Leviticus 17
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Խոսի՛ր Ահարոնի, նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա՛ նրանց. “Տերն այս բաները պատվիրեց՝ ասելով.
3 "Իսրայելի տնից ով որ արջառ, ոչխար կամ այծ մորթի բանակատեղիում կամ բանակատեղիից դուրս մորթի
4 և չբերի ժողովի վրանի մուտքի մոտ՝ Տիրոջը զոհ մատուցելու համար Տիրոջ խորանի առաջ, այդ մարդը արյունապատ պիտի համարվի։ Նա արյուն է թափել, և այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից",
5 որպեսզի Իսրայելի որդիները այն զոհերը, որ դաշտում մորթում են, բերեն Տիրոջ առաջ, ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ և զոհաբերեն որպես խաղաղության զոհեր Տիրոջը։
6 Քահանան արյունը շաղ տա Տիրոջ զոհասեղանի վրա, ժողովի վրանի մուտքին և ճարպն այրի որպես անուշահոտություն Տիրոջ առաջ։
7 Նրանք իրենց զոհերն այլևս չզոհաբերեն դևերին, որոնց հետևից գնալով՝ պոռնկություն են անում։ Սա նրանց համար հավիտենական կանոն կլինի իրենց սերունդների մեջ”։
8 Նրանց կասես. “Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը ողջակեզ կամ զոհ մատուցելու լինի
9 և այն չբերի ժողովի վրանի մուտքի մոտ՝ Տիրոջը մատուցելու համար, այդ մարդը պիտի վերացվի իր ժողովրդի միջից։
10 Եթե Իսրայելի տնից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը ինչ-որ արյուն ուտի, իմ երեսն արյուն ուտող այդ մարդու վրա պիտի դարձնեմ և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից.
11 որովհետև մարմնի կենդանությունն իր արյան մեջ է։ Ես այն ձեզ տվեցի, որպեսզի զոհասեղանի վրա քավություն անեք ձեր անձերի համար, որովհետև արյունն է, որ քավություն է անում իր մեջ եղած հոգով”։
12 Դրա համար էլ Իսրայելի որդիներին ասացի. “Ձեզանից ոչ ոք արյուն չուտի, և ձեր մեջ բնակվող օտարականն էլ արյուն չուտի”։
13 Իսրայելի որդիներից կամ նրանց մեջ բնակվող օտարականներից մեկը եթե ուտելի որևէ անասուն կամ թռչուն որսա, թող թափի նրա արյունը և այն ծածկի հողով.
14 որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է իր հոգով։ Ուստի Իսրայելի որդիներին ասացի. “Ոչ մի մարմնի արյուն բնավ չուտեք”, որովհետև ամեն մարմնի կենդանությունն իր արյունն է. ով որ ուտի այն, պիտի կորչի։
15 Ով որ մեռած կամ գազանից հոշոտված միս ուտի, երկրացի լինի, թե օտարական, պիտի լվանա իր զգեստները, ինքն էլ լվացվի ջրով։ Նա անմաքուր կլինի մինչև երեկո, հետո մաքուր կլինի։
16 Բայց եթե չլվանա իր զգեստները և չլվանա իր մարմինը, այն ժամանակ նա կկրի իր անօրենությունը»։