Ezekiel 34
1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների մասին, մարգարեացի՛ր և նրանց՝ այդ հովիվներին, ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ Իսրայելի հովիվներին, որոնք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտը պիտի արածեցնեն։
3 Յուղն ուտում եք, բուրդը հագնում եք և պարարտին մորթում եք, իսկ հոտը չեք արածեցնում։
4 Տկարներին չուժեղացրիք և հիվանդին չբժշկեցիք. դուք կոտրածին չվիրակապեցիք և մոլորվածին հետ չբերեցիք, կորածին չորոնեցիք, այլ խստությամբ ու բռնությամբ տիրեցիք նրանց։
5 Եվ հովիվ չլինելու պատճառով նրանք ցրիվ եկան և կերակուր դարձան դաշտի բոլոր գազաններին։ Ցիրուցան եղան,
6 մոլորվեցին իմ ոչխարները բոլոր սարերի վրա ու բարձր բլուրների վրա և ամբողջ երկրի երեսին ցրվեցին իմ ոչխարները, բայց որոնող չկա, ու փնտրող չկա"”։
7 Ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ.
8 “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որովհետև հովիվ չլինելու պատճառով իմ հոտը հափշտակվեց, իմ հոտը դաշտի բոլոր գազաններին կերակուր եղավ, և իմ հովիվները չփնտրեցին իմ ոչխարներին. հովիվներն իրենց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում.
9 ուստի լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ հովիվներ.
10 այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես հովիվների դեմ եմ և նրանցից հաշիվ եմ պահանջելու իմ ոչխարների համար. և նրանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, և հովիվներն այլևս իրենք իրենց չպիտի արածեցնեն, իմ ոչխարներին պիտի ազատեմ նրանց բերանից, որպեսզի ուտելիք չլինեն նրանց համար"”»։
11 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես ինքս եմ փնտրելու իմ ոչխարներին և որոնելու եմ նրանց։
12 Ինչպես որ հովիվն է որոնում իր հոտը, երբ իր ցրված հոտի մեջ է, այնպես պիտի որոնեմ իմ ոչխարներին և նրանց ազատեմ այն բոլոր տեղերից, ուր նրանք ցրված են եղել ամպի և խավարի օրը։
13 Նրանց պիտի հանեմ ժողովուրդներից և նրանց ժողովեմ երկրներից ու նրանց պիտի բերեմ իրենց երկիրը և արածեցնեմ Իսրայելի սարերի վրա, հեղեղատների մոտ և երկրի բոլոր բնակավայրերում։
14 Նրանց լավ արոտում պիտի արածեցնեմ, և նրանց արոտավայրն Իսրայելի բարձր սարերի վրա պիտի լինի. այնտեղ լավ արոտավայրում պիտի մակաղեն և արգավանդ արոտում արածեն Իսրայելի սարերի վրա։
15 Ես եմ հովվելու իմ ոչխարներին և ես եմ նրանց մակաղել տալու»,- ասում է Տեր Աստված։
16 «Կորածին որոնելու եմ և մոլորվածին հետ եմ բերելու։ Կոտրածը պիտի վիրակապեմ և հիվանդին զորացնեմ, պարարտին ու զորավորին պիտի բնաջնջեմ. իրավունքով եմ հովվելու նրանց։
17 Եվ դուք, ո՛վ իմ ոչխարներ,- այսպես է ասում Տեր Աստված.- ահա ես դատաստան եմ անելու ոչխարի և ոչխարի միջև, խոյերի և նոխազների։
18 Սա քի՞չ է ձեզ համար, որ դուք լավ արոտում եք արածում, ձեր արոտի մնացորդը ձեր ոտքերով կոխ է՞լ եք տալիս. մաքուր ջուրը խմում եք և մնացածը ձեր ոտքերով պղտորո՞ւմ եք։
19 Եվ մի՞թե իմ ոչխարները ձեր ոտնակոխ արածը պիտի ուտեն և ձեր ոտքերով պղտորածը պիտի խմեն»։
20 Դրա համար Տեր Աստված այսպես է ասում նրանց. «Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի և նիհար ոչխարի միջև։
21 Որովհետև դուք ձեր կողով և ուսով հրում եք և ձեր եղջյուրներով հարում եք բոլոր տկարներին, մինչև որ նրանց ցիրուցան արեցիք դրսում։
22 Ես պիտի ազատեմ իմ ոչխարներին, և նրանք այլևս չպիտի կողոպտվեն, և պիտի դատեմ ոչխարի և ոչխարի միջև։
23 Եվ նրանց վրա մի հովիվ պիտի կարգեմ՝ իմ Դավիթ ծառային, և նա պիտի հովվի նրանց. նա է լինելու նրանց հովիվը։
24 Եվ Տերը՝ ես, կլինեմ նրանց Աստվածը, իսկ իմ Դավիթ ծառան՝ իշխան նրանց մեջ. Տերը՝ ե՛ս եմ խոսել։
25 Եվ նրանց հետ խաղաղության ուխտ պիտի կապեմ և չար գազաններին պիտի անհետացնեմ այդ երկրից, և նրանք ապահով կբնակվեն անապատում և կքնեն անտառներում։
26 Նրանց և իմ բլրի շրջակայքին օրհնություն եմ դարձնելու և անձրևն իր ժամանակին ցած պիտի թափեմ. օրհնության անձրևներ պիտի լինեն։
27 Եվ դաշտի ծառն իր պտուղը պիտի տա, երկիրն իր բերքը պիտի տա. նրանք ապահով պիտի լինեն իրենց երկրում ու պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց լուծի փայտերը կոտրեմ և նրանց ազատեմ իրենց ստրկացնողների ձեռքից։
28 Եվ այլևս ազգերին ավար չեն լինելու, երկրի գազանները նրանց չեն ուտելու. ապահով կբնակվեն, նրանց վախեցնող չի լինի։
29 Եվ նրանց համար հռչակավոր տնկադաշտ եմ կանգնեցնելու, որ այդ երկրում այլևս սովից չանհետանան և այլևս չկրեն ազգերի նախատինքը։
30 Եվ կգիտենան, որ ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, իրենց հետ եմ, և իրենք՝ Իսրայելի տունը, իմ ժողովուրդն են»,- ասում է Տեր Աստված։
31 «Եվ դուք իմ ոչխարները՝ իմ արոտի ոչխարները, մա՛րդ եք, իսկ ես ձեր Աստվածն եմ»,- ասում է Տեր Աստված։