1Սաղմոս Ասափի՝ օրհներգ
2Աստվա՛ծ, ո՞վ է քեզ նման. Մի՛ լռիր ու մի՛ դադարիր, Աստվա՛ծ։
3Ահա թշնամիներդ գոչեցին, Եվ ատելիներդ իրենց գլուխները բարձրացրին։
4Քո ժողովրդի դեմ խորամանկություն մտածեցին. Խորհեցին քո խնամարկյալների դեմ
5և ասացին. «Եկե՛ք վերացնենք նրանց ազգերի միջից, Որ այլևս չհիշվի անունը Իսրայելի»։
6Մեկտեղ միաբանությամբ խորհեցին, Դաշինք կնքեցին քո դեմ.
7Եդովմացիների բանակներն ու իսմայելացիները, Մովաբն ու հագարացիները,
8Գեբաղը, Ամովնը, Ամաղեկը Եվ բոլոր այլազգիները՝ Ծուրի բնակիչներով հանդերձ։
9Նաև Ասուրն էր եկել նրանց հետ. սրանք բոլորը Զորավիգ էին Ղովտի որդիներին։
10Սրանց Մադիամի ու Սիսարի նմա՛ն արա, Հաբինի նման՝ Կիսոնի ձորերի մեջ։
11Կոտորվեցին նրանք Դովրի ակունքներում Եվ եղան երկրի աղբի պես։
12Նրանց իշխաններին արա՛ Որեբի, Էբի, Զեբեի, Սաղմանայի պես. նրանց բոլոր իշխաններին,
13Որոնք ասացին. «Ժառանգենք Աստծու սրբությունը մեզ համար»։
14Աստվա՛ծ իմ, նրանց արա՛ անիվի պես, Ինչպես եղեգ՝ հողմի դիմաց,
15Ինչպես հուր, որ անտառն է այրում, Ինչպես բոց, որ լեռներն է կիզում։
16Քո մրրիկով այսպես պիտի հալածես նրանց Եվ քո բարկությամբ խռովեցնես նրանց։
17Անարգանքո՛վ լցրու նրանց երեսները, Որ քո անունը ցանկան, Տե՜ր,
18Թող ամաչեն ու խռովվեն Հավիտյանս հավիտենից. Եվ կորչեն ամոթահար։
19Թող իմանան, որ Տեր է քո անունը, Եվ դու ես միակ Բարձրյալը ողջ երկրի վրա։