1Դպրապետին՝ ինչպես «Իդիթոմը»։ Սաղմոս Ասափի
2Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի, Իմ ձայնով՝ Աստծուն, և նա նայեց ինձ։
3Իմ նեղության օրերին Աստծուն փնտրեցի՝ Գիշերով ձեռքերս պարզած նրա առջև, և չխաբվեցի։ Չէր ուզում մխիթարվել հոգիս,
4Հիշում էի Աստծուն և ուրախանում, Հոգնությունից իմ ներսում նվաղում էր հոգիս։
5Քուն չտվեցիր իմ աչքերին, խռովվեցի ու չխոսեցի։
6Հին օրերի մասին խորհեցի Եվ հին տարիները հիշեցի։
7Գիշերը սրտիս հետ խոսեցի. Հոգնությունից իմ ներսում Տառապեց հոգիս։
8Մի՞թե հավերժ մերժելու է ինձ Տերը Եվ այլևս չի շարունակելու բարեհաճել։
9Կամ իսպառ զրկելո՞ւ է ինձ իր ողորմությունից, Կամ վե՞րջ է դնելու իր խոսքին սերնդեսերունդ։
10Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։
11Ասացի. «Այժմ սկսեցի. Այս է փոփոխությունը Բարձրյալի աջի»։
12Հիշեցի Տիրոջ գործերն ի սկզբանե, Հիշեցի նրա սքանչելիքները։
13Խոսեցի քո բոլոր գործերի մասին, Խորհեցի քո ձեռքի գործերի մասին։
14Աստվա՛ծ, քո ճանապարհները սրբության մեջ են. Ո՞վ է ավելի մեծ Աստված, քան մեր Աստվածը,
15Դու սքանչելագործ Աստված ես։ Քո զորությունը ցույց տվեցիր քո ժողովրդին.
16Քո բազուկով փրկեցիր քո ժողովրդին՝ Հակոբի և Հովսեփի որդիներին։
17Ջրերը տեսան քեզ, Աստվա՛ծ, Ջրերը տեսան քեզ և վախեցան, Եվ անդունդները խռովվեցին բազում ջրերի ձայնից։
18Ամպերը ձայն տվեցին, և նետերը սլացան
19Քո անիվի որոտման ձայնից։ Տիեզերքում երևացին քո փայլատակումները. Երկիրը խռովվեց և դողաց։
20Ծովում են քո ճանապարհները, Քո շավիղները՝ հորդառատ ջրերում, Եվ քո հետքերը չեն երևում։
21Իբրև հոտ առաջնորդեցիր քո ժողովրդին Մովսեսի և Ահարոնի ձեռքով։