Job 34
1 Եղիուսը պատասխանեց.
2 «Իմ խո՛սքը լսեցեք, ո՛վ իմաստուններ, և ո՛վ գիտուններ, ակա՛նջ դրեք ինձ։
3 Որովհետև խոսքերն ականջը կքննի, ինչպես կերակրի համը քիմքը կառնի։
4 Մեզ համար իրավունք ընտրենք. մեր ներսում իմանանք, թե ի՛նչն է բարի։
5 Որովհետև Հոբն ասաց. “Արդար եմ, բայց Աստված իմ իրավունքը մերժեց։
6 Չնայած ես արդար եմ, ինձ ստախոս են համարում։ Իմ վերքն անբուժելի է, թեև ես հանցանք չունեմ”։
7 Հոբի նման ի՞նչ մարդ կա, որ հայհոյությունը խմում է ջրի պես։
8 Նա գնում չարագործների հետ է ընկերանում, անօրեն մարդկանց հետ ման գալիս.
9 Որովհետև ասաց. “Մարդս Աստծու հաճության մեջ լինելուց օգուտ չունի”։
10 Դրա համար, ո՛վ իմաստուն մարդիկ, ի՛նձ լսեցեք. քավ լիցի, որ Աստված չարիք անի, և Ամենակարողը՝ անօրենություն։
11 Որովհետև Աստված մարդու արածի համեմատ է հատուցում և ամեն մարդու իր ընթացքի համեմատ է վարձատրում։
12 Բայց Աստված հիրավի անօրենություն չի անի, և Ամենակարողն իրավունքը չի ծռի։
13 Ո՞վ երկիրը նրան հանձնեց և ամբողջ աշխարհն ո՞վ կարգի դրեց։
14 Եթե իր նպատակն էր իր հոգին և շունչը ետ քաշել,
15 Ամեն մարմին մեկտեղ կմեռնի, և մարդը հողը կվերադառնա։
16 Եթե հասկացողություն ունես, լսի՛ր այս բաները, իմ խոսքերի ձայնին ակա՛նջ դիր։
17 Մի՞թե արդարություն ատողը կարող է իշխել, և կամ թե արդար Հզորին կարո՞ղ ես հանցավոր հանել։
18 Աստված թագավորին ասում է՝ ո՛վ անպիտան, ազնվականներին՝ ո՛վ չար։
19 Նա իշխաններին աչառություն չի անի, հարուստին աղքատից ավելի ուշադրություն չի դարձնի, որովհետև բոլորն էլ նրա ձեռքի գործն են։
20 Մի վայրկյանում կմեռնեն։ Մի կեսգիշերի ընթացքում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, զորավորներն էլ են անցնում՝ առանց մարդու ձեռք դիպչելու։
21 Որովհետև նրա աչքերը մարդու ճանապարհների վրա են, և սրա բոլոր քայլերը տեսնում է։
22 Ո՛չ խավար կա, ո՛չ էլ թանձր ստվեր, որ այնտեղ անօրենները թաքնվեն։
23 Որովհետև Աստված ժամանակ չի սահմանել, որ որևէ մեկն իր առջև ներկայանա դատաստանի համար։
24 Նա մեծամեծներին առանց քննության փշրում է և նրանց տեղը ուրիշների դնում։
25 Այսպես նրանց գործերին տեղյակ է և նրանց տապալում է գիշերը, ու նրանք ճզմվում են։
26 Քանի որ ամբարիշտ են, մարդկանց աչքի առաջ նրանց պատժում է.
27 Նրա համար, որ իրեն հետևելուց հեռացել են և իր բոլոր ճանապարհները աննկատ են թողել։
28 Այնպես որ պատճառ դարձան, որ աղքատի աղաղակը նրան հասավ, ու ինքը զրկյալների աղաղակը լսեց։
29 Եթե նա լուռ մնա, ո՞վ կարող է նրան դատապարտել։ Եթե նա երեսը ծածկի, ո՞վ կարող է նրան տեսնել։ Մի ազգի համար թե մի մարդու՝ մեկ է.
30 Որպեսզի անաստվածը չթագավորի, և ժողովրդի համար որոգայթ չլինի։
31 Որովհետև Աստծուն պետք է ասել. “Ես պատիժ կրեցի, այլևս չարիք չեմ գործի։
32 Այն, ինչ չեմ տեսնում, ինձ սովորեցրո՛ւ. եթե ամբարշտություն եմ գործել, էլ չեմ անի”։
33 Մի՞թե քո ուզածի պես է հատուցելու, որ դու հակառակվում ես։ Ուրեմն դո՛ւ պետք է ընտրես, ոչ թե ես։ Ինչ որ գիտես, ասա՛։
34 Իմաստուններն ինձ կասեն, նույնպես և գիտուն մարդը, որ ինձ լսում է.
35 “Հոբը գիտենալով չի խոսել, ու նրա խոսքերն իմաստությամբ չեն”։
36 Երանի՜ թե Հոբն անօրեն մարդկանց պես տված պատասխանների համար իսպառ փորձության ենթարկվեր։
37 Որովհետև մեղքի վրա ապստամբություն ավելացրեց. մեր մեջ ծափ է տալիս և Աստծու դեմ իր խոսքերը շատացնում»։