Psalms 54NEA

1Դպրապետին՝ քնարով։ Դավթի՝ սաղմոս իմաստության

2Ո՛վ Աստված, ակա՛նջ դիր իմ աղոթքներին Եվ մի՛ անտեսիր իմ խնդրանքները.

3Նայի՛ր ու լսի՛ր ինձ, Քանզի ձանձրության մեջ տրտմեցի

4Եվ խռովվեցի թշնամու ձայնից Եվ մեղավորի պատճառած նեղությունից։ Անիրավությամբ սխալվեցին իմ մասին Եվ բարկությամբ ոխ պահեցին իմ դեմ։

5Սիրտս խռովվեց իմ մեջ, և մահվան երկյուղ եկավ վրաս։

6Ահ ու դող եկավ ինձ վրա, և խավարը ծածկեց ինձ։

7Ասում էի. «Մեկը լիներ, աղավնու պես թևեր տար ինձ, Որ թռչելով բարձրանայի,

8Հեռանալով հանգստանայի անապատում»։

9Ակնկալում էի Աստծուց, որ փրկեր ինձ Զայրույթի կարճմտությունից, Փոթորկվող նեղսրտությունից։

10Խառնակի՛ր, Տե՜ր, և բաժանի՛ր նրանց լեզուները, Քանզի անօրենություն և հակառակություն տեսա քաղաքի մեջ։

11Նրա պարիսպների շուրջը գիշեր-ցերեկ անօրենություն է, Չարիք և մեղք կա նրանց մեջ,

12Եվ նրանց հրապարակներից չպակասեցին Վաշխառությունն ու նենգությունը։

13Քանզի եթե թշնամին լիներ նախատողը, գուցե համբերեի, Կամ եթե ատելին լիներ իմ մասին դատարկ բաներ խոսողը, Գուցե թաքնվեի նրանից։

14Իսկ դո՛ւ, ո՜վ մարդ, ինձ հավասար ես, Իմ առաջնորդն ես և իմ ծանոթը.

15Իմ ու քո կերակուրը քո ներկայությամբ դու էիր քաղցրացնում, Քանզի միաբանությամբ գնում էինք Աստծու տունը։

16Մահը պիտի գա նրանց վրա, և կենդանի-կենդանի դժոխք պիտի իջնեն, Քանզի չարություն կա նրանց բնակավայրերում Եվ նրանց մեջ։

17Ես աղոթեցի Աստծուն, և Տերն ինձ լսեց։

18Երեկոյան, առավոտյան և կեսօրին Պատմեցի ու ասացի, և նա իմ ձայնը կլսի.

19Խաղաղությամբ կփրկի հոգիս մերձավորներիցս, Քանզի ուժգին հարձակվեցին վրաս։

20Աստված կլսի և կխոնարհեցնի նրանց, Աստված, որ ժամանակներից առաջ է, Քանզի չեն փոխվում նրանք և Աստծուց չեն վախենում.

21Մեկնեց իր ձեռքը՝ նրանց պատժելու, Իսկ նրանք պղծեցին նրա օրենքները։

22Նրա երեսի սրտմտությունից բաժանվեցին, Բայց նա հասավ նրանց սրտերին։ Ձեթից ավելի փափուկ էին նրանց խոսքերը, Բայց իրենք սլաքի էին նման։

23Քո հոգսերը Տիրո՛ջը հանձնիր, և նա քեզ կկերակրի Եվ արդարին հավիտյան սասանում չի տա։

24Դու, Աստվա՛ծ, կիջեցնես նրանց ապականության վիհը. Արյունահեղ և նենգավոր մարդիկ Իրենց օրերի կեսին էլ չեն հասնի, Իսկ ես, Տե՛ր, քեզ կհուսամ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Psalms 54.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.