1Դպրապետին՝ ինչպես «Մի՛ ապականիր»-ը։ Սաղմոս Դավթի, արձանագիր, երբ նա Սավուղի երեսից փախել թաքնվել էր քարայրում
2Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, ողորմի՛ր ինձ, Որովհետև քեզ հուսացի։ Քո թևերի հովանուն պիտի հուսամ, Մինչև անօրենությունն անցնի։
3Աղաղակեցի Բարձրյալ Աստծուն, Իմ բարերար Աստծուն։
4Ուղարկեց երկնքից և ապրեցրեց ինձ, Նախատեց ինձ կոխոտողներին։ Ուղարկեց Աստված իր ողորմությունն Ու ճշմարտությունը
5Եվ գազանների միջից հոգիս ազատեց, Քանզի ննջում էի ես խռովված։ Քանզի զենք և նետ են մարդկանց որդիների համար իրենց ատամները, Իսկ նրանց լեզուները՝ սուր սուսեր։
6Բարձր ես երկինքների մեջ, Աստվա՛ծ, Եվ ողջ երկիրն է բռնել քո փառքը։
7Որոգայթ պատրաստեցին ոտքերիս, Խոնարհեցրին հոգիս, իմ առջև խորխորատ փորեցին, Բայց իրենք ընկան նրա մեջ։
8Պատրաստ է սիրտս, Աստվա՛ծ, Պատրաստ է սիրտս օրհնելու Եվ սաղմոսելու քեզ փառաբանությամբ։
9Արթնացի՛ր, փա՛ռք իմ, արթնացի՛ր Սաղմոսերգությամբ և օրհնությամբ, Եվ ես կարթնանամ առավոտյան.
10Պիտի վկայեմ քեզ, Տե՛ր, ժողովուրդների մեջ Եվ պիտի սաղմոս երգեմ քեզ ազգերի մեջ։
11Մեծ եղավ ողորմությունդ մինչև երկինք, Քո ճշմարտությունը՝ մինչև ամպերը։
12Բարձր ես երկնքում, Աստվա՛ծ, Եվ ողջ երկիրն է բռնել քո փառքը։