1Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Սաղմոս Դավթի
2Փրկի՛ր ինձ, Աստվա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին,
3Ընկղմվեցի անդունդների խորքերի մեջ, Որտեղ ինձ համար հանգիստ չկա։ Հասա մինչև խորքերը ծովի, Եվ հորձանքներն ինձ ընկղմեցին։
4Հոգնեցի ես աղաղակելուց, և կոկորդս իսպառ չորացավ։ Աչքերս նվաղեցին իմ Աստծուն հուսալուց։
5Գլխիս մազերից ավելի շատացան ինձ իզուր ատողները։ Ինձնից ավելի զորացան իմ թշնամիներն ու ինձ նանրությամբ ատողները, Չհափշտակված բաների համար վճարեցի նրանց։
6Աստվա՛ծ, դու ճանաչեցիր իմ անզգամությունը, Եվ իմ հանցանքները քեզնից չծածկվեցին։
7Թող քեզ սպասողները չամաչեն իմ պատճառով, Տե՛ր, Զորությունների՛ Տեր, Թող իմ պատճառով ամոթով չմնան նրանք, Ովքեր փնտրում են քեզ, Աստվա՛ծ Իսրայելի։
8Քեզ համար համբերեցի նախատինքներին, Եվ ամոթը ծածկեց իմ երեսը։
9Օտար եղա ես իմ եղբայրներին Եվ հյուր՝ իմ մոր որդիների համար։
10Քո տան նախանձը կերավ ինձ, Եվ քո նախանձողների նախատինքը Ընկավ ինձ վրա։
11Խոնարհեցրի հոգիս պահքով, Եվ սա նախատինք եղավ ինձ,
12Իմ հագուստը քուրձ դարձրի Եվ նրանց աչքին ծաղրանք դարձա։
13Ինձ չարախոսում էին տան շեմին նստողները, Ինձ այպանում էին գինի խմողները։
14Ընդունված ժամին ես աղոթում էի քեզ, Տե՛ր։ Լսի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո առատ ողորմությամբ, Քո՝ փրկության ճշմարտությամբ։
15Ազատի՛ր ինձ ցեխից, որ չխորտակվեմ Եվ փրկվեմ իմ ատելիներից Ու բազում ջրերի խորություններից։
16Ջրերի պտույտների հորձանքները թող ինձ չընկղմեն, Ջրհորն իր բերանը թող չփակի ինձ վրա։
17Լսի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև քաղցր է քո ողորմությունը, Նայի՛ր ինձ ըստ քո մեծ գթառատության
18Եվ երեսդ մի՛ շրջիր քո ծառայից, Որովհետև նեղության մեջ եմ ես. լսի՛ր ինձ շուտով։
19Նայի՛ր հոգուս և արձակի՛ր ինձ Եվ ապրեցրո՛ւ ինձ իմ թշնամիներից։
20Որովհետև դու գիտես իմ նախատինքը, Իմ ամոթն ու իմ պատկառանքը։
21Իմ անձի բոլոր նեղիչները քո առջև են, Սիրտս համբերեց նախատինքների և թշվառության։ Ուզում էի տեսնել, թե ո՛վ պիտի տրտմեր ինձ հետ, Բայց ոչ ոք չկար, և ինձ մխիթարիչ չգտնվեց։
22Ինձ լեղի տվեցին կերակուրի փոխարեն, Ծարավիս պահին քացախ խմեցրին ինձ։
23Թող նրանց սեղանները որոգայթ դառնան իրենց առջև՝ Իբրև պատիժ և գայթակղություն։
24Թող նրանց աչքերը խավարեն, որ չտեսնեն, Եվ նրանց թիկունքները կորցրո՛ւ հանապազ։
25Քո զայրույթը նրանց վրա թող թափվի։ Քո բարկության սրտմտությունը Թող նրանց վրա հասնի։
26Թող ավերակ դառնան նրանց բնակավայրերը, Եվ նրանց հարկերում ոչ ոք թող չապրի։
27Որովհետև ում դու հարվածեցիր, նրանք հալածեցին, Իմ վերքերին ցավեր ավելացրին։
28Նրանց մեղքերին մեղքե՛ր գումարիր, Որ չմտնեն քո արդարության մեջ։
29Թող նրանք ջնջվեն քո կյանքի գրքից Եվ չգրվեն քո արդարների հետ։
30Ես աղքատ ու վշտացած եմ. Քո պարգևած փրկությունը, Աստվա՛ծ, թող վիճակվի ինձ։
31Աստծու անունը պիտի օրհնեմ օրհնությամբ Եվ պիտի փառաբանեմ նրան գովերգով։
32Հաճելի կլինի Աստծուն, քան մատաղ հորթը, Որ ունի եղջյուրներ և կճղակներ։
33Աղքատները կտեսնեն և կուրախանան. Փնտրե՛ք Աստծուն, և ձեր հոգիները կապրեն։
34Քանզի Տերը լսեց անտուններին Եվ չարհամարհեց իր բանտարկյալներին։
35Թող օրհնեն նրան երկինքն ու երկիրը, Ծովերը և նրանց մեջ բոլոր լողացողները։
36Աստված կփրկի Սիոնը, Եվ կկառուցվեն քաղաքները Հուդայի երկրի, Կկառուցեն, կբնակեցնեն ու կժառանգեն այն։
37Այնտեղ կհաստատվի քո ծառայի զավակը, Եվ քո անունը սիրողները կբնակվեն այնտեղ։