Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 7

:
Armenian - 2018
1 «Այս է հանցանքի զոհի օրենքը. դա ամենասուրբ է։
2 Ողջակեզի մորթված տեղում պիտի մորթվի հանցանքի զոհը, և դրա արյունը շուրջանակի շաղ տան զոհասեղանի վրա։
3 Եվ մատուցի դրա ամբողջ ճարպը, այսինքն՝ դմակը և փորոտիքը ծածկող ճարպը,
4 երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի վրայի թաղանթը երիկամներով հանդերձ հանի։
5 Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա որպես այրված զոհաբերություն Տիրոջը. դա հանցանքի զոհ է։
6 Քահանաների բոլոր արու զավակները կարող են ուտել դրանից. սուրբ վայրում թող ուտեն. դա ամենասուրբ է։
7 Ինչպես մեղքի զոհն է, այնպես է նաև հանցանքի զոհը։ Դրանց օրենքը նույնն է։ Այն պատկանում է դրանով քավություն անող քահանային։
8 Որևէ մեկի ողջակեզը մատուցող քահանային թող պատկանի ողջակիզվող անասունի մորթը։
9 Հացի ամեն ընծա, որ եփվում է թոնրի մեջ, և ամենը, որ պատրաստվում է տապակի մեջ կամ կասկարայի վրա, պատկանում է այն մատուցող քահանային։
10 Հացի ամեն ընծա, յուղով հունցված լինի, թե չոր, հավասարապես թող պատկանի Ահարոնի բոլոր որդիներին։
11 Այս է Տիրոջը մատուցվելիք խաղաղության զոհի օրենքը.
12 եթե մեկն այն մատուցում է շնորհակալության համար, թող մատուցի շնորհակալության զոհի հետ. թող մատուցի յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ լավաշներ և ընտիր ալյուրից յուղով հունցված շոթեր։
13 Այս շոթերի հետ թող մատուցի թթխմորով հացի ընծա՝ շնորհակալության համար մատուցվող իր խաղաղության զոհի հետ։
14 Յուրաքանչյուր ընծայից մեկ հատ պիտի մատուցվի Տիրոջը՝ որպես բարձրացնելու ընծա. դա խաղաղության զոհի արյունը շաղ տվող քահանային թող պատկանի։
15 Շնորհակալության համար իր խաղաղության զոհի միսը պիտի ուտվի հենց մատուցվելու օրը։ Դրանից բան չպետք է մնա մինչև առավոտ։
16 Եթե մեկի զոհն ուխտի համար է կամ կամավոր զոհ է, թող ուտվի զոհի մատուցման օրը, իսկ մնացածը հետևյալ օրն ուտվի։
17 Զոհի մսից երրորդ օրը մնացածը պետք է այրվի կրակով։
18 Եթե իր խաղաղության զոհի մսից ուտվի երրորդ օրը, ընդունելի չի լինի. այն մատուցողին զոհ չի համարվի, դա պղծություն կլինի, և ով որ ուտի դրանից, իր անօրենությունը պիտի կրի։
19 Որևէ անմաքուր բանի կպած միսը չպետք է ուտվի, այլ պիտի այրվի կրակով։ Ամեն մաքուր մարդ կարող է այդ մսից ուտել։
20 Բայց այն մարդը, որ անմաքուր է, եթե Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից։
21 Ով որ դիպչի որևէ պիղծ բանի, դա լինի մարդու պղծության կամ պիղծ անասունի և կամ ամեն մի անմաքուր, պիղծ բանի, եթե Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից»։
22 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
23 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Բնավ չպիտի ուտեք արջառի, ոչխարի կամ այծի ճարպ։
24 Սատկած կամ հոշոտված անասունի ճարպը թող օգտագործվի որևէ բանի համար, բայց դրանից բնավ չպիտի ուտեք։
25 Որովհետև ով որ ուտի Տիրոջը զոհ մատուցված անասունի ճարպից, պիտի կորչի իր ժողովրդի միջից։
26 Ձեր ապրած բոլոր տեղերում արյուն բնավ չպիտի ուտեք, դա լինի թռչունի, թե անասունի։
27 Ամեն մարդ, որ որևէ տեսակի արյուն ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից”»։
28 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
29 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Ով որ իր խաղաղության զոհը մատուցի Տիրոջը, թող իր խաղաղության զոհից մաս ընծայի Տիրոջը։
30 Եվ իր ձեռքով թող բերի Տիրոջ կրակով այրվող զոհերը. զոհի ճարպը թող բերի կրծքի հետ միասին, որպեսզի կուրծքը երերացնելու ընծայի համար երերացվի Տիրոջ առաջ։
31 Քահանան ճարպը թող այրի զոհասեղանի վրա, բայց կուրծքը պատկանում է Ահարոնին ու նրա որդիներին։
32 Ձեր խաղաղության զոհերի աջ զիստը քահանային պիտի տաք որպես բարձրացնելու ընծա։
33 Ահարոնի որդիներից ով որ խաղաղության զոհի արյունն ու ճարպը մատուցի, աջ զիստը նրա բաժինը թող լինի։
34 Որովհետև Իսրայելի որդիներից ես վերցրի խաղաղության զոհերից երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը և դրանք հավիտենական մի կանոնով տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին Իսրայելի որդիներից”»։
35 Այս է Տիրոջը մատուցվող զոհերից Ահարոնին ու նրա որդիներին հասանելիք բաժինը նրանց քահանա օծվելու օրվանից,
36 որ Տերը պատվիրել է Իսրայելի որդիներից տալ նրանց՝ իրենց օծման օրվանից սկսած՝ որպես հավիտենական կանոն իրենց սերունդների մեջ։
37 Այս է ողջակեզի, հացի ընծայի, մեղքի զոհի, հանցանքի զոհի, նվիրաբերման և խաղաղության զոհի օրենքը,
38 որ Տերը պատվիրեց Մովսեսին Սինա լեռան վրա այն օրը, երբ նա Իսրայելի որդիներին պատվիրեց, որ իրենց զոհերը Տիրոջը մատուցեն Սինայի անապատում։