Ezekiel 32
1 Եվ տասներկուերորդ տարում՝ տասներկուերորդ ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Մարդո՛ւ որդի, ո՛ղբ բարձրացրու Եգիպտոսի փարավոն թագավորի մասին և նրան ասա՛. “Ազգերի մեջ դու առույգ առյուծի էիր նմանվում, դու ծովերում վիշապի նման էիր. դու սլանում էիր քո գետերում, ոտքերովդ ալեկոծում էիր ջուրը և պղտորեցնում էիր նրանց գետերը”։
3 Այսպես է ասում Տեր Աստված. “Շատ ժողովուրդների բազմության մեջ իմ ցանցը քեզ վրա պիտի տարածեմ և քեզ իմ ուռկանով վեր պիտի քաշեմ։
4 Եվ քեզ գետնի վրա պիտի գցեմ, դաշտի երեսին պիտի շպրտեմ քեզ և քեզ վրա բնակեցնեմ երկնքի բոլոր թռչուններին ու քեզնով կշտացնեմ երկրի բոլոր գազաններին։
5 Եվ քո մարմինը սարերի վրա պիտի դնեմ և քո դիակներով լցնեմ ձորերը։
6 Երկիրը պիտի ողողեմ հոսող արյունով մինչև սարերը, և հեղեղատները քեզնով պիտի լցվեն։
7 Եվ քեզ հանգցնելիս երկինքը պիտի ծածկեմ և խավարեցնեմ նրա աստղերը, արեգակն ամպով պիտի ծածկեմ, և լուսինն իր լույսը չպիտի ճառագայթի։
8 Վերևում պիտի խավարեցնեմ երկնքի բոլոր պայծառ լուսատուները և քո երկրի վրա մթություն պիտի բերեմ,- ասում է Տեր Աստված։-
9 Եվ շատ ժողովուրդների սիրտը պիտի բարկության գրգռեմ, երբ քո ավերումը հասցնեմ ազգերին երկրներում, որոնց չէիր ճանաչել։
10 Եվ շատ ժողովուրդների պիտի ապշեցնեմ քեզ վրա, և նրանց թագավորները զարհուրանքով պիտի սարսափեն քո պատճառով, երբ իմ սուրը կճոճեմ նրանց առաջ, և քո կործանման օրը ամեն վայրկյան կդողան, ամեն մարդ՝ իր անձի համար”»։
11 Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Բաբելոնի թագավորի սուրը պիտի գա քեզ վրա։
12 Զորավորների սրերով վայր պիտի գցեմ քո բազմությունը, որոնք բոլորն էլ ազգերի սոսկալիներն են։ Եվ նրանք պիտի կործանեն Եգիպտոսի ամբարտավանությունը, և պիտի բնաջնջվի նրա ամբողջ բազմությունը։
13 Եվ նրա բոլոր անասունները պիտի ոչնչացնեմ առատ ջրերի մոտից, և մարդու ոտքն այլևս չի պղտորի դրանք, անասունի կճղակներն էլ չպիտի պղտորեն դրանք։
14 Այն ժամանակ պիտի հանդարտեցնեմ նրանց ջրերը և յուղի պես հոսեցնեմ նրանց գետերը»,- ասում է Տեր Աստված։
15 «Երբ Եգիպտոսի երկիրն ամայի դարձնեմ, ու երկիրը դատարկվի իր լիությունից, երբ հարվածեմ նրա բոլոր բնակիչներին, այն ժամանակ կիմանան, որ ես եմ Տերը։
16 Սա մի ողբ է, և ողբով պիտի երգվի նրա մասին, ազգերի դուստրերը ողբալով պիտի ողբասացություն անեն. Եգիպտոսի մասին և նրա ամբողջ բազմության մասին ողբալով ողբասացություն պիտի անեն նրա վրա»,- ասում է Տեր Աստված։
17 Եվ եղավ տասներկուերորդ տարում՝ առաջին ամսվա տասնհինգերորդ օրը, երբ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
18 «Մարդո՛ւ որդի, կո՛ծ արա Եգիպտոսի բազմության վրա և իջեցրո՛ւ նրան, նրան և պանծալի ազգերի դուստրերին՝ դեպի գետնի տակը գուբն իջածների հետ։
19 Դու ումի՞ց ես առավել վայելուչ. իջի՛ր և պառկի՛ր անթլփատների հետ։
20 Սրից սպանվածների մեջ պիտի ընկնեն. նա սրին տրված է. ներքև՛ քաշեք նրան և նրա ողջ բազմությանը։
21 Մեռելների աշխարհից զորավորների հզորները խոսելու են նրա մասին և նրա օգնողների հետ. իջել են, պառկել են անթլփատները՝ սրով սպանված։
22 Այնտեղ են Ասորեստանը և նրա ամբողջ բազմությունը, նրանց գերեզմանները նրա շուրջը. ամենքը սպանված՝ սրով ընկածներ են,
23 որոնց գերեզմանները գբի ամեն խորքում են դրված։ Եվ իր բազմությունն իր գերեզմանի շուրջն է, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք սարսափ էին տարածում ողջերի երկրում։
24 Այնտեղ են Եղամը և իր ամբողջ բազմությունը՝ իր գերեզմանի շուրջը, ամենքը սպանված՝ սրով ընկածներ են, որոնք անթլփատ են երկրի տակ իջել, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, սակայն իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ։
25 Սպանվածների մեջ իր ամբողջ բազմության հետ նրան անկողին պատրաստեցին նրա բազմության հետ, նրանց գերեզմաններն իր շուրջն են, ամենքն անթլփատներ՝ սրով սպանված, որոնք իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում, և որոնք իրենց ամոթը պիտի կրեն գուբն իջնողների հետ. սպանվածների մեջ են դրվել։
26 Այնտեղ են Մոսոքը, Թոբելը և նրա ամբողջ բազմությունը. նրա շուրջն իր գերեզմաններն են, ամենքն անթլփատներ՝ սրով սպանված, որովհետև իրենց սարսափն էին տարածում ողջերի երկրում։
27 Եվ նրանք պառկած չեն զորավորների հետ, անթլփատներից ընկածների հետ, որոնք իրենց պատերազմական զենքերով մեռելների աշխարհ իջան և որոնց սրերն իրենց գլուխների տակ դրեցին. որոնց անօրենություններն իրենց ոսկորների վրա էին, որովհետև նրանք զորավորների սարսափ էին ողջերի երկրում։
28 Դու պիտի փշրվես և անթլփատների մեջ սրից սպանվածների հետ պիտի պառկես։
29 Այնտեղ են Եդովմը, նրա թագավորներն ու նրա բոլոր իշխանները, որոնք, հակառակ իրենց զորության, սրից սպանվածների հետ են դրված. նրանք անթլփատների հետ, գուբն իջնողների հետ պիտի պառկեն։
30 Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները և բոլոր սիդոնացիները, որոնք սպանվածների հետ իջան. ամոթահար այն սարսափի համար, որ պատճառեցին. պիտի պառկեն անթլփատ՝ սրից սպանվածների հետ և իրենց ամոթը կրեն գուբն իջնողների հետ։
31 Փարավոնը տեսնելու է նրանց և պիտի մխիթարվի իր ամբողջ բազմության համար. սրից սպանվածներ՝ փարավոնը և իր ամբողջ զորքը,- ասում է Տեր Աստված։-
32 Թեև ես թողեցի, որ նա սարսափ տարածի ողջերի երկրում, և նա պիտի պառկեցվի անթլփատների մեջ՝ սրից սպանվածների հետ, փարավոնը և նրա ամբողջ բազմությունը»,- ասում է Տեր Աստված։