1Գոհաբանական սաղմոս Դավթի Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև, Աղաղակենք մեր փրկիչ Աստծուն,
2Փութանք նրա առջև խոստովանությամբ, Սաղմոսներով աղաղակենք նրան։
3Տերը մեծ Աստված է, մեծ թագավոր ողջ երկրում։
4Նրա ձեռքերում են երկրի բոլոր եզերքները, Նրանն են լեռների բարձունքները։
5Նրանն է ծովը. նա արարեց այն, Եվ ցամաքը նրա ձեռքերն ստեղծեցին։
6Եկե՛ք երկրպագենք նրան, խոնարհվենք Եվ արտասվենք մեր արարչի՝ Տիրոջ առջև։
7Նա ինքն է մեր Աստվածը, Մենք՝ նրա ձեռքի ժողովուրդը Եվ նրա արոտի հոտը։ Այսօր, երբ նրա ձայնը լսեք,
8Ձեր սրտերը մի՛ խստացրեք դառնությամբ, Ինչպես փորձության օրն անապատում,
9Ուր ձեր հայրերը փորձեցին ինձ, Քննեցին ինձ և տեսան իմ գործերը։
10Քառասուն տարի ջանացի այդ ազգի համար և ասացի. «Միշտ մոլորված են սրտով Ու ճանապարհներս չճանաչեցին»։
11Ուստի երդվեցի բարկությանս մեջ, Որ իմ հանգստի մեջ նրանք չեն մտնի։