Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 24

:
Armenian - 2018
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ ծեծած մաքուր ձեթ բերեն քեզ մոտ լուսավորության համար, որպեսզի ճրագները միշտ վառ մնան։
3 Ժողովի վրանի մեջ՝ վկայության վարագույրից դուրս, միշտ Ահարոնը պատրաստի այն. երեկոյից մինչև առավոտ ճրագները միշտ վառ մնան Տիրոջ առաջ։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ։
4 Նա ճրագները միշտ մաքուր աշտանակի վրա պիտի պատրաստի Տիրոջ առաջ։
5 Ընտիր ալյուր կառնես և դրանից տասներկու շոթ կպատրաստես։ Ամեն մի շոթը երկու տասներորդական հիմեն պիտի լինի։
6 Դրանք երկու շարքով կդնես մաքուր սեղանի վրա Տիրոջ առաջ. յուրաքանչյուր շարքի վրա՝ վեց հատ։
7 Ամեն մի շարքի վրա կդնես մաքուր կնդրուկ, որպեսզի հացի վրա զոհի հիշատակ լինի Տիրոջ համար։
8 Ամեն շաբաթ օր նա միշտ պիտի պատրաստի դրանք և դնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից՝ իբրև հավիտենական ուխտ։
9 Դրանք պիտի լինեն Ահարոնինն ու նրա որդիներինը. նրանք այդ կուտեն սուրբ տեղում, որովհետև նրանց համար դա ամենասուրբ է Տիրոջ զոհերից հավիտենական կանոնով»։
10 Իսրայելացի մի կնոջ որդին, որի հայրը եգիպտացի էր, դուրս գալով իսրայելացիների մեջ, բանակատեղիում իսրայելացի կնոջ որդին կռվեց մի իսրայելացի մարդու հետ։
11 Իսրայելացի կնոջ որդին հայհոյեց Տիրոջ անվանը և անիծեց. նրան բերեցին Մովսեսի մոտ։ Նրա մոր անունը Սաղոմիթ էր. Դանի ցեղից Դաբրիի աղջիկը։
12 Նրան բանտարկեցին, մինչև որ Տիրոջ հրամանը հայտնվեր իրենց։
13 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
14 «Այդ հայհոյիչին դո՛ւրս հանիր բանակատեղիից, և նրանք, ովքեր լսել են նրա հայհոյանքը, իրենց ձեռքերը թող դնեն նրա գլխին, և ամբողջ ժողովուրդը քարկոծի նրան։
15 Կխոսես Իսրայելի որդիների հետ և կասես. “Ով որ անիծի իր Աստծուն, պիտի կրի իր մեղքի պատիժը։
16 Ով որ հայհոյի Տիրոջ անունը, անպատճառ պիտի մեռցվի։ Ամբողջ ժողովուրդը անպատճառ պիտի քարկոծի նրան. Տիրոջ անունը հայհոյողը՝ օտարական կամ տեղացի, պիտի մեռցվի։
17 Ով որ մարդ սպանի, անպատճառ մահվամբ պիտի մեռցվի։
18 Ով անասուն սպանի, պիտի հատուցի նույնի տեղ նույնը։
19 Եթե մի մարդ խեղություն պատճառի իր մերձավորին, ինչ որ նա արել է, նույնն էլ իրեն պետք է անեն.
20 ջարդվածքի դիմաց՝ ջարդվածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչպիսի խեղվածք որ նա այդ մարդուն պատճառել է, այդպես էլ պիտի լինի իրեն։
21 Անասուն սպանողը պիտի հատուցի այն, բայց մարդ սպանողը պիտի մեռցվի։
22 Օրենքը նույնը պետք է լինի ինչպես օտարականի, այնպես էլ տեղացու համար. որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
23 Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ. բանակատեղիից դուրս հանեցին այն մարդուն, որ անիծել էր, և քարկոծեցին նրան։ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։