Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Job 38

:
Armenian - 2018
1 Այն ժամանակ Տերը փոթորկի միջից պատասխանեց Հոբին և ասաց.
2 «Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքերով։
3 Տղամարդու պես մեջքդ գոտևորի՛ր, ու ես քեզ հարցնեմ, և դու ինձ գիտցածդ իմացրո՛ւ։
4 Երբ ես դնում էի երկրի հիմքերը, որտե՞ղ էիր. իմացրո՛ւ ինձ, եթե հասկացողություն ունես։
5 Եթե գիտես, ասա՛՝ ո՞վ դրեց դրա չափերը, կամ թե դրա վրա լարը ո՞վ քաշեց։
6 Դրա հիմքերն ինչի՞ վրա են դրված, կամ դրա անկյունաքարն ո՞վ է դրել,
7 Երբ առավոտյան աստղերը միասին ցնծությամբ երգում էին, ու երբ Աստծու բոլոր որդիները ուրախությամբ աղաղակում էին։
8 Ծովը դռներով ո՞վ կապեց, երբ սա հորդահոսելով արգանդից դուրս եկավ։
9 Երբ ես ամպը նրա համար հագուստ դրեցի և մեգը՝ խանձարուր,
10 Իմ սահմանը նրա համար հաստատեցի և փականք ու դռներ դրեցի
11 Եվ ասացի. “Մինչև այստեղ գաս և էլ չանցնես. այստեղ քո փառահեղ ալիքները դադար կառնեն”։
12 Քո օրերում երբևէ մի առավոտի հրամայե՞լ ես, արշալույսին իր տեղը ցույց տվե՞լ ես,
13 Որ երկրի ծայրերը բռնի, և ամբարիշտները նրանից թոթափվեն։
14 Որ երկիրը ձև առնի, ինչպես կնիքի կավը, և ներկայանա որպես հանդերձով զարդարված.
15 Ամբարիշտներից իրենց լույսը վերցվի, ու բարձր բազուկը կոտրվի։
16 Արդյոք մինչև ծովի աղբյուրները գնացե՞լ ես և անդունդի խորքում ման եկե՞լ ես։
17 Արդյոք քո առաջ մահվան դռները բացվե՞լ են, ու մահվան ստվերում դռները տեսե՞լ ես։
18 Արդյոք երկրի լայնություններն ըմբռնե՞լ ես. ասա՛, եթե ամեն բան գիտես։
19 Ո՞րն է այն տեղի ճանապարհը, որտեղ լույսն է բնակվում, և ո՞րն է խավարի տեղը,
20 Որ դու այն իր սահմանը տանես և նրա տան շավիղները իմանաս։
21 Դու գիտես, որովհետև այն ժամանակ ծնվեցիր, և քո օրերի թիվը մեծ է։
22 Արդյոք ձյան շտեմարանները գնացե՞լ ես և կարկուտի շտեմարանները տեսե՞լ ես,
23 Որ ես նեղության ժամանակի համար եմ պահել, կռվի և պատերազմի օրվա համար։
24 Այն ո՞ր ճանապարհն է, որով փայլակը բաժանվում է, երկրի վրա տարածվում է արևելյան քամին։
25 Ո՞վ է հեղեղների համար անցք բաց անում ու ճանապարհ՝ որոտումների փայլակի համար,
26 Որ անմարդաբնակ երկրի վրա անձրև գա, անապատում, որտեղ մարդ չկա,
27 Որ ամայի և ամայացված վայրերը կշտացնի և որ դալար խոտ բուսցնի։
28 Անձրևը հայր ունի՞ արդյոք, կամ ո՞վ է ցողի կաթիլները ծնողը։
29 Ո՞ւմ արգանդից է սառույցը դուրս գալիս, ու երկնքի եղյամը ծնողն ո՞վ է։
30 Ջրերը քարի պես պնդանում են, և անդունդի երեսը սառչում է։
31 Կարո՞ղ ես Բազմաստեղի կապերը կապել կամ Հայկի կապերը բաց անել։
32 Համաստեղություններն իրենց ժամանակին կհանե՞ս և Արջն իր զավակների հետ կառաջնորդե՞ս։
33 Երկնքի կանոնները գիտե՞ս կամ երկրի վրա նրա իշխանությունը կարո՞ղ ես հաստատել։
34 Ձայնդ մինչև ամպերը կարո՞ղ ես բարձրացնել, որ մի ջրհեղեղ քեզ ծածկի,
35 Կայծակներ ուղարկել, որ գնան ու քեզ ասեն. “Ահա այստեղ ենք”։
36 Մարդու ներսում ո՞վ իմաստություն դրեց, կամ սրտին ո՞վ խելք տվեց։
37 Ամպերն ո՞վ է իմաստությամբ հաշվում, և երկնքի տիկերն ո՞վ է պառկեցնում,
38 Երբ փոշին անձրևից զանգված է դառնում, ու հողի կոշտերն իրար են կպչում։
39 Կարո՞ղ ես առյուծի համար որս որսալ և կորյունների ախորժակը հագեցնել,
40 Երբ դրանք այրերում կուչ են գալիս և թավուտներում դարան նստում։
41 Ագռավի համար նրա որսն ո՞վ է պատրաստում, երբ նրա ձագերն առ Աստված են աղաղակում և կերի պակասի պատճառով թափառում»։