Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Leviticus 19

:
Armenian - 2018
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի հետ և ասա՛ նրանց. “Սո՛ւրբ եղեք, քանզի սուրբ եմ ես՝ ձեր Տեր Աստվածը։
3 Ձեզանից ամեն մեկը պիտի ակնածի իր մորից ու իր հորից. և պահե՛ք իմ շաբաթ օրերը. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
4 Մի՛ դարձեք դեպի կուռքերը և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ շինեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
5 Եթե խաղաղության զոհ մատուցեք Տիրոջը, այնպե՛ս մատուցեք, որ ձեր զոհն ընդունելի լինի։
6 Զոհը պետք է ուտվի ձեր զոհ մատուցած օրը կամ հետևյալ օրը. իսկ երրորդ օրվա մնացածը կրակով պետք է այրվի։
7 Եթե դրանից երրորդ օրն ուտվի, այն պիղծ կլինի և ընդունելի չի լինի։
8 Ով ուտի դրանից, իր անօրենության պատիժը պիտի կրի, որովհետև Տիրոջը նվիրված սրբությունը պղծեց։ Այդ անձը պիտի վերանա իր ժողովրդի միջից։
9 Ձեր երկրում հունձ անելիս քո արտի մինչև եզերքը չհնձես և քո հնձից ընկած հասկերը չհավաքես։
10 Քո այգում ճռաքաղ չանես, այսինքն՝ քո այգու մեջ մնացած ողկույզները չքաղես. դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
11 Գողություն մի՛ արեք, սուտ մի՛ խոսեք, իրար մի՛ խաբեք։
12 Իմ անունով զուր տեղը երդում մի՛ արեք և ձեր Աստծու անունը մի՛ պղծեք. ես եմ Տերը։
13 Քո հարևանին մի՛ զրկիր և հափշտակություն մի՛ արա։ Քեզ համար վարձով աշխատողի օրական վարձը գիշերվանից մինչև հաջորդ առավոտ քեզ մոտ չմնա։
14 Խուլին մի՛ հայհոյիր, կույրի առջև ոչ մի արգելք մի՛ դիր, որ նա ընկնի, այլ վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։
15 Դատաստանի մեջ անիրավություն մի՛ արեք։ Աղքատին երեսպաշտություն մի՛ արա և մեծին մի՛ շողոքորթիր։ Քո մերձավորին արդարությա՛մբ դատիր։
16 Քո ժողովրդի մեջ չարախոսություն անելով ման չգաս։ Քո մերձավորի արյան վրա մի՛ հարձակվիր. ես եմ Տերը։
17 Քո եղբորը չատես քո սրտի մեջ։ Քո մերձավորին անպատճառ կհանդիմանես, որպեսզի նրա պատճառով մեղքի տակ չընկնես։
18 Վրեժխնդիր չլինես և քո ժողովրդի զավակների դեմ ոխ չպահես, այլ քո մերձավորին սիրի՛ր քո անձի պես. ես եմ Տերը։
19 Իմ կանոնները պահե՛ք. քո անասունի մի տեսակը մյուս տեսակի հետ զուգավորել չտաս. քո արտում տարբեր տեսակի սերմեր չցանես. երկու տարբեր նյութերից գործված այլախառն հագուստ չհագնես։
20 Եթե մեկը պառկելով զուգավորվի մի կնոջ հետ, որը ուրիշի հետ նշանված մի աղախին է և փրկագնված չէ, կամ նրան ազատություն չի տրված, ապա նրանք պիտի պատժվեն, բայց մահվան չպիտի դատապարտվեն, որովհետև կինն ազատ չէր։
21 Մարդն իր հանցանքի զոհը Տիրոջը պիտի բերի ժողովի վրանի մուտքի մոտ. մի խոյ՝ հանցանքի զոհի համար։
22 Քահանան Տիրոջ առաջ խոյի զոհաբերումով քավություն կանի նրան նրա գործած մեղքի համար, և նրա գործած մեղքը կներվի նրան։
23 Երբ մտնեք այդ երկիրը և ամեն տեսակ պտղատու ծառեր տնկեք, դրանց պտուղները անմաքո՛ւր դիտեք անթլփատության պես։ Երեք տարի ձեզ համար դրանք անթլփատություն կհամարվեն. դրանցից չպիտի ուտեք։
24 Չորրորդ տարում դրանց բոլոր պտուղները պիտի նվիրաբերվեն Տիրոջը փառավորելու համար։
25 Հինգերորդ տարում կուտեք դրանց պտուղները, որպեսզի իրենց արդյունքը ձեզ համար ավելացնեն. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
26 Միսը արյունով չուտեք։ Հմայություն և գուշակություն չանեք։
27 Ձեր գլուխների եզերքի մազերը կլոր չկտրեք և ոչ էլ ձեր մորուքի եզերքը կտրեք։
28 Ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք մահացած մեկի համար. և ձեր մարմնի վրա դաջվածքներ մի՛ արեք. ես եմ Տերը։
29 Մի՛ պղծիր քո աղջկան պոռնկացնելով, որպեսզի երկիրը պոռնկության մեջ չընկնի և երկիրը գարշությամբ չլցվի։
30 Իմ շաբաթները պահե՛ք և իմ սրբարանը հարգե՛ք. ես եմ Տերը։
31 Վհուկներին մի՛ հետևեք և հմայողներին մի՛ հարցրեք, որպեսզի նրանցով չպղծվեք. ե՛ս եմ Տերը՝ ձեր Աստվածը։
32 Ալեհեր մարդու առաջ վե՛ր կաց, ծերին պատվի՛ր և վախեցի՛ր քո Աստծուց. ես եմ Տերը։
33 Եթե մի օտարական ձեր երկրում, ձեզ մոտ պանդխտանալու լինի, չնեղեք նրան։
34 Ձեզ մոտ պանդխտության եկած օտարականը ձեր երկրի տեղաբնակի պես թող լինի ձեզ համար։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ օտարական էիք Եգիպտոսի երկրում. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
35 Դատաստանի մեջ անիրավություն չանեք, ոչ էլ կանգունաչափի մեջ, կշռելու մեջ և չափելու մեջ։
36 Ձեր կշեռքը ճիշտ, ձեր կշռաքարը ճիշտ, ձեր հացահատիկի չափամանը ճիշտ և ձեր հեղուկաչափը ճիշտ լինեն։ Ձեզ Եգիպտոսի երկրից հանող Տերը՝ ձեր Աստվածը, ես եմ։
37 Իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր օրենքները պահե՛ք և գործադրե՛ք դրանք. ես եմ Տերը”»։