Psalms 67NEA

1Դպրապետին։ Սաղմոս Դավթի

2Թող Աստված ելնի, և նրա բոլոր թշնամիները թող ցրվեն, Եվ նրան ատողները թող փախչեն նրա երեսից։

3Թող պակասեն, ինչպես ծուխն է պակասում, Ինչպես մոմն է հալվում կրակի դեմ, Այնպես էլ թող կորչեն մեղավորները Աստծու երեսից։

4Արդարները թող ուրախանան ու ցնծան նրա առաջ Եվ զվարճանան իրենց ուրախությամբ։

5Օրհնեցե՛ք Աստծուն և սաղմո՛ս ասացեք նրա անվանը, Ճամփա՛ բացեք նրան, ով նստում է արևմուտքում, Եվ նրա անունը Տեր է։ Թող ցնծան նրա առջև և խռովվեն նրա երեսից,

6Նա, որ հայրն է որբերի և դատավորն այրիների, Աստված՝ իր սրբավայրում։

7Աստված բնակեցնում է տնանկներին տան մեջ Եվ իր քաջությամբ ազատում բանտվածներին, Ինչպես նաև դառնացողներին, Որ բնակվում են գերեզմաններում։

8Աստվա՛ծ, երբ դու ընթացար քո ժողովրդի առջևից, Երբ անցար անապատով,

9Երկիրը ցնցվեց, և երկինքը ցողեց Աստծու երեսից Սինայում՝ Իսրայելի Աստծու առջև։

10Շնորհաբեր անձրև պատրաստեցիր Քո ժառանգության համար, Որը թեև հիվանդացավ, բայց դու կազդուրեցիր նրան,

11Եվ քո գազանները պիտի բնակվեն այնտեղ։ Քո քաղցրությամբ, Աստվա՛ծ, Պատրաստություն տեսար աղքատի համար։

12Տերը պատգամ պիտի տա նրանց, Ովքեր մեծ զորությամբ բարի լուրն են տալիս.

13Զորությունների սիրելի՛ թագավոր, Քո տան գեղեցկությունը մատնվեց ավարի։

14Թեկուզ և ննջեք վիճակների մեջ, Աղավնու թևերն արծաթապատ են, Եվ նրա թիկնամեջքը՝ ոսկեգույն։

15Երկնավորը թագավորներին ցրեց երկրի վրա Սեղմովնի՝ ձյունով ծածկվելու պես։

16Աստծու լեռը պարարտ լեռ է, Հաստատուն և պարարտ լեռ.

17Եվ ի՞նչ եք կարծում, հպարտացա՛ծ լեռներ։ Ահավասիկ լեռը, որտեղ բարեհաճեց բնակվել Աստված. Տերն իսկ բնակվելու է այնտեղ հավիտյան։

18Աստծու կառքերը բյուրապատիկ են՝ Հազարավոր կառապաններով, Նրանց մեջ է Տերը՝ Սինայի իր սրբարանից։

19Ելավ բարձունքները և գերիներ առավ, ավար առավ, Պարգևներ բաշխեց և տվեց մարդկանց որդիներին, Որ նույնիսկ թերահավատներն այնտեղ բնակվեն։

20Օրհնյա՜լ է Աստված, Օրհնյա՜լ է Տերը զօրհանապազ, Մեր փրկիչ Աստվածը պիտի առաջնորդի մեզ։

21Մեր Աստվածը կենարար Աստված է, Տիրոջն են մահվան ելքերը։

22Սակայն Աստված պիտի փշրի մեր թշնամիների գլուխները Եվ պսակահեր գլուխները նրանց, Ովքեր շարժվում են անօրենությամբ։

23Տերն ասաց. «Անդունդների խորքերից պիտի հանեմ Եվ ժանիքների միջից դուրս պիտի կորզեմ նրան»։

24Որ ոտքդ արյան մեջ թրջվի, և քո շների լեզուները՝ Թշնամիներիդ արյունով։

25Աստվա՛ծ, քո ընթացքները երևացին. Աստծու՝ մեր սուրբ թագավորի ընթացքները։

26Իշխաններն առաջ անցան՝ օրհնություն մատուցելու Գուսանների և գովերգուների մեջ։

27Հավաքներում օրհնեցե՛ք Աստծուն, Օրհնեցե՛ք Տիրոջը, որ Իսրայելի աղբյուրներից եք։

28Այնտեղ են հրաշամանուկ Բենիամինը, Հուդայի առաջնորդ իշխանները, Զաբուղոնի և Նեփթաղիմի իշխանները։

29Հրամայի՛ր քո զորությամբ, Աստվա՛ծ, Զորացրո՛ւ այն, ինչը հաստատեցիր մեր մեջ.

30Երուսաղեմի քո սուրբ տաճարում թագավորները Թող ընծաներ մատուցեն քեզ։

31Սաստի՛ր եղեգների գազանին, Արջառների և ցուլերի հոտերին։ Պիտի մերժվեն նրանք, որ արծաթով են ընտրված, Ցրի՛ր հեթանոսներին ու պատերազմ կամեցողներին։

32Եգիպտոսից պատգամավորներ պիտի գան, Հնդիկները շուտով ձեռք կպարզեն Աստծուն։

33Երկրի թագավորություննե՛ր, օրհնեցե՛ք Աստծուն Եվ սաղմո՛ս ասացեք Տիրոջը։

34Ճանապա՛րհ բացեք նրան, ով նստում է Երկինքների երկնքում, արևելքում։ Ահա իր ձայնը պիտի տա, ձայնը զորության։

35Փա՛ռք տվեք Աստծուն։ Իսրայելի վրա է նրա մեծ վայելչությունը, Իսկ նրա զորությունը մինչև երկնքի ամպերն է հասնում։

36Սքանչելի է Աստված իր սրբերի վրա, Աստվածն Իսրայելի։ Նա զորություն պիտի տա Եվ հաստատություն իր ժողովրդին. Օրհնյա՜լ է Աստված։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 67.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.