Psalms 93NEA

1Սաղմոս Դավթի՝ չորեքշաբթի օրվա Աստվա՛ծ վրեժխնդիր, Տե՛ր, Աստվա՛ծ վրեժխնդիր, հայտնվեցիր։

2Բա՛րձր եղիր, որ դատես երկիրը, Հատուցո՛ւմ տուր ամբարտավաններին։

3Մինչև ե՞րբ մեղավորները, Տե՛ր, Մինչև ե՞րբ մեղավորները պիտի պարծենան,

4Մեծաբարբառ անիրավություն խոսեն, Բոլորը խոսեն, ովքեր անօրենություն են գործում։

5Քո ժողովրդին, Տե՛ր, խոնարհ դարձրին Եվ չարչարեցին քո ժառանգությունը։

6Պանդուխտին և այրուն սպանեցին, որբերին կոտորեցին

7Եվ ասացին. «Տերն այս չի տեսնում, Հակոբի Աստվածն ուշ չի դարձնում»։

8Սթափվե՛ք, ժողովրդի անզգամնե՛ր և անմիտնե՛ր, Մինչև ե՞րբ պիտի չհասկանաք։

9Մի՞թե ականջ ստեղծողն ինքը չի լսի, Կամ աչք ստեղծողը ինքը չի տեսնի։

10Ազգերին խրատողն ու մարդուն գիտություն ուսուցանողը Մի՞թե չի հանդիմանի։

11Տերը գիտի, որ ունայն են մարդկանց խորհուրդները։

12Երանի՜ այն մարդուն, որին խրատում ես դու, Տե՛ր, Եվ քո օրենքները նրան ես սովորեցնում։

13Հանդարտեցնում ես նրան չարության օրերին, Մինչև հոր փորվի մեղավորի համար։

14Տերն իր ժողովրդին չի մերժի Եվ չի անտեսի իր ժառանգությունը,

15Մինչև որ իրավունքներն արդար դառնան, Եվ բոլոր սրտով ուղիղներն ընդունեն այն։

16Ո՞վ պիտի ելնի ինձ հետ ընդդեմ չարերի, Կամ ո՞վ պիտի միանա ընդդեմ նրանց, Ովքեր անօրենություն են գործում։

17Եթե Տերը ինձ չօգներ, Մի փոքր ևս, և հոգիս կբնակվեր գերեզմանում։

18Երբ ասում էի. «Ահա ոտքերս սասանվեցին», Քո ողորմությունը, Տե՛ր, օգնում էր ինձ։

19Իմ սրտի բազում ցավերի մեջ Քո մխիթարությունը ուրախացնում էր հոգիս։

20Թող քեզ չհավասարվի անօրենության աթոռը, Որ վնաս է պատճառում ընդդեմ հրամանի։

21Որսացին արդարի հոգին Եվ անմեղ արյունն էին դատապարտում։

22Տերն իմ ապավենը եղավ, Աստված՝ իմ հույսի օգնականը։

23Տերը պիտի հատուցի նրանց՝ Ըստ իրենց անօրենության, Տերը՝ մեր Աստվածը, պիտի կործանի նրանց՝ Ըստ իրենց չարության։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 93.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.