1«Եվ արդ, այս է իմ պատվերը ձեզ, ո՛վ քահանաներ։
2Եթե չլսեք և ձեր սրտում չդնեք փառք տալ իմ անվան,- ասում է Ամենակալ Տերը,- ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունը, կնզովեմ այն և կցրեմ ձեր օրհնությունները, և չի լինի ձեր մեջ, քանի որ դուք ձեր սրտում չդրեցիք։
3Ահա ես ձեզ թիկունք կդարձնեմ և աղբ շաղ կտամ ձեր երեսին, ձեր տոների աղբը և դրանով կվերացնեմ ձեզ։
4Եվ կիմանաք, որ ես ուղարկեցի ձեզ այն պատվերը, որ իմ ուխտը ղևտացիների հետ է,- ասում է Ամենակալ Տերը։
5Նրա հետ իմ ուխտը կյանքի և խաղաղության ուխտ է. ես նրան երկյուղ տվեցի՝ երկնչելու ինձանից և խորշելու իմ անունից։
6Ճշմարտության օրենքն էր նրա բերանում, և անիրավություն չգտնվեց նրա շուրթերին, խաղաղ և ուղիղ ընթացավ ինձ հետ և շատերին անիրավությունից դարձրեց։
7Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։
8Իսկ դուք խոտորվեցիք ճանապարհից, շատերին տկարացրիք օրենքով և ապականեցիք Ղևիի ուխտը,- ասում է Ամենակալ Տերը։
9Եվ ես ձեզ լքված և արհամարհված դարձրի բոլոր ազգերի մեջ, քանի որ չպահեցիք իմ ճանապարհները, այլ օրենքով աչառություն էիք անում»։
10Չէ՞ որ դուք բոլորդ մի Հայր ունեք. մի Աստված չստեղծե՞ց ձեզ, ինչո՞ւ է, որ յուրաքանչյուրդ թույլ եք տալիս ձեր եղբորը՝ պղծելու ձեր հայրերի ուխտը։
11Անարգեց Հուդան, գարշություններ կատարվեցին Իսրայելում և Երուսաղեմում, որովհետև Հուդան պղծեց Տիրոջ սրբությունները նրանց ձեռքով, որոնց սիրեց և հարեց օտար աստվածներին։
12Տերը կկործանի այն մարդուն, որը կանի դա, մինչև որ հալածվի Հակոբի վրաններից և Ամենակալ Տիրոջը զոհեր մատուցողների միջից։
13Եվ ինչ որ ես ատում էի, այն էիք անում. ծածկեցիք իմ սեղանն արցունքներով, նեղությունների լացով ու հեծությամբ։ Արժե՞ արդյոք դարձյալ նայել ձեր զոհերին և կամ ընդունել ձեր ձեռքից։
14Ասացիք՝ ինչո՞ւ։ Քանի որ Տերն ուխտ կնքեց քո և քո երիտասարդության կնոջ միջև, որին թողեցիր. նա էր քո ուխտի ամուսինն ու կինը։
15Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,
16բայց եթե ատելու պատճառով արձակես,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- ամբարշտությունը կծածկի քո մտքերը,- ասում է Ամենակալ Տերը,- պահպանե՛ք ձեր հոգիները և մի՛ լքեք։
17Դուք, որ բարկացնում եք Աստծուն ձեր խոսքերով և ասում՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան». երբ ասում էիք, թե՝ «Ամեն ոք, ով չարն է գործում, բարի է համարվում Տիրոջ առաջ, և հենց այդ հավանեց նա. ո՞ւր է արդարության Աստվածը»։