1Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ տաճարը շինվեց Նոր օրհնությո՛ւն երգեք Տիրոջը, Օրհնեցե՛ք Տիրոջը, երկի՛ր համայն,
2Օրհնեցե՛ք Տիրոջը և օրհնեցե՛ք նրա անունը, Օրըստօրե ավետարանե՛ք նրա փրկությունը,
3Հեթանոսներին պատմե՛ք նրա փառքը Եվ բոլոր ժողովուրդներին՝ նրա սքանչելիքները։
4Մեծ է Տերը և հույժ օրհնյալ, Ահարկու է նա բոլոր կուռքերի վրա։
5Հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են, Եվ Տերը ստեղծեց երկինքը։
6Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։
7Մատուցե՛ք Տիրոջը, ազգատոհմե՛ր, Մատուցե՛ք Տիրոջը փառք ու պատիվ։
8Մատուցե՛ք Տիրոջը փառքն իր անվան։ Առե՛ք ընծաներ և նրա սրահնե՛րը մտեք,
9Երկրպագե՛ք Տիրոջը նրա սրբության գավիթներում. Ամբողջ երկիրը պիտի խռովի նրա երեսից։
10Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերը թագավորեց, Հաստատեց աշխարհը, որ չսասանվի, Եվ իր ժողովրդին կդատի ուղղությամբ»։
11Թող երկինքն ուրախանա, և երկիրը ցնծա, Թող զվարճանա ծովն իր լիությամբ։
12Թող ցնծան դաշտերը և ամեն ինչ, որ կա նրանցում։ Այնժամ թող ցնծան անտառի բոլոր ծառերը
13Տիրոջ առջև, որ գալիս է. Գալիս է դատելու երկիրը։ Տիեզերքն արդարությամբ պիտի դատի Եվ բոլոր ժողովուրդներին՝ Իր ճշմարտությամբ։