Ezekiel 33
1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ և նրանց ասա՛. “Եթե մի երկրի վրա սուր բերեմ, և այդ երկրի ժողովուրդը մի մարդ ընտրի իր միջից, ու նրան իրենց համար դետ դարձնեն,
3 և նա տեսնի սուրը, որ գալիս է երկրի վրա, փող հնչեցնի և իր ժողովրդին զգուշացնի,
4 բայց մեկը փողի ձայնը հստակ լսի ու չզգուշանա, սուրը գա ու նրան տանի. նրա արյունը իր գլխին պիտի լինի։
5 Նա լսել էր փողի ձայնը, բայց չզգուշացավ. նրա արյունը իր վրա պիտի լինի, և եթե նա զգուշացած լիներ, իր հոգին կազատեր։
6 Բայց եթե դետը տեսնի, որ սուրը գալիս է, ու փող չհնչեցնի, և ժողովուրդը չզգուշացվի, սուրը գա և նրանցից մի հոգու տանի, այդ մարդն իր անօրենության պատճառով տարվեց, բայց նրա արյունը ես դետի ձեռքից եմ պահանջելու”։
7 Ուրեմն դու, մարդո՛ւ որդի, ես քեզ դետ կարգեցի Իսրայելի տան վրա, ուստի երբ իմ բերանի խոսքը լսես, նրանց իմ կողմից կզգուշացնես։
8 Երբ ես ամբարիշտին ասեմ. “Ո՛վ ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես”, և եթե դու ամբարիշտի հետ չխոսես իր ճանապարհից զգուշացնելու համար, այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը ես քո ձեռքից կպահանջեմ։
9 Իսկ եթե դու ամբարիշտին զգուշացնես իր ճանապարհից, որ նրանից հետ դառնա, բայց նա իր ճանապարհից չդառնա, նա իր անօրենության մեջ կմեռնի, բայց դու ազատած կլինես քո հոգին։
10 Եվ դու, մարդո՛ւ որդի, ասա՛ Իսրայելի տանը. “Դուք այսպես եք խոսում և ասում. "Մեր հանցանքներն ու մեր մեղքերը մեզ վրա են, և մենք նրանցում մաշվում ենք. ուրեմն ինչպե՞ս պիտի ապրենք"”։
11 Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- և ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձե՛ք, դարձե՛ք ձեր չար ճանապարհներից և դուք ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն”։
12 Եվ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. “Արդարի արդարությունը նրան չի փրկելու նրա հանցանքի օրը, և ամբարիշտի ամբարշտությունն իր ամբարշտությունից դարձած օրը իր անկման պատճառ չպիտի լինի, ոչ էլ արդարը կարողանալու է իր արդարությամբ ապրել այն օրը, երբ մեղանչի։
13 Երբ ես արդարին ասեմ. "Նա անպատճառ պիտի ապրի", և նա վստահի իր արդարությանն ու անիրավություն անի, նրա բոլոր արդար արարքները չպիտի հիշվեն, և նա իր արած անիրավության պատճառով պիտի մեռնի։
14 Նաև երբ ամբարիշտին ասեմ. "Դու անպատճառ պիտի մեռնես", և նա հետ դառնա իր մեղքից, իրավունք ու արդարություն գործի,
15 ամբարիշտը գրավը վերադարձնի, հափշտակածը հատուցի, առանց անիրավություն գործելու կյանքի կանոններով գնա, նա անշուշտ պիտի ապրի, չպիտի մեռնի։
16 Այն բոլոր մեղքերը, որ նա գործել էր, չպիտի հիշվեն նրա դեմ. նա իրավունք ու արդարություն գործեց. նա անպատճառ պիտի ապրի”։
17 Եվ քո ժողովրդի որդիները կասեն. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”, բայց իրենց ճանապարհն ուղիղ չէ։
18 Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից ու անիրավություն գործի, նա դրա համար պիտի մեռնի։
19 Եվ երբ ամբարիշտը հետ դառնա իր ամբարշտությունից և իրավունք ու արդարություն գործի, նա դրանով պիտի ապրի։
20 Բայց դուք ասում եք, թե Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ. ես ձեզնից ամեն մեկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ո՛վ Իսրայելի տուն»։
21 Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսվա հինգին, Երուսաղեմից մի ազատված եկավ ինձ մոտ՝ ասելով. «Քաղաքն ընկավ»։
22 Ազատվածի գալուց առաջ՝ այն իրիկուն, Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, մինչև որ նա առավոտյան ինձ մոտ եկավ և բացեց իմ բերանը. բերանս բացվեց, և ես այլևս համր չէի։
23 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
24 «Մարդո՛ւ որդի, այս ավերակների բնակիչներն Իսրայելի երկրում ասում են. “Աբրահամը մեկ մարդ էր և ժառանգեց երկիրը, իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրվի իբրև ժառանգություն”։
25 Ուստի նրանց ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դուք միսը արյունով եք ուտում և ձեր աչքերը դեպի ձեր կուռքերն եք բարձրացնում ու արյուն եք թափում, և դո՞ւք տիրանաք երկրին։
26 Դուք ձեր սրին եք ապավինում, պիղծ բաներ եք գործում, և ձեզնից ամեն մեկը պղծում է իր ընկերոջ կնոջը, և դո՞ւք տիրանաք երկրին"”։
27 Այսպե՛ս ասա նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված. "Կենդանի եմ ես. ավերակներում եղողները սրից պիտի ընկնեն, դաշտի մեջ եղողներին գազաններին եմ տալու իբրև կերակուր, իսկ ամրոցներում և քարայրներում եղողները ժանտախտով պիտի մեռնեն։
28 Երկիրը բոլորովին ամայի պիտի դարձնեմ, պիտի վերանա նրա ամբարտավան զորությունը, և Իսրայելի սարերն ամայի պիտի դառնան, որ անցնող չլինի։
29 Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ նրանց գործած բոլոր պիղծ բաների պատճառով երկիրը բոլորովին ամայի դարձնեմ"”»։
30 «Իսկ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիները, որ պատերի մոտ և տների դռներում խոսակցում են քո մասին և մեկմեկու հետ խոսում են՝ իրար ասելով. “Եկե՛ք ու լսե՛ք, թե ի՛նչ բան կա Տիրոջից եկած”։
31 Նրանք քեզ մոտ կգան, ինչպես ժողովուրդն է գալիս, իմ ժողովուրդը քո առաջ կնստի ու կլսի քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի. իրենց բերանով համաձայնություն են արտահայտում, իսկ նրանց սիրտը ագահության է հետամուտ։
32 Ահա դու նրանց համար քաղցր երգի պես ես՝ գեղեցկաձայն և բարեհունչ նվագող. նրանք կլսեն քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի։
33 Եվ երբ սա լինի, ահա կլինի, այն ժամանակ պիտի իմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»։