1Դպրապետին՝ որդու գաղտնիքների մասին։ Սաղմոս Դավթի
2Ո՜վ Տեր, իմ ամբողջ սրտով քեզ գոհություն կմատուցեմ Եվ կպատմեմ քո բոլոր սքանչելիքների մասին։
3Քեզանով կցնծամ ու կուրախանամ, Սաղմոս կասեմ Բարձրյալ Տիրոջ անվան համար։
4Թշնամիներս հետ դառնալով կթուլանան Ու կկործանվեն քո առջև։
5Իրավունքս ու դատաստանս դու տեսար, Որպես արդարության դատավոր՝ աթոռին նստեցիր։
6Սաստեցիր հեթանոսներին, և կորավ ամբարիշտը, Նրանց անունները ջնջեցիր հավիտյանս հավիտենից,
7Եվ թշնամու զենքն իսպառ վերացավ։ Ավերեցիր քաղաքները, և կորավ նրանց Հիշատակն աղաղակով։
8Կա Աստված և կմնա հավիտյան. Պատրաստեց իր աթոռը դատաստանի համար։
9Ինքն է դատում աշխարհն արդարությամբ Եվ ժողովրդին՝ ուղղամտությամբ։
10Տերը տնանկին ապավեն եղավ Եվ օգնական՝ նեղության պահին։
11Քեզ կհուսան բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, Քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տե՜ր։
12Սաղմո՛ս երգեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, Նրա գործերի մասին պատմե՛ք հեթանոսների մեջ։
13Աղքատների արյան համար վրեժխնդիր լինելիս Տերը հիշեց և չմոռացավ նրանց աղոթքները։
14Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Եվ տե՛ս իմ նվաստացումն իմ թշնամիներից։
15Դու բարձրացրիր ինձ մահվան դռներից, Որ պատմեմ ողջ օրհնությունդ Սիոնի դստեր դռներին Եվ ցնծամ քո փրկագործությամբ։
16Հեթանոսներն ընկղմվեցին իրենց գործած ապականության մեջ, Եվ թակարդը, որ լարեցին, կբռնի նրանց ոտքը։
17Տերը ճանաչված է իր արած դատաստաններով, Եվ մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի։
18Մեղավորները կրկին մեռյալների աշխարհ կընկնեն, Ինչպես նաև Աստծուն մոռացած բոլոր հեթանոսները։
19Տերը աղքատին երբեք չի մոռանա, Եվ տնանկների համբերությունը չի կորչի երբեք։
20Հասի՛ր, Տե՛ր, որպեսզի մարդը չտիրի, Թող հեթանոսները դատվեն քո առաջ։
21Նրանց մեջ վա՛խ դիր, Տե՛ր, Որպեսզի հեթանոսները հասկանան, Որ լոկ մարդ են։
22[10] Ինչո՞ւ, Տե՛ր, հեռու կանգնեցիր. Անտարբեր եղար նեղության ժամանակ։
23Ամբարիշտը ամբարտավանանալով նեղում է աղքատին. Թող խափանվեն այն հնարները, որ նրանք խորհեցին։
24Որովհետև մեղավորն ինքն իրեն գովում է իր ցանկությունների համար, Գովաբանվում է և նա, ով զրկում է։
25Իսկ մեղավորը բազում դառնությամբ բարկացրեց Աստծուն՝ Մտածելով, թե դրա համար չի հատուցվի։ Նրա համար չկա Աստված.
26Մշտապես պիղծ են նրա ճանապարհները։ Նրա մտքից վերացել է իրավունքը, Նա հոխորտում է իր հակառակորդների վրա։
27Ասաց իր սրտում. «Չեմ սասանվելու, Սերնդեսերունդ փորձանքի չեմ ենթարկվի»։
28Նրա բերանը լի է անեծքով, Դառնությամբ ու նենգությամբ, Իսկ լեզվի տակ ցավ է ու տառապանք։
29Դարան է մտնում մեծամեծների հետ, Որ անմեղին գաղտնաբար սպանի։ Նրա աչքն աղքատի վրա է.
30Դարանակալում է, ինչպես առյուծը մորենու մեջ, Դարանակալում է՝ հափշտակելու աղքատին, Հափշտակելու աղքատին և ճանկելու նրան։
31Իր որոգայթը կգցի նրան, Բայց տիրելով աղքատներին՝ կխոնարհվի ու կընկնի։
32Քանզի ասաց իր սրտում. «Աստված մոռացել է, Շրջել է իր երեսը՝ բնավ չտեսնելու համար»։
33Ելի՛ր, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Թող բարձրանա քո ձեռքը, Եվ մի՛ մոռացիր տնանկներին։
34Իսկ ինչո՜ւ ամբարիշտը բարկացրեց Աստծուն՝ Ասելով իր սրտում, թե չի քննվի։
35Տեսնում ես դու ցավն ու տրտմությունը, Քո ձե՛ռքը մատնիր նրան. Քեզ է թողնվել աղքատը, և դու ես որբի օգնականը։
36Թող խորտակվի մեղավորի և չարի բազուկը, Պատժի՛ր նրա անարդարությունը, Որ այլևս չլինի։
37Տերը թագավոր է հավիտյանս հավիտենից։ Հեթանոսները թող կորչեն նրա երկրից։
38Տե՛ր, լսեցիր աղքատների ցանկությունը, Քո ականջը հասավ նրանց սրտի պատրաստությանը՝
39Տեսնելու որբի և տնանկի դատաստանը, Որ հողեղեն մարդը չկարողանա նրանց ճնշել երկրի երեսին։