Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 22

:
Armenian - 2018
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Խոսի՛ր Ահարոնի և նրա որդիների հետ, որ զգույշ լինեն Իսրայելի որդիների սրբությունների հանդեպ և իմ սուրբ անունը չպղծեն այն բաներով, որ ինձ համար սրբագործում են. ես եմ Տերը։
3 Ասա՛ նրանց. “Ձեր ամբողջ սերնդից և ձեր ազգերի մեջ ով որ իր անմաքրությունն իր վրա ունենալով մոտենա այն սուրբ բաներին, որ Իսրայելի որդիները սրբացնում են Տիրոջ համար, այդ անձը պիտի վերանա իմ առջևից. ես եմ Տերը։
4 Ահարոնի ցեղից ով որ բորոտ լինի կամ սերմնածորում ունենա, չպետք է ուտի այդ սուրբ բաներից, մինչև որ չմաքրվի, և ով որ դիպչի մեռելից պղծված որևէ բանի կամ դիպչի նրան, ով որ սերմնահոսություն է ունեցել,
5 կամ ով որ դիպչի որևէ սողունի, որից նա կարող է պղծվել, կամ մի մարդու, որ ինչ-որ անմաքրություն ունի, և որից նա կարող էր պղծվել,
6 սրանց դիպչող մարդն անմաքուր կլինի մինչև երեկո։ Նա սուրբ բաներից չպետք է ուտի, այլ իր մարմինը պետք է լվանա ջրով։
7 Արեգակի մայր մտնելուց հետո նա մաքուր կլինի և հետո թող ուտի սուրբ բաներից, որովհետև դա նրա սնունդն է։
8 Սատկածը կամ գազանից հոշոտվածը չուտի, որպեսզի չպղծվի դրանով. ես եմ Տերը։
9 Նրանք պետք է պահեն իմ հրահանգը, որպեսզի դրա համար մեղքի պատիժ չկրեն ու չմեռնեն նրա համար, որ պղծվել են. ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց։
10 Աշխարհականը չպետք է ուտի այդ սուրբ բանից։ Քահանայի հյուրը կամ վարձկանը չպետք է ուտի այդ սուրբ բանից։
11 Բայց քահանայի փողով գնված անձը և նրա տանը ծնվածը կարող են ուտել դրանից։ Նրանք կարող են ուտել նրա կերակուրից։
12 Եթե քահանայի աղջիկն ամուսնանա մի աշխարհականի հետ, ապա նա չի կարող ուտել սրբագործված սուրբ բաներից։
13 Բայց եթե քահանայի աղջիկն այրիանա կամ ամուսնալուծվի և զավակ չունենա ու վերադառնա իր հոր տունը, ապա նա, ինչպես իր աղջկության ժամանակ, կարող է ուտել իր հոր հացից։ Սակայն ոչ մի աշխարհական չպետք է ուտի դրանից։
14 Եթե մի մարդ սխալմամբ ուտի սրբություններից, դրա վրա պետք է ավելացնի մեկ հինգերորդ մասը և սուրբ բանը քահանային տա։
15 Եվ չպղծեն Իսրայելի որդիների կողմից Տիրոջը նվիրված սուրբ բաները։
16 Եվ իրենց վրա հանցանքի անօրենություն չբերեն՝ նրանց սուրբ բաներն ուտելով. որովհետև ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց”»։
17 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
18 «Խոսի՛ր, Ահարոնի և նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Իսրայելի տնից կամ Իսրայելում եղող օտարականներից ամեն մարդ, որ իր զոհաբերությունը մատուցում է իրենց որևիցե ուխտերից կատարման համար բերված նվեր և որևիցե կամավոր ընծաներից, որը մատուցում են Տիրոջը իբրև ողջակեզ,
19 որպեսզի ընդունելի լինի ձեզ համար, պիտի լինի արջառներից, ոչխարներից կամ այծերից՝ անարատ արու։
20 Ոչ մի արատավոր չպետք է մատուցեք, որովհետև դա ձեզ համար ընդունելի չի լինի։
21 Ով որ Տիրոջը որպես խաղաղության զոհ մատուցի արջառներից կամ ոչխարներից ուխտի կատարման համար կամ կամավոր ընծայի համար, պետք է լինի անարատ, որպեսզի ընդունելի լինի. այն ոչ մի արատ չպետք է ունենա։
22 Կույր, ջարդվածք ունեցող, վիրավորված, ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող՝ այդպիսիները չպիտի մատուցեք Տիրոջը. դրանցից ոչ էլ զոհաբերություն պիտի անեք զոհասեղանի վրա Տիրոջ համար։
23 Բայց ականջը կտրած կամ պոչատ արջառը կամ ոչխարը կարող ես մատուցել որպես կամավոր ընծա. սակայն դա ուխտի զոհի համար ընդունելի չէ։
24 Ամորձիները ջարդված, ճմլված, պոկված կամ կտրած կենդանի չմատուցեք Տիրոջը և ձեր երկրում այսպիսի բաներ չանեք։
25 Օտարականի ձեռքից էլ այդ բոլորից ձեր Աստծուն զոհ չմատուցեք, որովհետև դրանք խեղվածք և արատ ունեն. դրանք ընդունելի չեն ձեզ համար”»։
26 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
27 «Երբ մի զվարակ, մի ոչխար կամ մի այծ ծնվի, յոթ օր պետք է մնա իր մոր մոտ և ութերորդ օրն ու դրանից հետո Տիրոջը ընդունելի կլինի որպես զոհաբերության ընծա։
28 Կովը կամ ոչխարն իր ձագով մեկտեղ նույն օրը չմորթեք։
29 Երբ գոհության զոհ մատուցեք Տիրոջը, այնպե՛ս մատուցեք, որ ընդունելի լինի ձեզ համար։
30 Նույն օրը պիտի ուտվի. մինչև առավոտ ոչինչ չթողնեք դրանից. ես եմ Տերը։
31 Պահե՛ք իմ պատվիրանները և կատարե՛ք դրանք. ես եմ Տերը։
32 Իմ սուրբ անունը չպղծեք, որպեսզի ես սրբացվեմ Իսրայելի որդիների մեջ։ Ես եմ ձեզ սրբագործող Տերը,
33 որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի ձեր Աստվածը լինեմ. ես եմ Տերը»։