Leviticus 25
1 Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես պիտի տամ ձեզ, թող այդ երկիրը հանգստյան շաբաթ պահի Տիրոջ համար։
3 Վեց տարի կվարես քո արտը, վեց տարի կէտես քո այգին և կհավաքես դրա արդյունքը։
4 Բայց յոթերորդ տարին հանգստյան շաբաթ լինի երկրի համար, այսինքն՝ Տիրոջ համար շաբաթ։ Քո արտը չպիտի վարես, քո այգին չպիտի էտես,
5 քո հնձի արտի մեջ ինքնիրեն աճած բերքը չպիտի հնձես, քո չէտած այգու խաղողները չպիտի քաղես. հանգստյան տարի լինի այդ հողի համար։
6 Հանգստյան շաբաթվա՝ հողի արտադրած բերքը կերակուր լինի ձեզ համար՝ քեզ համար, քո ծառայի, քո աղախնի, քո վարձկանի, քեզ մոտ բնակվող օտարականի համար,
7 քո անասունների և քո երկրում գտնվող կենդանիների համար կերակուր լինի դրա ամբողջ արդյունքը”։
8 Քեզ համար կհաշվես տարիների յոթ շաբաթ, այսինքն՝ յոթ անգամ յոթ տարի, և տարիների այդ յոթ շաբաթների ժամանակը քառասունինը տարի պիտի լինի քեզ համար։
9 Յոթերորդ ամսի տասներորդ օրը փող կհնչեցնես. քավության օրը ձեր ամբողջ երկրում փող կհնչեցնեք։
10 Կսրբագործեք հիսուներորդ տարին և երկրում ազատություն կհայտարարեք նրա բոլոր բնակիչների համար։ Դա հոբելյան կլինի ձեզ համար. ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը, ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր ազգատոհմին։
11 Այս հիսուներորդ տարին հոբելյանական տարի կլինի ձեզ համար։ Ո՛չ ցանեք, ո՛չ էլ ինքնիրեն աճած բերքը հնձեք և չէտած այգու խաղողը չհավաքեք,
12 որովհետև հոբելյան է։ Այն սուրբ պիտի լինի ձեզ համար։ Կուտեք ձեր արտերի բերքը։
13 Այդ հոբելյանական տարում ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը։
14 Եթե քո մերձավորին որևէ բան վաճառես կամ քո հարևանից որևէ բան գնես, իրար անիրավություն չանեք։
15 Հոբելյանից հետո եղած տարիների հաշվով պիտի գնես քո մերձավորից. նա էլ բերքի տարիների հաշվով պիտի վաճառի քեզ։
16 Տարիների շատության համեմատ պիտի ավելացնես նրա գինը և տարիների քչության համեմատ պիտի պակասեցնես նրա գինը, որովհետև նա արդյունքի քանակով է վաճառում քեզ։
17 Անիրավություն չանեք միմյանց։ Վախեցի՛ր քո Աստծուց, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
18 Կկատարեք իմ կանոնները, կպահեք իմ օրենքները, կգործադրեք դրանք և ապահով կբնակվեք այդ երկրում։
19 Երկիրը կտա իր արդյունքը, կուտեք կշտանալու աստիճան և ապահով կբնակվեք այնտեղ։
20 Եթե ասեք, թե՝ “Ի՞նչ պիտի ուտենք յոթերորդ տարում, քանի որ չենք ցանելու և մեր բերքը չենք հավաքելու”,
21 ապա ես վեցերորդ տարում կտամ ձեզ իմ օրհնությունը, և հողը երեք տարվա արդյունք կտա։
22 Ութերորդ տարում կցանեք և հին բերքից կուտեք մինչև իններորդ տարին։ Մինչև նոր բերքի հասնելը կուտեք հինը։
23 Հողը չպետք է վաճառվի հավիտենապես, որովհետև երկիրը իմն է, իսկ դուք ինձ մոտ պանդուխտներ եք և հյուրեր։
24 Ձեր կալվածքը եղող ամբողջ երկրում հողի համար փրկագին պիտի տաք։
25 Եթե քո եղբայրն աղքատանա և վաճառի իր կալվածքի մի մասը, ապա նրա մոտիկ ազգականը թող գա նրա մոտ և փրկագնի իր եղբոր վաճառածը։
26 Եթե մի մարդ փրկագնող չունենա, և հետո երբ ինքը հարստանա և կարողանա այն փրկագնել,
27 ապա թող հաշվի վաճառքից հետո անցած տարիները, ավելորդը ետ տա այն մարդուն, որին վաճառել էր, և այն դարձյալ իր ստացվածքը կլինի։
28 Բայց եթե նա ի վիճակի չլինի փոխարժեքը տալու, ապա իր վաճառածը կմնա գնողի ձեռքում մինչև հոբելյան տարին։ Հոբելյան տարում նա կվերադառնա իր կալվածքը, իսկ գնողը դուրս կգա այնտեղից։
29 Եթե մեկը պարսպապատ քաղաքում գտնվող բնակելի մի տուն վաճառի, ապա նա կարող է այն հետ գնել վաճառքի օրվանից սկսած մինչև մեկ տարվա ընթացքում։ Դրա փրկագնումը պետք է լինի մեկ տարվա ընթացքում։
30 Իսկ եթե դա չփրկագնվի մինչև ամբողջ տարվա լրանալը, այն ժամանակ պարսպապատ քաղաքում գտնվող տունը մշտապես կմնա այն ծախու առնողին և նրա սերունդներին։ Այն ետ չի վերադարձվի հոբելյան տարում էլ։
31 Բայց պարսպապատ չեղող գյուղաքաղաքների տները պիտի համարվեն երկրի արտերի պես։ Դրանք կարող են փրկագնվել և հոբելյան տարում պետք է վերադարձվեն։
32 Իսկ ղևտացիների քաղաքներում գտնվող տները, որոնք նրանց կալվածքներն են այդ քաղաքներում, միշտ կարող են փրկագնվել ղևտացիների կողմից։
33 Եթե մեկը ղևտացիներից ծախու առնելու լինի, հոբելյան տարում նա դուրս պիտի գա այդ տնից և իր կալվածքը եղող քաղաքից, որովհետև ղևտացիների քաղաքների տները իրենց կալվածքներն են։
34 Բայց նրանց քաղաքների շուրջը գտնվող ագարակները չպիտի վաճառվեն, որովհետև դրանք նրանց հավիտենական կալվածքներն են։
35 Եթե քո եղբայրը աղքատանա, և նրա ձեռքը քեզ մոտ թուլանա, նրան պիտի օգնես իբրև օտարականի և պանդուխտի, որպեսզի քեզ մոտ ապրի։
36 Վաշխ ու տոկոս չպիտի վերցնես նրանից, այլ պիտի վախենաս քո Աստծուց, որ եղբայրդ քեզ մոտ ապրի։
37 Փողդ վաշխով չպիտի տաս նրան, կերակուրդ տոկոսով չտաս նրան։
38 Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի Քանանի երկիրը տամ ձեզ և լինեմ ձեր Աստվածը։
39 Եթե եղբայրդ քեզ մոտ աղքատանա և իրեն վաճառի քեզ, նրան չպիտի ծառայեցնես ստրուկի ծառայությամբ։
40 Նա վարձկանի կամ պանդուխտի պես կլինի քեզ մոտ և քեզ կծառայի մինչև հոբելյան տարին։
41 Այնուհետև թող դուրս գա քո մոտից իր որդիների հետ և վերադառնա իր ազգատոհմի մոտ և իր հայրերի կալվածքը վերադառնա.
42 որովհետև նրանք իմ ծառաներն են, որոնց ես հանեցի Եգիպտոսի երկրից։ Նրանք ստրուկների պես չվաճառվեն։
43 Խստությամբ չիշխես նրա վրա, այլ վախենաս քո Աստծուց։
44 Քո ծառան և քո աղախինը, որ պիտի ունենաս, ձեր շուրջը եղող ազգերից լինեն. ծառա և աղախին նրանցի՛ց գնեք։
45 Նաև կարող եք գնել ձեզ մոտ բնակվող օտարականների զավակներից և ձեզ մոտ եղող նրանց ընտանիքներից, որոնք ծնվել են ձեր երկրում։ Դրանք ձեր սեփականությունը կլինեն։
46 Ձեզանից հետո նրանց որպես ժառանգություն կթողնեք ձեր որդիներին և մշտապես կգործածեք իբրև ձեր ծառաները։ Իսկ ձեր եղբայրների՝ Իսրայելի որդիների մասին՝ խստությամբ չպիտի իշխեք միմյանց վրա։
47 Եթե քեզ մոտ եղող օտարականը կամ պանդուխտը հարստանա, իսկ նրա մոտ եկող քո եղբայրն աղքատանա և իրեն վաճառի քեզ մոտ պանդխտացած օտարականին կամ այդ օտարականի ընտանիքից որևէ ազգականի,
48 ապա վաճառվելուց հետո նա կարող է փրկագնվել։ Նրա եղբայրներից մեկնումեկը կարող է փրկագնել նրան։
49 Նրա հորեղբայրը, հորեղբոր որդին կամ իր ազգատոհմից նրա մոտիկ ազգականներից մեկը թող փրկագնի նրան. կամ եթե ինքը ի վիճակի լինի, փրկավճարով թող գնի ինքն իրեն։
50 Նա իր վաճառվելու տարվանից մինչև հոբելյան տարին թող հաշվի իրեն գնած մարդու հետ. փրկագինը թող հաշվվի ըստ տարիների քանակի. նրա ժամանակը վարձկանի ժամանակի պես հաշվվի։
51 Եթե դեռ շատ տարի կա, իր փրկագինը թող հատուցի այդ տարիներին իր անձի վաճառքի գնի համեմատ։
52 Իսկ եթե քիչ տարի է մնացել մինչև հոբելյան տարին, թող հաշվի նրա հետ և իր փրկագինը տա իր տարիների համեմատ։
53 Նա տարեկան վարձկանի պես պիտի համարվի նրա մոտ. խստությամբ չպիտի վարվի նրա հետ քո առաջ։
54 Իսկ եթե այս միջոցներով չփրկագնվի, ապա հոբելյան տարում նա ազատ պետք է արձակվի. ինքը և իր որդիներն իր հետ,
55 որովհետև Իսրայելի որդիներն իմ ծառաներն են. Եգիպտոսի երկրից իմ հանած ծառաներն են նրանք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։