Psalms 7NEA

1Սաղմոս Դավթի, որ Տիրոջն ասաց Հերմինի որդի Քուսի խոսքերի առիթով

2Տե՛ր, Աստվա՛ծ իմ, հույսս քեզ վրա դրեցի, Փրկի՛ր ինձ և ազատի՛ր իմ բոլոր հալածիչներից։

3Գուցե և առյուծի նման հափշտակեն անձն իմ, Ու չգտնվի մեկը, որ փրկի ինձ և պահպանի։

4Տե՛ր, Աստվա՛ծ իմ, եթե արել եմ այս բանը. Եթե իմ ձեռքերով անօրենություններ եմ գործել,

5Եթե իմ հանդեպ չարիք չգործածին երբևէ չարությամբ եմ հատուցել, Թող ես էլ կորչեմ իմ թշնամիների հետ։

6Ուրեմն ինձ թող հալածի թշնամին, Հասնի և կորստի մատնի կյանքն իմ, Իսկ փառքս հողին հավասար դարձնի։

7Ելի՛ր, Տե՛ր, բարկությամբ քո Եվ բարձրացի՛ր՝ վերացնելու իմ թշնամիներին։ Արթնացի՛ր, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Հանուն քո պատվիրած հրամանների։

8Եվ ժողովուրդների բազմությունները շուրջդ կհավաքվեն, Դրա համար, ո՜վ Տեր, բազմի՛ր բարձունքներում,

9Որովհետև Տերն է դատում իր ժողովրդին։ Ո՜վ Տեր, ինձ դատի՛ր ըստ իմ արդարության Եվ ըստ իմ մեջ եղած անբծության։

10Թող մեղավորների չարիքները վերջ գտնեն, Իսկ արդարին հաջողությո՛ւն տուր։ Դու քննում ես սրտերն ու երիկամները, Ո՜վ արդար Աստված։

11Հիրավի ինձ օգնողն Աստված է, Որ փրկում է նրանց, ովքեր ուղիղ են սրտով։

12Դատավոր է Աստված՝ հզոր, արդար և երկայնամիտ, Որն իր զայրույթը չի թափում անտեղի։

13Իսկ եթե նրան չդառնանք, Սրված է սուրն իր, աղեղն իր՝ լարված։

14Նա պատրաստել է գործիքը մահվան, Իսկ իր նետերը կրակ են արձակում։

15Ահավասիկ անօրենություն երկնեց, Ցավ հղացավ և անիրավություն ծնեց։

16Գուբ փորեց և խորացրեց, Բայց ինքը պիտի ընկնի այն խորխորատի մեջ, Որ ինքը պատրաստեց։

17Նրա գլխին կդառնան իր ցավերը, Նրա գագաթին կիջնեն իր անօրենությունները։

18Պիտի գովաբանեմ Տիրոջը Ըստ նրա արդարության, Սաղմոս պիտի ասեմ Բարձրյալ Տիրոջ անվանը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.