Leviticus 18
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
3 Ձեր բնակած Եգիպտոս երկրի գործերի պես չանեք և չանեք Քանանի երկրի գործերի պես, ուր ձեզ պիտի տանեմ, և նրանց կանոնների համաձայն չընթանաք։
4 Կատարե՛ք իմ հրամանները և պահե՛ք իմ կանոնները, որպեսզի դրանցով առաջնորդվեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
5 Պահե՛ք իմ կանոններն ու իմ հրամանները. ով որ կատարի դրանք, կապրի դրանցով. ես եմ Տերը։
6 Ոչ ոք չմոտենա իր արյունակից հարազատին՝ նրա մերկությունը բանալու համար. ես եմ Տերը։
7 Քո հոր մերկությունը կամ քո մոր մերկությունը չբանաս. նա քո մայրն է, նրա մերկությունը չբանաս։
8 Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. դա քո հոր մերկությունն է։
9 Քո հոր աղջկա կամ քո մոր աղջկա՝ քո քրոջ մերկությունը, նա տանը ծնված լինի, թե դրսում, նրանց մերկությունը չբանաս։
10 Քո որդու աղջկա կամ աղջկադ աղջկա մերկությունը չբանաս, քանի որ նրանց մերկությունը քոնն է։
11 Քո հոր կնոջ աղջկա մերկությունը չբանաս. նա քո հորից ծնված քո քույրն է, նրա մերկությունը չբանաս։
12 Քո հոր կնոջ մերկությունը չբանաս. նա քո հոր արյունակիցն է։
13 Քո մոր քրոջ մերկությունը չբանաս, որովհետև նա քո մոր ազգականն է։
14 Քո հոր եղբոր մերկությունը չբանաս, նրա կնոջը չմերձենաս. նա քո հոր եղբոր կինն է։
15 Քո հարսի մերկությունը չբանաս. նա քո որդու կինն է, նրա մերկությունը չբանաս։
16 Քո եղբոր կնոջ մերկությունը չբանաս. նա քո եղբոր մերկությունն է։
17 Մի կնոջ և նրա աղջկա մերկությունը չբանաս։ Նրա որդու աղջիկը կամ նրա աղջկա աղջիկը քեզ կին չառնես՝ նրանց մերկությունը բանալու համար։ Նրանք նրա ազգականներն են. դա պղծություն է։
18 Կին չառնես իր քրոջ հետ նրա կենդանության ժամանակ՝ չվշտացնելով նրա մերկությունը բանալով։
19 Կնոջ չմերձենաս նրա անմաքրության՝ դաշտանի ժամանակ նրա մերկությունը բանալով։
20 Քո հարևանի կնոջ հետ չպառկես զուգավորության համար՝ նրա հետ պղծվելով։
21 Քո սերնդից ոչ մեկին Մողոքի համար կրակի միջով անցկացնելու չթողնես և քո Աստծու անունը չպղծես. ես եմ Տերը։
22 Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ. դա պղծություն է։
23 Ոչ մի անասունի հետ չզուգավորվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առաջ բնավ չկանգնի նրա հետ զուգավորվելու համար. դա գարշություն է։
24 Այս բաներից ոչ մեկով չպղծվեք, որովհետև այս բոլոր բաներով պղծվեցին այն ազգերը, որոնց ձեր առջևից պիտի քշեմ։
25 Այն երկիրը պղծվեց, և ես նրա անօրենությունը պիտի հատուցեմ նրան, և այն երկիրը պիտի փսխի իր բնակիչներին։
26 Իսկ դուք պահե՛ք իմ կանոններն ու իմ հրամանները և այս պղծություններից ոչ մեկը չանեք, ո՛չ երկրացին և ո՛չ էլ ձեր մեջ բնակվող օտարականը.
27 որովհետև ձեզնից առաջ այն երկրի մեջ եղած մարդիկ կատարեցին այս բոլոր պղծությունները, և երկիրը պղծվեց։
28 Որ այս երկիրը ձեզ էլ դուրս չփսխի, երբ դուք այն պղծեք, ինչպես որ փսխեց ձեզանից առաջ եղած այն ազգերին։
29 Որովհետև ամենքը, ով որ կատարի այս պղծություններից որևէ մեկը, այն կատարող անձերը կվերանան իրենց ժողովրդի միջից։
30 Պահե՛ք իմ հրամանները, որպեսզի չանեք ձեզանից առաջ գործված պիղծ սովորույթները և դրանցով չպղծվեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։