Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 9

:
Armenian - 2018
1 Ութերորդ օրը Մովսեսը կանչեց Ահարոնին, նրա որդիներին և Իսրայելի ծերերին։
2 Նա ասաց Ահարոնին. «Վերցրո՛ւ մեղքի զոհաբերության համար արջառներից մի զվարակ և ողջակեզի համար մի խոյ, որ անարատ լինեն, և ներկայացրո՛ւ Տիրոջ առաջ։
3 Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ՝ ասելով. “Վերցրե՛ք մեղքի զոհաբերության համար այծերից մի նոխազ և ողջակեզի համար մի զվարակ և մեկ տարեկան մի գառ։ Թող անարատ լինեն։
4 Նաև մի արջառ և մի խոյ՝ զոհելու համար Տիրոջ առաջ իբրև խաղաղության զոհ, և յուղով հունցված հացի ընծա. որովհետև այսօր Տերը երևալու է ձեզ”»։
5 Նրանք առան Մովսեսի պատվիրածն ու բերեցին ժողովի վրանի առաջ, և ամբողջ ժողովուրդը մոտեցավ ու կանգնեց Տիրոջ առաջ։
6 Մովսեսն ասաց. «Ա՛յս է Տիրոջ պատվիրածը. կատարե՛ք այս, և Տիրոջ փառքը կերևա ձեզ»։
7 Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Մոտեցի՛ր զոհասեղանին և մատուցի՛ր քո մեղքի զոհն ու ողջակեզը և քավությո՛ւն արա քեզ համար և ժողովրդի համար։ Մատուցի՛ր նաև ժողովրդի զոհը և քավությո՛ւն արա նրանց համար, ինչպես պատվիրել է Տերը»։
8 Ահարոնը մոտեցավ զոհասեղանին և մորթեց իր համար եղած մեղքի զվարակը։
9 Ահարոնի որդիները արյունը բերեցին նրա մոտ. նա իր մատը թաթախեց արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թափեց զոհասեղանի պատվանդանին։
10 Բայց մեղքի զոհի ճարպը, երիկամները և լյարդի թաղանթը այրեց զոհասեղանի վրա, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
11 Իսկ միսն ու մորթին կրակով այրեց բանակատեղիից դուրս։
12 Եվ մորթեց ողջակեզը։ Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։
13 Նրանք ողջակեզը նրան ներկայացրին կտոր-կտոր արած, նաև գլուխը, և նա այրեց զոհասեղանի վրա։
14 Լվաց փորոտիքն ու ոտքերը և դրանք այրեց զոհասեղանի վրայի ողջակեզի վրա։
15 Մոտեցրեց ժողովրդի ընծան և առավ ժողովրդի համար մեղքի զոհի նոխազը, մորթեց այն և մեղքի զոհ արեց նախորդի նման։
16 Մոտեցրեց ողջակեզը և զոհաբերեց այն ըստ կանոնի։
17 Մոտեցրեց հացի ընծան, մի բուռ վերցրեց դրանից և այրեց զոհասեղանի վրա, բացի առավոտյան ողջակեզից։
18 Մորթեց ժողովրդի խաղաղության զոհի արջառն ու խոյը, և Ահարոնի որդիները արյունը ներկայացրին նրան, և նա շուրջանակի այն շաղ տվեց զոհասեղանի վրա։
19 Իսկ արջառից՝ ճարպը, խոյից՝ դմակն ու փորոտիքը ծածկող ճարպը, երիկամներն ու լյարդի թաղանթը,
20 և ճարպերը դրեցին կրծքերի վրա, և նա ճարպերն այրեց զոհասեղանի վրա։
21 Ահարոնը կրծքերն ու աջ զիստը երերացնելու զոհ մատուցեց Տիրոջ առաջ, ինչպես որ պատվիրել էր Մովսեսը։
22 Ահարոնն իր ձեռքերը բարձրացրեց ժողովրդի վրա, օրհնեց նրանց և մեղքի զոհը, ողջակեզը և խաղաղության զոհը մատուցելուց հետո ներքև իջավ։
23 Մովսեսն ու Ահարոնը մտան ժողովի վրանը և դուրս գալով՝ օրհնեցին ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։
24 Տիրոջ առջևից կրակ դուրս եկավ և այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը, և ամբողջ ժողովուրդը, տեսնելով այդ, աղաղակեց և ընկավ երեսի վրա։