Leviticus 23
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Տիրոջ տոներին, երբ դուք սուրբ ժողով պիտի անեք, իմ տոները սրանք են։
3 Վեց օր պետք է աշխատել, բայց յոթերորդ օրը հանգստյան շաբաթ է՝ սուրբ ժողով է. ոչ մի գործ չպիտի անեք. դա Տիրոջ համար շաբաթ է ձեր բոլոր բնակավայրերում։
4 Սրանք են Տիրոջ տոները, որ ըստ իրենց ժամանակի պիտի հռչակեք որպես սուրբ ժողովներ։
5 Առաջին ամսի տասնչորսերորդ օրը՝ երեկոյան դեմ, Տիրոջ համար Զատիկ է։
6 Նույն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջ համար Բաղարջակերաց տոնն է։ Յոթ օր բաղարջ պիտի ուտեք։
7 Առաջին օրը սուրբ ժողով լինի ձեզ համար. ոչ մի ծառայական գործ չանեք։
8 Յոթ օր զոհ կմատուցեք Տիրոջը։ Յոթերորդ օրը սուրբ ժողով լինի. ոչ մի ծառայական գործ չանեք”»։
9 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
10 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ կմտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և կհնձեք նրա հունձը, մի խուրձ՝ ձեր հնձի երախայրիքը, կբերեք քահանային։
11 Նա խուրձը երերացնելով կմատուցի Տիրոջ առաջ, որպեսզի այն ընդունելի լինի ձեզ համար։ Քահանան շաբաթին հաջորդող օրը երերացնելով կմատուցի այն։
12 Ձեր խուրձը մատուցելու օրը ողջակեզի համար մեկ տարեկան անարատ մի գառ կմատուցեք Տիրոջը։
13 Նրա հացի ընծան յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր լինի. դա անուշահոտ զոհաբերություն է Տիրոջ համար։ Նաև որպես հեղելու ընծա՝ մեկ քառորդ հիմեն գինի թող լինի։
14 Մինչև ձեր նվերը ձեր Աստծուն մատուցելու օրը չպիտի ուտեք ո՛չ հաց, ո՛չ էլ աղանձած կամ թարմ հասկեր։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։
15 Շաբաթ օրվա հաջորդ օրվանից, երբ դուք երերացնելու խուրձը կբերեք, հաշվե՛ք ամբողջ յոթ շաբաթ։
16 Մինչև յոթերորդ շաբաթվա հաջորդ օրը հաշվե՛ք հիսուն օր և նոր հացի նվե՛ր մատուցեք Տիրոջը։
17 Ձեր բնակավայրերից երկու հաց կբերեք երերացնելու զոհի համար։ Դրանք երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուրից լինեն և թթխմորով եփված։ Դա երախայրիք է Տիրոջ համար։
18 Այդ հացերի հետ Տիրոջը կմատուցեք մեկ տարեկան անարատ յոթ գառ, արջառներից՝ մեկ զվարակ և երկու խոյ, որպեսզի հացի ընծաների և հեղելու ընծաների հետ ողջակեզ՝ անուշահոտ զոհաբերություն լինեն Տիրոջ համար։
19 Կմատուցեք նաև այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ, և մեկ տարեկան երկու գառ՝ որպես խաղաղության զոհ։
20 Քահանան այդ զոհաբերությունները առաջին բերքից պատրաստված հացի և երկու գառների հետ երերացնելու զոհի համար պիտի մատուցի Տիրոջ առաջ։ Դրանք պիտի սուրբ լինեն Տիրոջ համար և պիտի պատկանեն քահանային։
21 Հենց այդ օրը դուք կհռչակեք տոնը, և սուրբ ժողով կլինի. ոչ մի ծառայական գործ չանեք։ Դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։
22 Երբ հնձեք ձեր երկրի հունձը, հնձելիս քո արտի մինչև եզերքը չհնձես և հնձի ժամանակ գետին ընկած հասկերը չհավաքես։ Դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
23 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
24 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստյան հանդիսավոր օր լինի. փող հնչեցնելով սուրբ ժողով լինի հիշատակի համար։
25 Ոչ մի ծառայական գործ չանեք, այլ զոհ կմատուցեք Տիրոջը”»։
26 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
27 «Նաև այդ յոթերորդ ամսի տասներորդ օրը քավության օր է. ձեզ համար սուրբ ժողով լինի։ Պիտի խոնարհեցնեք ձեր անձերը և զոհ մատուցեք Տիրոջը։
28 Այդ օրը ոչ մի գործ չանեք, որովհետև դա քավության օր է՝ ձեզ համար ձեր Տեր Աստծու առաջ քավություն անելու համար։
29 Իսկ ով որ չխոնարհվի այդ օրը, նա պիտի վերանա իր ժողովրդի միջից։
30 Եվ ով որ այդ օրը որևէ գործ անի, նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։
31 Ոչ մի գործ չպիտի անեք. դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում։
32 Դա հանգստյան շաբաթ կլինի ձեզ համար. ձեր անձերը պիտի խոնարհեցնեք։ Ամսի իններորդ օրվա երեկոյից մինչև հաջորդ երեկոն պիտի պահեք ձեր շաբաթը»։
33 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
34 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Այդ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը յոթ օր Տաղավարահարաց տոն է Տիրոջ համար։
35 Առաջին օրը սուրբ ժողով պիտի լինի. ոչ մի ծառայական գործ չպիտի անեք։
36 Յոթ օր զոհ կմատուցեք Տիրոջը. ութերորդ օրը սուրբ ժողով պիտի լինի ձեզ համար, և զոհ կմատուցեք Տիրոջը. դա տոնախմբության օր է. ոչ մի ծառայական գործ չանեք։
37 Սրանք են Տիրոջ տոները, որ դուք սուրբ ժողովներ պիտի հռչակեք, որպեսզի Տիրոջը մատուցեք զոհաբերություն, ողջակեզ, հացի ընծայի զոհ և հեղելու ընծաներ՝ յուրաքանչյուրն օրվա մեջ,
38 բացի Տիրոջ շաբաթներից, բացի ձեր ընծաներից, բացի ձեր բոլոր ուխտերից և բացի ձեր բոլոր կամավոր ընծաներից, որ պիտի տաք Տիրոջը։
39 Իսկ յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ դուք հավաքեք երկրի բերքը, Տիրոջ համար յոթ օր տոն պիտի կատարեք։ Առաջին օրը հանգստյան օր և ութերորդ օրը հանգստյան օրեր լինեն։
40 Առաջին օրը կառնեք գեղեցիկ ծառերի պտուղներ, արմավենու ճյուղեր, տերևախիտ ծառերի ճյուղեր, ձորամիջի ուռենիների ճյուղեր և յոթ օր կուրախանաք ձեր Տեր Աստծու առաջ։
41 Այս տոնը կատարե՛ք Տիրոջ համար տարվա մեջ յոթ օր. դա հավիտենական կանոն կլինի ձեր սերունդների մեջ. յոթերորդ ամսին կկատարեք այն։
42 Յոթ օր կբնակվեք վրանների մեջ. Իսրայելի բոլոր տեղաբնակները կբնակվեն տաղավարների մեջ,
43 որպեսզի ձեր սերունդներն իմանան, որ Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից հանելիս տաղավարների մեջ բնակեցրի նրանց. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
44 Եվ Մովսեսը Իսրայելի որդիներին հայտարարեց Տիրոջ տոների մասին։