1Դպրապետին՝ նվագարանով։ Սաղմոս Դավթի
2Տե՛ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է քո անունը Ամբողջ աշխարհում։ Բարձրացավ քո մեծ վայելչությունը երկնքից էլ վեր։
3Մանկահասակ և կաթնակեր մանուկների բերանից Թող օրհներգություն ելնի ընդդեմ քո թշնամիների, Որ կործանվեն հակառակորդն ու թշնամին։
4Երկինքը տեսնեմ՝ գործը մատներիդ, Աստղերն ու լուսինը, որ դո՛ւ հաստատեցիր։
5Ո՞վ է մարդը, որ հիշում ես նրան, Կամ մարդու որդին, որ այցի գաս նրան։
6Քո հրեշտակներից փոքր-ինչ խոնարհ ստեղծեցիր նրան, Փառքով ու պատվով պսակեցիր նրան
7Եվ կանգնեցրիր նրան քո բոլոր ձեռակերտների վրա։ Ամեն ինչ հնազանդ դարձրիր նրա ոտքերի տակ՝
8Ոչխար, արջառ և ամեն տեսակի վայրի անասուն,
9Երկնի թռչուններ ու ծովի ձկներ, որ շրջում են ուղիներում ծովի։
10Տե՜ր, Տե՜ր մեր, ի՜նչ սքանչելի է Քո անունը երկրի վրա։