Ezekiel 35
1 Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Սեիր սա՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրա դեմ
3 և ասա՛ նրան. “Տեր Աստված այսպես է ասում. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Սեիր սար, և իմ ձեռքը քեզ վրա եմ մեկնում. քեզ ամայի ու ավերակ պիտի դարձնեմ։
4 Քո քաղաքները պիտի ավերեմ, և դու ամայություն պիտի դառնաս ու պիտի գիտենաս, որ ես եմ Տերը։
5 Որովհետև դու մշտնջենական ատելություն տածեցիր և Իսրայելի որդիներին սրի մատնեցիր նրանց պատուհասի ժամանակ, նրանց անօրենության վերջին պատժի ժամանակ"”։
6 Ուստի կենդանի եմ ես,- ասում է Տեր Աստված,- որ քեզ արյան եմ մատնելու, և արյունը պիտի հալածի քեզ, որովհետև դու արյունը չատեցիր, արյունն էլ պիտի հալածի քեզ։
7 Սեիր սարը ես ամայի ու ավերակ պիտի դարձնեմ և նրանից պիտի վերացնեմ եկողին ու գնացողին։
8 Եվ նրա սարերը նրա սպանվածներով պիտի լցնեմ, և բլուրներիդ, հեղեղատներիդ ու բոլոր ձորերիդ մեջ սրով սպանվածներ պիտի ընկնեն։
9 Եվ քեզ հավիտենական ամայություն պիտի դարձնեմ, քո քաղաքները չպիտի բնակեցվեն, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը։
10 Որովհետև դու ասացիր. “Այս երկու ազգերը և այս երկու երկրներն իմն են լինելու, և մենք պիտի տիրենք նրանց”, թեև Տերն այնտեղ էր։
11 Դրա համար Տեր Աստված ասում է. “Կենդանի եմ ես. քեզ հետ պիտի վարվեմ քո բարկության և քո նախանձի համեմատ, որոնցով վարվեցիր քո ատելության պատճառով նրանց ատելիս, և երբ կատարեմ քո դատաստանը, ես ինձ պիտի ճանաչեցնեմ նրանց մեջ։
12 Եվ դու կգիտենաս, որ ես՝ Տերը, լսել եմ քո անարգական խոսքերը, որ խոսեցիր Իսրայելի սարերի դեմ՝ ասելով. "Ամայացան, մեզ տրվեցին, որ լափենք"։
13 Եվ դուք ձեր բերանով հպարտացաք իմ դեմ և ձեր խոսքերը շատացրիք իմ դեմ. ես լսել եմ”»։
14 Այսպես է ասում Տեր Աստված. «Երբ ամբողջ երկիրն ուրախանա, քեզ ամայություն պիտի դարձնեմ։
15 Ինչպես որ դու ուրախացար Իսրայելի տան ժառանգության վրա, որ ամայացավ, այնպես էլ քեզ պիտի անեմ. դու ամայություն պիտի դառնաս, Սեի՛ր սար, և ամբո՛ղջ Եդովմ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։