1Սաղմոս Դավթի, մինչ նա գտնվում էր Հուդայի երկրի անապատում
2Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, Քեզ եմ աղոթում առավոտյան, Հոգիս ծարավ է քեզ, առավել ևս՝ մարմինն իմ։ Ինչպես անջուր, չոր և անապատ երկիր, Որտեղ չկա ճանապարհ,
3Այնպես պիտի քո սրբարանում երևամ՝ Տեսնելու քո զորությունն ու փառքը,
4Քանզի քո ողորմությունն ինձ համար ավելի լավ է, Քան իմ կյանքը, Եվ իմ շրթունքները պիտի գովեն քեզ։
5Այսպես իմ կյանքում քեզ պիտի օրհնեմ Եվ հանուն քեզ ձեռքերս վեր բարձրացնեմ։
6Ասես ճարպի պարարտությունից պիտի հագենամ, Բերանս ցնծալի շրթունքներով քեզ պիտի օրհնի։
7Երբ հիշում էի քեզ անկողնուս մեջ, Առավոտ շատ վաղ խոսում էի քեզ հետ,
8Որովհետև իմ օգնականը եղար. Քո թևերի հովանու ներքո պիտի ցնծամ։
9Քեզ հետևեց անձն իմ, և քո աջն ընդունեց ինձ։
10Նրանք իզուր հետապնդեցին ինձ. Թող երկրի անդունդների խորքը մտնեն,
11Թող սրի մատնվեն Եվ աղվեսների բաժին դառնան։
12Թագավորը հույսը Տիրոջ վրա կդնի. Բոլոր նրանով երդվողները թող պարծենան, Թող խցվեն նրանց բերանները, Ովքեր խոսում են անիրավություն։