1Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին իր պատգամաբերի միջոցով։ Ձեր սրտերո՛ւմ դրեք։
2«Սիրեցի ձեզ»,- ասում է Տերը, և ասացիք. «Ինչպե՞ս սիրեցիր մեզ»։ «Եսավը Հակոբի եղբայրը չէ՞ր,- ասում է Տերը,- բայց Հակոբին սիրեցի,
3իսկ Եսավին ատեցի և նրա լեռները ամայացրեցի և նրա երկիրը տվեցի շնագայլերին։
4Եթե Եդովմն ասի՝ “Ահա կործանվեցինք. դառնանք և շինենք ավերված քաղաքները”, այսպես է ասում Ամենակալ Տերը. “Նրանք կշինեն, բայց ես կկործանեմ, և նրանք կկոչվեն “Անօրենության սահմաններ” և “Ժողովուրդ”, որի հետ Տերը հավիտյան պատերազմ կմղի”։
5Ձեր աչքերը կտեսնեն, և դուք իսկ կասեք, որ Տերը բարձրացավ Իսրայելի սահմանների վրա»։
6«Որդին փառավորում է հորը, և ծառան երկնչում է իր տիրոջից։ Իսկ արդ, եթե ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, և եթե Տեր եմ, ո՞ւր է իմ պատիվը,- ասում է Ամենակալ Տերը։ Դուք, քահանանե՛ր, որ անարգում եք իմ անունը և ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”։
7Քանի որ իմ սեղանին պղծված հաց եք մատուցում և ասացիք. “Ինչո՞վ պղծեցինք դրանք”. երբ դուք ասում եք, թե՝ “Տիրոջ սեղանն արհամարհված է, և այն՝ ինչ դրվում է նրա վրա”։
8Քանի որ եթե կույր կենդանի զոհ մատուցեք, չար գործ չի՞ լինի, և եթե կաղ կամ հիվանդոտ կենդանի մատուցեք, չար գործ չի՞ լինի։ Լավ, այն քո իշխանի՛ն մատուցիր, մի՞թե կընդունի քեզ կամ նկատի կառնի քեզ,- ասում է Ամենակալ Տերը։
9Եվ այժմ աղաչե՛ք ձեր Աստծու երեսը և հաշտեցրե՛ք նրան. ձեր ձեռքով եղավ դա. մի՞թե աչառությամբ որևէ բան կվերցնեմ ձեզնից,- ասում է Ամենակալ Տերը։
10Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։
11Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։
12Սակայն դուք պղծեցիք այն, երբ ասացիք, թե՝ “Տիրոջ սեղանը պղծված է, և այն կերակուրը, որ դրվում է նրա վրա՝ արհամարհված”։
13Ասում էիք՝ “Դա չարչարանքից է”. այն դուրս կփչեմ,- ասում է Ամենակալ Տերը։ Եվ եթե ինձ հափշտակված, կաղ ու վտիտ զոհ մատուցեք, մի՞թե դրանք կընդունեմ ձեր ձեռքից,- ասում է Ամենակալ Տերը։
14Թող անիծյալ լինի այն մարդը, որ կխաբի. նրա հոտի մեջ որձ կլինի, բայց արատավորը կմատուցի Տիրոջը. նրա ուխտն իր անձի վրա է։ Քանի որ ես հաղթող Թագավոր եմ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմ անունը նշանավոր է ազգերի մեջ»։