Job 33
1 «Սակայն լսի՛ր իմ խոսքը, ո՛վ Հոբ, և իմ բոլոր ասածներին ակա՛նջ դիր։
2 Ահա հիմա բերանս բաց եմ արել. թող լեզուս իմ բերանում խոսի։
3 Խոսքերս սրտիս ուղղությամբ են, և շրթունքներս պարկեշտությամբ պիտի խոսեն, ինչ որ գիտեմ։
4 Աստծու Հոգին է ինձ ստեղծել, և Ամենակարողի շունչը՝ ինձ կյանք տվել։
5 Եթե կարող ես, ինձ պատասխա՛ն տուր, պատրաստվի՛ր, առա՛ջս կանգնիր։
6 Ահա ես, ասածիդ պես, Աստծու համար եմ. ես էլ եմ կավից կազմված։
7 Ահա իմ երկյուղը թող քեզ չզարհուրեցնի, և իմ ճնշումը թող քեզ վրա չծանրանա։
8 Արդարև ականջիս ասել ես, ու ես խոսքերի ձայնը լսեցի.
9 Դու ասում ես. “Մաքուր եմ ես, մեղքից զերծ, անարատ եմ ես, հանցանք չունեմ։
10 Ահա Աստված իմ դեմ դժգոհության պատճառներ է գտնում, ինձ իրեն թշնամի է համարում։
11 Ոտքերս կոճղի մեջ է դնում, բոլոր շավիղներս դիտում է”։
12 Ահա դու այս բանում արդար չես. ես քեզ պատասխանեմ, որովհետև Աստված մարդուց մեծ է։
13 Ինչո՞ւ ես վիճում նրա հետ, ով իր բոլոր արարքների համար պատասխան չի տա։
14 Սակայն Աստված կրկին ու կրկին կխոսի, բայց մարդս ուշադրություն չի դարձնում.
15 Երազում, գիշերվա տեսիլքում, մարդկանց վրա խոր քուն իջնելիս, անկողնում քնելիս։
16 Այն ժամանակ նա մարդկանց ականջը բացում է և նրանց խրատով զգուշացնում է,
17 Որ մարդուն վատ գործից հեռացնի և հպարտությունից պահի,
18 Որ պահպանի նրա հոգին գերեզմանից, նրա կյանքը՝ սրից կործանվելուց։
19 Մարդը իր անկողնուն պատժվում է ցավով, ու նրա ոսկորների ցավը սաստիկ է լինում։
20 Նրա կյանքը հացից զզվում է, ու նրա հոգին՝ ցանկալի ուտելիքից։
21 Նրա մարմնի միսն այնպես է հալվում, որ էլ չի երևում. դուրս են ցցվում նրա ոսկորները, որ առաջ չէին երևում։
22 Նրա անձը կորստյան է մոտենում, ու նրա կյանքը՝ մահ բերողներին։
23 Եթե նրա համար մի միջնորդող հրեշտակ կա, հազարից մեկը, որ մարդուն նրա ուղղությունն իմացնի,
24 Այն ժամանակ ողորմում է նրան և ասում. “Գերեզման իջնելուց ազատի՛ր նրան. ես քավություն եմ գտել”։
25 Այն ժամանակ նրա մարմինը երեխայի մսից փափուկ կլինի. նա ետ կդառնա դեպի իր մանկության օրերը։
26 Աստծուն կաղոթի, և Աստված կընդունի նրան։ Նրա երեսն ուրախությամբ կտեսնի։ Աստված մարդուն հատուցում է նրա արդարության համեմատ։
27 Նա մարդկանց վրա նայում է, ու եթե նա ասի՝ “Մեղք գործեցի, ուղիղը ծռեցի, իսկ նա ինձ հատուցում չտվեց.
28 Նա իմ հոգին գերեզման իջնելուց ազատել է, որ իմ կյանքը լույսը տեսնի”,
29 Ահա այս ամենն Աստված մարդու հետ երկու և երեք անգամ է կատարում,
30 Որպեսզի նրա հոգին գերեզմանից կյանքի լույսով լույսի մեջ ետ դարձնի։
31 Ակա՛նջ դիր, Հո՛բ, լսի՛ր ինձ, լո՛ւռ կաց, ու թող ես խոսեմ։
32 Եթե խոսք ունես, պատասխանի՛ր ինձ, ասա՛, որովհետև ուզում եմ քեզ արդարացնել։
33 Եթե չունես, ի՛նձ լսիր, լռի՛ր, ու թող ես քեզ իմաստություն սովորեցնեմ»։