1Սաղմոս Դավթի Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը, Որովհետև սքանչելիքներ գործեց։ Փրկեց նրան իր աջը և իր սուրբ բազուկը։
2Տերը ցույց տվեց իր փրկությունը, Իր արդարությունը հայտնեց ազգերի առջև,
3Հիշեց Հակոբին իր ողորմությամբ, Իր ճշմարտությամբ՝ տունն Իսրայելի։ Եվ երկրի բոլոր ծագերը տեսան մեր Աստծու փրկությունը։
4Աղաղակե՛ք Տիրոջը, ո՛ղջ երկիր, Օրհնեցե՛ք, ցնծացե՛ք և սաղմո՛ս երգեք։
5Սաղմո՛ս երգեք մեր Աստծուն օրհնությամբ, Օրհնությամբ և սաղմոսի ձայնով։
6Կռածո փողերի օրհնության ձայնով, Օրհնությամբ, ցնծությամբ և եղջերափողի ձայնով Աղաղակե՛ք Տեր թագավորի առջև։
7Թող խռովվի ծովն իր լիությամբ, Տիեզերքը և իր բոլոր բնակիչները,
8Եվ գետերը թող ծափահարեն միասին։ Լեռները թող ցնծան Տիրոջ առջև, որ եկել է,
9Եվ հասել է Տերը՝ երկիրը դատելու։ Պիտի դատի երկիրն արդարությամբ Եվ իր ժողովուրդներին՝ ուղղությամբ։