Job 32
1 Այս երեք մարդիկ Հոբին պատասխան տալուց դադարեցին, որովհետև նա իր աչքին արդար էր։
2 Բայց Ռամի տոհմից բուզացի Բարաքիելի որդի Եղիուսի բարկությունը բորբոքվեց։ Նրա բարկությունը Հոբի վրա բորբոքվեց, որովհետև իրեն Աստծուց ավելի էր արդարացնում։
3 Եվ նրա բարկությունն իր երեք ընկերների դեմ էլ բորբոքվեց նրա համար, որ պատասխան չգտան, թեև Հոբին հանցավոր էին հանում։
4 Եղիուսը Հոբի խոսելուն էր սպասել, որովհետև նրանք տարիքով իրենից մեծ էին։
5 Բայց երբ Եղիուսը տեսավ, որ այն երեք մարդկանց բերանում պատասխան չկար, այն ժամանակ նրա բարկությունը բորբոքվեց։
6 Եվ բուզացի Բարաքիելի որդի Եղիուսն ասաց. «Ես տարիքով փոքր եմ, իսկ դուք ալևորներ եք։ Դրա համար ես ետ կանգնեցի և իմ գիտեցածը ձեզ հայտնելուց վախեցա։
7 Ասացի՝ թող տարեցները խոսեն. տարիների շատությունն իմաստություն կսովորեցնի։
8 Բայց մարդուս մեջ եղածը հոգին է, և Ամենակարողի շունչն է նրան հասկացողություն տալիս։
9 Միայն մեծերը չեն իմաստունը, և միայն ծերերը չեն դատաստան հասկացողը։
10 Դրա համար ասացի՝ ինձ լսի՛ր, որ իմացածս ես էլ պատմեմ։
11 Ահա ես ձեր խոսքերին եմ սպասել, ձեր հասկացողությանն ականջ դրել, մինչ դուք փնտրում էիք, թե ինչ ասեք։
12 Երբ ուշադրությամբ ձեզ էի լսում, ահա ձեր մեջ Հոբին հանդիմանող չկար, որ նրա ասածներին պատասխաներ։
13 Միայն թե չասեք՝ “Իմաստություն գտանք. Աստվա՛ծ կարող է հաղթել նրան, ոչ թե մարդը”։
14 Նա իր խոսքերն իմ դեմ չշարեց. ես էլ ձեր խոսքերով չեմ իրեն պատասխանելու»։
15 Նրանք ապշեցին, այլևս չպատասխանեցին. խոսքերը նրանցից հեռացան։
16 «Ես սպասեցի, մինչև որ այլևս չէին խոսում. կանգնել էին ու չէին պատասխանում։
17 Ես էլ իմ բաժինն եմ խոսելու, իմ գիտեցածը ես էլ եմ ասելու։
18 Որովհետև խոսքերով լեցուն եմ. իմ ներսի հոգին ինձ հարկադրում է։
19 Ահա որովայնս չբացված գինու է նման, նոր տիկերի պես, որ պատռվելու վրա են։
20 Ասեմ, որ հանգստանամ, շրթունքներս բաց անեմ ու պատասխանեմ։
21 Ոչ ոքի երեսպաշտություն չանեմ, ոչ մեկի չշողոքորթեմ։
22 Որովհետև ես շողոքորթել չգիտեմ. իմ Արարիչն ինձ շուտով կվերացներ»։