Leviticus 6
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Եթե մեկը մեղանչի և հանցանք գործի Տիրոջ դեմ՝ սուտ խոսելով իր մերձավորի ավանդի մասին կամ իրեն վստահված մի բանի կամ հափշտակված մի առարկայի մասին, կամ խարդախություն անի իր մերձավորի հանդեպ,
3 կամ կորած մի բան գտնի և ուրանա՝ սուտ երդում տալով, բոլոր այս բաներից մեկնումեկի մեջ, որ մարդ կարող է անել՝ մեղք գործելով դրանցով,
4 այն ժամանակ, քանի որ մեղանչել ու հանցանք է գործել, նա պետք է ետ տա հափշտակածը, որ հափշտակել է, կամ խարդախությամբ ձեռք բերածը, կամ իրեն հանձնված ավանդը, կամ կորած բանը, որ գտել է,
5 կամ որևէ բան, որի համար սուտ երդում էր արել. ամբողջությամբ պետք է հատուցի դա՝ դրան ավելացրած դրա մեկ հինգերորդ մասը, և վերադարձնի տիրոջը իր հանցանքի համար զոհաբերություն մատուցելու օրը։
6 Եվ իր հանցանքի զոհ մատուցի Տիրոջը, այսինքն՝ հոտերից քահանայի մոտ բերի անարատ մի խոյ՝ քո որոշած արժեքով, իբրև հանցանքի զոհ։
7 Քահանան քավություն անի նրան Տիրոջ առաջ, և թողություն կլինի նրան, ինչ բանի համար որ հանցանք էր գործել»։
8 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
9 «Պատվիրի՛ր Ահարոնին ու նրա որդիներին և ասա՛. “Այս է ողջակեզի օրենքը. ողջակեզը զոհասեղանի վրա գտնվող կրակի վրա պիտի մնա ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ, և զոհասեղանի վրա կրակը վառած պիտի մնա։
10 Քահանան կտավե պատմուճան պիտի հագնի և կտավե անդրավարտիք իր մարմնի վրա։ Նա զոհասեղանի վրայից պիտի վերցնի կրակից այրված ողջակեզի մոխիրը և դնի զոհասեղանի մոտ։
11 Նա իր զգեստները պիտի հանի ու հագնի ուրիշ զգեստներ և մոխիրը տանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։
12 Զոհասեղանի վրա կրակը միշտ վառած պիտի մնա, չպիտի հանգչի։ Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի, դրա վրա շարի ողջակեզը և դրա վրա այրի խաղաղության զոհերի ճարպը։
13 Կրակը միշտ վառած պիտի մնա զոհասեղանի վրա, չպիտի հանգչի։
14 Այս է հացի ընծայի օրենքը. Ահարոնի որդիները այն պիտի մատուցեն Տիրոջ առաջ, զոհասեղանի դիմաց։
15 Քահանան պիտի վերցնի մի լիքը բուռ հացի ընծայի ընտիր ալյուրից, դրա յուղից և հացի ընծայի վրա եղած ամբողջ կնդրուկը և նրա հիշատակի մասն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։
16 Եվ դրանից մնացածը պիտի ուտեն Ահարոնն ու նրա որդիները։ Այն պիտի ուտեն առանց թթխմորի, սուրբ վայրում. ժողովի վրանի սրահում պիտի ուտեն այն։
17 Թթխմորով չեփվի այն։ Դա իրենց համար բաժին տվեցի իմ այն զոհերից։ Դա մեղքի և հանցանքի զոհաբերությունների նման ամենասուրբ է։
18 Ահարոնի զավակների բոլոր արուները թող ուտեն դրանից։ Տիրոջ զոհաբերություններից սա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ։ Ով դիպչի դրանց, կսրբանա”»։
19 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
20 «Այս է Ահարոնի ու նրա որդիների զոհաբերությունը, որ նրանք պիտի մատուցեն Տիրոջը օծվելու օրը։ Մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր ամեն օր հացի ընծայի համար. կեսը՝ առավոտյան, իսկ մյուս կեսը՝ երեկոյան։
21 Տապակի մեջ յուղով պիտի պատրաստվի. այն պիտի բերես հունցված, եփված և կտորների բաժանված վիճակում ու մատուցես Տիրոջը իբրև անուշահոտ հացի ընծա։
22 Այն պիտի մատուցի նրա որդիներից նրա տեղը օծվող քահանան։ Սա հավիտենական կանոն է Տիրոջ համար. այն պիտի այրվի ամբողջովին։
23 Քահանայի ամեն հացի ընծան ամբողջովին պիտի այրվի, այն չպիտի ուտվի»։
24 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
25 «Խոսի՛ր Ահարոնի ու նրա որդիների հետ և ասա՛. “Այս է մեղքի զոհի օրենքը. ողջակեզի մորթված տեղում պիտի մորթվի մեղքի զոհը Տիրոջ առաջ։ Դա ամենասուրբ է։
26 Այն քահանան, որ մատուցում է մեղքի զոհը, նա պիտի ուտի այն։ Դա պիտի ուտվի սուրբ վայրում՝ ժողովի վրանի սրահում։
27 Ամեն ինչ, որ դիպչի դրա մսին, կսրբանա։ Եթե դրա արյունից ցայտի զգեստի վրա, այն ցայտված զգեստը պետք է լվացվի սուրբ վայրում։
28 Կավե այն ամանը, որի մեջ եռացել է այդ միսը, պետք է ջարդվի, իսկ եթե պղնձե ամանի մեջ է եռացել, ամանը պետք է շփվի և լվացվի ջրով։
29 Քահանաների բոլոր արու զավակները պիտի ուտեն դրանից. դա ամենասուրբ է։
30 Մեղքի ամեն զոհը, որի արյունից ժողովի վրան է բերվում քավություն անելու համար սուրբ վայրի մեջ, չպետք է ուտվի, այլ կրակով պետք է այրվի”»։