1Աստծու մարդու՝ Մովսեսի աղոթքը Տե՛ր, մեր ապավենը եղար սերնդեսերունդ։
2Երբ դեռ լեռները չէին հաստատվել, Երբ դեռ երկիրն ու ողջ տիեզերքը չէին ստեղծվել, Հավիտենից մինչև հավիտյան դու ես։
3Մարդուն մի՛ վերադարձրու տառապանքի։ Եվ ասացիր. «Ինձ մո՛տ դարձեք, մարդկա՛նց որդիներ»։
4Հազար տարին Տիրոջ աչքին նման է երեկվա օրվան, Որ անցավ գիշերվա պահի պես,
5Եվ նրանց տարիները ունայն պիտի լինեն։ Առավոտյան խոտի պես պիտի բուսնեն,
6Առավոտյան խոտի պես պիտի ծաղկեն և զվարճանան, Երեկոյան պիտի թառամեն, չորանան և ընկնեն։
7Մենք նվաղեցինք քո բարկությունից Եվ քո զայրույթից խռովվեցինք։
8Մեր մեղքերը քո առջև դրեցիր Եվ մեր կյանքը՝ քո դեմքի լույսի տակ։
9Մեր բոլոր օրերը նվաղեցին, Եվ քո բարկությունից խռովվեցինք։ Մեր տարիների ժամանակը նմանվեց սարդի ոստայնի,
10Եվ մեր տարիների օրերի թիվը նրանց մեջ՝ յոթանասուն տարի, Առավելագույնը՝ ութսուն տարի, Նրանից ավելին՝ ցավ ու հեծություն։ Մեզ վրա հեծություն իջավ, և մենք խրատվեցինք,
11Իսկ ո՞վ գիտի քո բարկության զորությունը. Կամ քո ահից ո՞վ կչափի քո զայրույթը։
12Այսպես ցո՛ւյց տուր ինձ քո աջը Եվ սրտով խոնարհներին՝ իմաստությունդ։
13Դարձի՛ր, Տե՛ր, մինչև ե՞րբ... Մխիթարի՛ր քո ծառաներին։
14Առավոտյան լիացանք քո ողորմությամբ, Ցնծացինք և ուրախացանք մեր կյանքի բոլոր օրերին։
15Ուրախ եղանք այն օրերի փոխարեն, Երբ խեղճացրին մեզ, և այն տարիների, Երբ չարչարանքներ տեսանք։
16Տե՛ր, նայի՛ր քո ծառաներին ու քո ձեռքերի գործերին Եվ առաջնորդի՛ր նրանց որդիներին։
17Տիրոջ՝ Աստծու լույսը թող լինի մեզ վրա։ Տե՛ր, ուղղի՛ր մեր ձեռքերի գործերը, Մեր ձեռքերի գործերը հաջողեցրո՛ւ մեզ։