Leviticus 20
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Իսրայելի որդիներին նաև կասես. “Եթե Իսրայելի որդիներից կամ Իսրայելում բնակվող օտարականներից մեկն իր զավակներից Մողոքին տա, անպատճառ պիտի մեռցվի։ Այդ երկրի ժողովուրդը կքարկոծի նրան։
3 Ես իմ երեսը պիտի դարձնեմ այդ մարդու վրա և նրան պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից, որովհետև նա իր զավակներից Մողոքին է տվել՝ իմ սրբարանը պղծելու և իմ սուրբ անունն անարգելու համար։
4 Եթե այդ երկրի ժողովուրդն իր աչքերը փակի իր զավակներից Մողոքին հանձնած մարդուց ու չսպանի նրան,
5 ապա ես իմ երեսը պիտի դարձնեմ այդ մարդու վրա և նրա ընտանիքի վրա և իր ժողովրդի միջից պիտի վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր նրանց, ովքեր Մողոքի հետ պոռնկություն անելու համար գնում են այդ մարդու ետևից։
6 Ես իմ երեսը պիտի դարձնեմ նաև այն մարդու դեմ, որ վհուկներին ու ոգեհմաներին է հետևում նրանց հետ պոռնկանալու համար, և այդ մարդուն պիտի վերացնեմ իր ժողովրդի միջից։
7 Ուրեմն սրբագործե՛ք ձեր անձերը և սո՛ւրբ եղեք, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
8 Պահե՛ք իմ կանոնները և կատարե՛ք դրանք. ես եմ Տերը, որ սրբագործում եմ ձեզ։
9 Ով որ իր հորը կամ իր մորն անիծի, նա անպատճառ պիտի մեռցվի. նա անիծել է իր հորը կամ մորը. նրա արյան մեղքն իր վրա կլինի։
10 Ով որ շնություն անի մի ուրիշ մարդու կնոջ հետ, իր ընկերոջ կնոջ հետ, շնություն անողն անպատճառ պիտի մեռցվի. թե՛ շնացող տղամարդը և թե՛ շնացած կինը։
11 Ով որ պառկի իր հոր կնոջ հետ, ուրեմն նա բացել է իր հոր մերկությունը. երկուսն էլ անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։
12 Եթե մի մարդ պառկի իր հարսի հետ, երկուսն էլ անպատճառ պիտի մեռցվեն. նրանք գարշություն են արել. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։
13 Եթե մի տղամարդ պառկի մի ուրիշ տղամարդու հետ, ինչպես պառկում են մի կնոջ հետ, երկուսն էլ պղծություն են արել. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։
14 Եթե մի մարդ առնի մի կին և նրա մորն էլ, դա անօրենություն է. կրակով պետք է այրվեն թե՛ նա և թե՛ նրանք, որպեսզի ձեր մեջ անօրենություն չլինի։
15 Եթե մի մարդ կենակցի անասունի հետ, անպատճառ պիտի մեռցվի, իսկ կենդանուն սպանե՛ք։
16 Եթե մի կին զուգավորվելու համար որևէ անասունի մերձենա, պիտի սպանես կնոջն էլ, անասունին էլ. նրանք անպատճառ պիտի մեռցվեն. իրենց մահվան համար իրենք են մեղավոր։
17 Եթե մի տղամարդ ամուսնանա իր քրոջ հետ, այսինքն՝ իր հոր աղջկա կամ իր մոր աղջկա հետ և տեսնի նրա մերկությունը, և աղջիկն էլ տեսնի նրա մերկությունը, դա անպատվություն է։ Նրանք պիտի կորչեն իրենց ժողովրդի աչքի առջևից. նա իր քրոջ մերկությունն է բացել. պիտի կրի իր անօրենության պատիժը։
18 Եթե մի մարդ պառկի դաշտանի շրջանում գտնվող մի կնոջ հետ և բանա նրա մերկությունը, ուրեմն նա բացել է նրա արյան աղբյուրը, և կինն էլ բացել է իր արյան աղբյուրը. երկուսն էլ պիտի վերանան իրենց ժողովրդի միջից։
19 Քո մորաքրոջ կամ հորաքրոջ մերկությունը չբանաս, որովհետև նա իր ազգականի մերկությունն է բացում. նրանք պիտի կրեն իրենց անօրենության պատիժը։
20 Եթե մի մարդ պառկի իր հորեղբոր կնոջ հետ, նա բացած է լինում իր հորեղբոր մերկությունը. նրանք պիտի կրեն իրենց մեղքի պատիժը և մեռնեն անզավակ։
21 Եթե մի մարդ վերցնի իր եղբոր կնոջը, դա պղծություն է։ Նա բացած է լինում իր եղբոր մերկությունը. նրանք անզավակ պիտի լինեն։
22 Պահե՛ք իմ բոլոր կանոններն ու իմ բոլոր հրամանները և կատարե՛ք դրանք, որպեսզի այն երկիրը, ուր տանելու եմ ձեզ՝ այնտեղ բնակվելու, ձեզ դուրս չփսխի։
23 Մի՛ հետևեք այն ազգերի սովորույթներին, որոնց պիտի քշեմ ձեր առջևից, որովհետև նրանք արեցին այս բոլոր բաները, և ես զզվեցի նրանցից։
24 Եվ ասացի ձեզ. "Դո՛ւք պիտի ժառանգեք նրանց երկիրը. ես այն ձե՛զ պիտի տամ որպես ստացվածք. մի երկիր, ուր կաթ և մեղր է բխում"։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ առանձնացրի ազգերից։
25 Ուստի տարբերությո՛ւն դրեք մաքուր և անմաքուր անասունների, մաքուր և անմաքուր թռչունների միջև ու ձեզ մի՛ պղծեք այն անասուններով, թռչուններով և գետնի վրա եղած բոլոր սողուններով, որոնց ես առանձնացրի ձեզ համար իբրև անմաքուր։
26 Դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես՝ Տերը, սուրբ եմ և ձեզ առանձնացրի ազգերից, որպեսզի իմը լինեք։
27 Տղամարդ թե կին, եթե նա վհուկ կամ ոգեհմա է, անպատճառ պիտի մեռցվի. պիտի քարկոծեն նրանց։ Նրանց արյան մեղքն իրենց վրա լինի”»։