Zechariah 14NEA

1Ահա Տիրոջ օրերը կգան, և քո ավարը կբաժանվի քո մեջ։

2Եվ կհավաքի բոլոր ազգերին Երուսաղեմի դեմ պատերազմի. և քաղաքը կգրավվի, տները կկողոպտվեն, կանայք կպղծվեն, և քաղաքի կեսը գերության կտարվի, բայց իմ ժողովրդի մնացորդները չեն վերանա այն քաղաքից։

3Եվ Տերը կելնի ու պատերազմ կտա այդ ազգերի դեմ, ինչպես պատերազմի օրը՝ իր ճակատամարտի օրը։

4Այն օրը նրա ոտքերը կկանգնեն Ձիթենյաց լեռան վրա՝ արևելքից Երուսաղեմի դիմաց, և Ձիթենյաց լեռը կպատռվի, նրա մի կեսը՝ դեպի արևելք, նրա մյուս կեսը՝ դեպի ծովը. շատ մեծ վիհ կլինի, և լեռան մի կեսը կխոնարհվի դեպի հյուսիս, նրա մյուս կեսը՝ դեպի հարավ։

5Եվ ձորը կկցվի իմ լեռներին մինչև Ասայել ու կխցանվի, ինչպես որ խցանվեց երկրաշարժի պատճառով Հուդայի արքա Ոզիայի օրերին։ Եվ կգա կհասնի Տերը՝ իմ Աստվածը, և բոլոր սուրբերը՝ նրա հետ։

6Եվ կլինի, որ այն օրը լույս չի լինի, բայց ցուրտ ու սառը

7կլինի մի օր, և այդ օրը հայտնի է Տիրոջը. ո՛չ ցերեկ կլինի, ո՛չ էլ գիշեր, բայց երեկոյան լույս կլինի։

8Այն օրը կենդանի ջուր կբխի Երուսաղեմում, նրա մի կեսը՝ դեպի առջևի ծովը, նրա մյուս կեսը՝ դեպի հետևի ծովը, այդպես կլինի նաև ամռանն ու գարնանը։

9Եվ Տերը թագավոր կլինի ողջ երկրի վրա։ Այն օրը մի Տեր կլինի, և նրա անունը՝ մի,

10պատելով ողջ երկիրը, անապատը՝ Գաբայից մինչև Ռեմոն՝ Երուսաղեմի հարավային կողմը, և Հռամն իր տեղում կմնա, Բենիամինի դռնից մինչև Առաջին դռան տեղը, մինչև Անկյունների դուռը, մինչև Անամայելի աշտարակը, մինչև թագավորի հնձանները։

11Եվ կբնակվեն նրա մեջ, և այլևս նզովք չի լինի, և Երուսաղեմը կբնակեցվի հույսով։

12Եվ սրանք կլինեն այն հարվածները, որոնցով Տերը կհարվածի բոլոր ազգերին, որ զորաժողով արեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինները կհալվեն, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած լինեն, նրանց աչքերը կծորեն իրենց ակնակապիճներից, և նրանց լեզուները կհալվեն իրենց բերաններում։

13Եվ այն օրը Տիրոջից մեծ վախ կլինի նրանց վրա, և յուրաքանչյուրն իր ընկերոջ ձեռքից կբռնի և իր ձեռքը կխառնվի իր ընկերոջ ձեռքին։

14Հուդան կճակատամարտի Երուսաղեմում և կհավաքի շրջակա բոլոր ազգերի կարողությունը՝ ոսկի, արծաթ և մեծ թվով հանդերձանք։

15Եվ սրանք կլինեն հարվածները ձիերի, ջորիների, ուղտերի, էշերի և ամեն մի անասունի դեմ, որ կլինեն այդ բանակների մեջ՝ ըստ նույն հարվածների։

16Եվ կլինեն, որ երբ մնան Երուսաղեմի դեմ ելած բոլոր ազգերից, տարեցտարի կելնեն՝ երկրպագելու Թագավորին՝ Ամենակալ Տեր Աստծուն, և կատարելու Տաղավարահարաց տոնը։

17Եվ կլինի, որ երբ չելնեն երկրի բոլոր ազգերից Երուսաղեմ՝ երկրպագելու Թագավորին՝ Ամենակալ Տեր Աստծուն, սրանք ևս նրանց վրա կավելանան։

18Եվ եթե եգիպտացիների ազգը չելնի ու չգա, ապա նրանց դեմ կլինեն այն հարվածները, որոնցով Տերը կհարվածի բոլոր այն ազգերին, որ չեն ելնի Տաղավարահարաց տոնը կատարելու։

19Նույնը կլինի եգիպտացիների մեղքերի համար և բոլոր ազգերի մեղքերի համար, որ չեն ելնի Տաղավարահարաց տոնը կատարելու։

20Այն օրը ձիու սանձերի վրա կլինի Տիրոջ Սրբությունը։ Եվ կաթսաները՝ Տիրոջ տան մեջ, կլինեն որպես տաշտեր զոհասեղանի առջև։

21Եվ ամեն կաթսա, որ Երուսաղեմում և Հուդայի մեջ է, կընծայաբերվի Ամենակալ Տիրոջը։ Եվ կգան բոլոր նրանք, ովքեր զոհ պիտի մատուցեն, կվերցնեն դրանցից ու կեփեն դրանցով. և այլևս այն օրը քանանացի չի լինի Ամենակալ Տիրոջ տանը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Zechariah 14.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.