոտի կապեց, գլխաշորեր փաթաթեց նրանց գլուխներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
14 Մոտեցրեց մեղքի զոհի զվարակը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին մեղքի զոհի զվարակի գլխին,
15 և մորթեց այն։ Մովսեսն առավ արյունից և իր մատով շուրջանակի քսեց զոհասեղանի եղջյուրներին, սրբագործեց զոհասեղանը, իսկ արյունը թափեց զոհասեղանի պատվանդանին և սրբագործեց այն՝ դրա վրա քավություն անելու համար։
16 Մովսեսն առավ փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, լյարդի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց ճարպը և այրեց զոհասեղանի վրա։
17 Իսկ զվարակը, այսինքն՝ դրա մորթին, միսն ու նրա աղբը բանակատեղիից դուրս այրեց կրակով, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
18 Եվ մոտ բերեց ողջակեզի խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին։
19 Մովսեսը մորթեց այն և դրա արյունը շուրջանակի շաղ տվեց զոհասեղանի վրա։
20 Խոյը բաժանեց կտորների, այրեց գլուխը, կտորներն ու ճարպը։
21 Մովսեսը ջրով լվաց փորոտիքն ու ոտքերը և ամբողջ խոյն այրեց զոհասեղանի վրա։ Դա ողջակեզ էր՝ անուշահոտ զոհաբերություն Տիրոջը, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
22 Մոտ բերեց մյուս խոյը, այսինքն՝ ձեռք նվիրագործելու խոյը։ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին խոյի գլխին,
23 և մորթեց այն։ Մովսեսն առավ դրա արյունից և քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին և նրա աջ ոտքի բթամատին։
24 Եվ մոտեցրեց Ահարոնի որդիներին. Մովսեսն այդ արյունից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի բթամատերին և նրանց աջ ոտքերի բթամատերին, իսկ մնացած արյունը շուրջանակի շաղ տվեց զոհասեղանի վրա։
25 Առավ ճարպը, դմակը, փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, լյարդի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց ճարպը և աջ զիստը։
26 Եվ Տիրոջ առաջ դրված բաղարջ հացի սակառից վերցրեց մի բաղարջ շոթ, յուղով հունցված մի շոթ և մի լավաշ ու դրեց ճարպերի վրա և աջ զիստի վրա։
27 Նա այդ ամենը դրեց Ահարոնի ու նրա որդիների ձեռքերի վրա և դրանք երերացրեց նրանց՝ որպես երերացնելու զոհ Տիրոջ առաջ։
28 Ապա Մովսեսը, դրանք վերցնելով նրանց ձեռքերի վրայից, այրեց զոհասեղանի վրա դրված ողջակեզի վրա։ Դրանք նվիրագործելու համար անուշահոտ զոհաբերություն էին Տիրոջը։
29 Մովսեսն առավ կուրծքը և այն որպես երերացնելու զոհ երերացրեց Տիրոջ առաջ։ Դա նվիրագործելու խոյից Մովսեսի բաժինը եղավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
30 Մովսեսը, վերցնելով օծության յուղից և զոհասեղանի վրայի արյունից, շաղ տվեց Ահարոնի վրա ու նրա զգեստների վրա և նրա հետ՝ նրա որդիների ու նրանց զգեստների վրա։ Նա սրբագործեց Ահարոնին ու նրա զգեստները, նրա հետ՝ նրա որդիներին ու նրանց զգեստները։
31 Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփե՛ք ժողովի վրանի մուտքի մոտ և այնտեղ էլ կերե՛ք այն, նաև սակառի միջի հացերը, որ նվիրագործելու համար են, ինչպես պատվիրվեց ինձ՝ ասելով. “Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն դրանք”։
32 Իսկ մսից և հացից ավելացածն այրե՛ք կրակով։
33 Յոթ օր ժողովի վրանի մուտքից դուրս չգաք, մինչև չլրանան ձեր նվիրագործման օրերը, որովհետև յոթ օր է հարկավոր ձեր նվիրագործման համար։
34 Ինչպես որ արվեց այսօր, Տերը պատվիրել է այդպես անել ձեր քավության համար։
35 Ուրեմն յոթ օր՝ ցերեկ ու գիշեր, նստե՛ք ժողովի վրանի մուտքին և Տիրոջ հանձնարարությունը կատարե՛ք, որպեսզի չմեռնեք, որովհետև ինձ այդպես է պատվիրված»։
36 Ահարոնն ու նրա որդիները կատարեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։