1Եման Իսրայելացու՝ իմաստության
2Տե՛ր, քո ողորմությունները պիտի օրհնեմ հավիտյան, Սերնդեսերունդ իմ բերանով Պիտի պատմեմ քո ճշմարտությունը։
3Ասացիր՝ իմ ողորմությունը պիտի հաստատվի հավիտյան. Քո ճշմարտությունը պատրաստ պիտի լինի երկնքի մեջ։
4Ուխտ կնքեցի ընտրյալներիս հետ, Երդվեցի Դավթին՝ իմ ծառային.
5Քո զավակը պիտի հաստատեմ հավիտյան, Եվ քո աթոռը պիտի շինեմ սերնդեսերունդ։
6Երկինքը պիտի խոստովանի քո հրաշագործությունը, Տե՛ր, Եվ քո ճշմարտությունը՝ սրբերի ժողովում։
7Ո՞վ է քեզ հավասար ամպերի մեջ, Կամ Աստծու որդիների մեջ ո՞վ է նման Տիրոջը։
8Փառավորված է Աստված իր սրբերի խորհրդում, Մեծ և ահավոր է իր շուրջը եղողների վրա։
9Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, ո՞վ է քեզ նման, Հզոր ես դու, Տե՛ր, և ճշմարտությունը շուրջդ է։
10Դու տիրում ես ծովի զորություններին, Եվ նրա ալիքների խռովությունը դու ես հանդարտեցնում։
11Վիրավորների նման խոնարհեցրիր ամբարտավաններին, Քո բազկի զորությամբ ցրեցիր քո թշնամիներին։
12Երկինքը քոնն է, և քոնն է երկիրը. Աշխարհն ամբողջությամբ դու հաստատեցիր,
13Դու ստեղծեցիր հյուսիսն ու հարավը, Թաբորն ու Հերմոնը պիտի ցնծան քո անվամբ։
14Քոնն է բազուկը, և քոնն է զորությունը. Քո աջը թող զորանա, Եվ քո ձեռքը բարձր թող լինի։
15Քո աթոռը հաստատված է Արդարության և իրավունքի վրա. Ողորմությունն ու ճշմարտությունը Քո երեսի առջևից պիտի ընթանան։
16Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի քո օրհնությունները, Տե՛ր, Քո երեսի լույսով պիտի ընթանա,
17Քո անվամբ պիտի ցնծա ամբողջ օրը Եվ քո արդարությամբ բարձր պիտի լինի։
18Դու ես պարծանքը մեր զորության, Եվ քո կամքով մեր եղջյուրը բարձր պիտի լինի։
19Տիրոջից է Իսրայելի սրբի՝ մեր թագավորի օգնությունը։
20Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր որդիներիդ հետ Եվ ասացիր. «Օգնություն ցույց կտամ հզորին Եվ կբարձրացնեմ ժողովրդիս ընտրյալին։
21Ես գտա իմ ծառա Դավթին, իմ սուրբ յուղով օծեցի նրան.
22Ձեռքս կընդունի նրան, իսկ բազուկս կզորացնի նրան։
23Թշնամին չի վնասի նրան, Եվ անօրենության որդին նրան չի չարչարի։
24Նրա թշնամիներին կհարվածեմ նրա առջև Եվ նրա ատելիներին պարտության կմատնեմ։
25Իմ ճշմարտությունն ու ողորմությունը նրա հետ են, Եվ նրա եղջյուրը իմ անվամբ բարձր կլինի։
26Նրա ձեռքը ծովին կդնեմ, նրա աջը՝ գետերի վրա։
27Նա կկանչի ինձ. «Իմ Հայրն ես դու, Աստվա՛ծ, Իմ փրկության ցանկացողը»։
28Ես նրան առաջնեկ կդարձնեմ և բարձր՝ Երկրի բոլոր թագավորներից ավելի։
29Նրան կպահեմ հավիտյան իմ ողորմությունը Եվ ուխտս՝ հավատարիմ նրա հետ։
30Նրա զավակին կհաստատեմ հավիտյանս հավիտենից Եվ նրա աթոռը՝ երկնքի օրերի պես։
31Եթե նրա որդիները թողնեն իմ օրենքները Եվ չկամենան շարժվել իմ իրավունքով,
32Եթե անարգեն իմ արդարությունը Եվ չպահեն իմ պատվիրանները,
33Գավազանով կհարվածեմ նրանց անօրենություններին Եվ տանջանքներով՝ նրանց անիրավություններին։
34Բայց իմ ողորմությունը չեմ զրկի նրանցից Եվ ճշմարտությանս չեմ դավաճանի,
35Ոչ էլ իմ ուխտը կանարգեմ, Եվ ինչ որ ելնի իմ շուրթերից, չեմ արհամարհի։
36Մեկընդմիշտ երդվեցի իմ սրբությամբ, Որ չեմ խաբի Դավթին։
37Նրա զավակը հավիտյան կմնա, Եվ նրա աթոռը, ինչպես արեգակ, իմ առջև է,
38Ինչպես լուսին, որ հաստատված է Որպես հավատարիմ վկա երկնքում։
39Իսկ արդ, դու մերժեցիր և անարգեցիր Ու գետին տապալեցիր քո օծյալին։
40Հրաժարվեցիր քո ծառայի ուխտից Եվ երկրի վրա պղծեցիր նրա սրբությունը,
41Քանդեցիր նրա բոլոր պարիսպները Եվ նրա ամրոցները սարսափի մեջ դրեցիր։
42Ճանապարհի անցորդները կողոպտեցին նրան, Եվ նա իր հարևանների նախատինքը դարձավ։
43Նրա նեղիչների աջը բարձրացրիր Եվ ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին։
44Օգնությունը հեռացրիր նրա սրից Եվ պատերազմի մեջ նրան զորավիգ չեղար։
45Անարգեցիր նրա սրբությունը Եվ նրա աթոռը տապալեցիր գետնին։
46Նրա կյանքի օրերը նվազեցրիր Եվ նրան ամոթով ծածկեցիր։
47Երեսդ մինչև ե՞րբ պիտի շրջես ընդմիշտ. Բարկությունդ հրի պես պիտի բորբոքվի։
48Իսկ արդ, հիշի՛ր և տե՛ս՝ ո՞վ է իմ էությունը. Մի՞թե իզուր ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին։
49Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի ու մահ չտեսնի, Կամ իր հոգին պիտի փրկի մահվան ձեռքից։
50Ո՞ւր են քո նախկին ողորմությունները, Տե՛ր, Որոնք խոստացար Դավթին քո ճշմարտությամբ։
51Հիշի՛ր ծառայիդ նախատինքները, Որ ստացա ծոցիս մեջ բազում ազգերից,
52Որով նախատեցին քո թշնամիները, Տե՛ր, Նախատեցին քո օծյալին։
53Օրհնյա՜լ է Տերը հավիտյանս հավիտենից։ Եղիցի՜, եղիցի՜։