1Սաղմոս Ասափի Աստվածների Աստված Տերը խոսեց. Ձայն տվեց երկրին արևելքից մինչև արևմուտք։
2Սիոնից է նրա մեծ վայելչությունն Ու փրկության գեղեցկությունը։
3Մեր Աստված գալու է հայտնապես, Եվ մեր Աստվածը չի լռելու։ Նրա առջև հուր պիտի բորբոքվի, Եվ նրա շուրջը՝ սաստիկ մրրիկ։
4Նա վերևից պիտի կանչի երկինքը և երկիրը՝ Դատելու իր ժողովրդին։
5Իր մոտ է հավաքելու իր սրբերին Եվ նրանց, ովքեր ուխտի զոհեր են դնում Իր սեղանի վրա։
6Երկինքը պիտի պատմի նրա արդարությունը, Որովհետև Աստված դատավոր է։
7«Լսի՛ր, իմ ժողովո՛ւրդ, և ես քեզ կասեմ, Եվ դու, Իսրայե՛լ, քո դեմ կվկայեմ. Ես եմ Աստվածը՝ քո Աստվածը։
8Ինձ զոհաբերություններ ես անում, Այդ մասին չէ, որ կշտամբում եմ քեզ. Քո ողջակեզները միշտ իմ առջև են։
9Բայց քո տնից արջառ չեմ ընդունի, Ոչ էլ կարիք ունեմ նոխազների քո հոտից։
10Քանզի իմն են անտառի բոլոր գազանները, Լեռների երեներն ու բոլոր անասունները։
11Ճանաչում եմ երկնքի բոլոր թռչուններին, Եվ դաշտի վայրի գեղեցկությունն ինձ մոտ է։
12Եթե քաղցեմ, քեզ ոչինչ չեմ ասի, Քանզի իմն է աշխարհն իր ամբողջությամբ։
13Ես չեմ ուտում քո արջառների միսը, Ես չեմ ըմպում քո նոխազների արյունը։
14Ինձ՝ Աստծուն, ավելի շուտ օրհնությո՛ւն մատուցիր. Ուխտդ կատարի՛ր Բարձրյալի առջև։
15Քո նեղության օրը կկանչես դու ինձ, Եվ ես քեզ կփրկեմ, և դու ինձ կփառաբանես»։
16Սակայն մեղավորին Աստված ասում է. «Իսկ դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը Կամ ուխտս քո բերանն ես առնում։
17Դու, որ ատեցիր իմ խրատը, մերժեցիր Եվ հետ նետեցիր բերանիս բոլոր խոսքերը։
18Երբ գողեր էիր տեսնում, ընթանում էիր նրանց հետ, Շնացողների հետ բաժնեկից լինում։
19Բերանդ չարություն էր բազմացնում, Եվ լեզուդ՝ նենգություն նյութում։
20Նստած չարախոսում էիր եղբորիցդ Եվ քո մոր որդու վրա գայթակղություն էիր բարդում։
21Այս բոլորն արեցիր, ու ես լռեցի, ո՛վ անօրեն. Քո մտքում կարծեցիր, թե ես քեզ կնմանվեմ։ Արդ, պիտի հանդիմանեմ և այս ամենը քո առջև դնեմ։
22Իմացե՛ք բոլորդ, որ մոռացել եք Աստծուն. Գուցե երբևէ հարձակման ենթարկվեք, Եվ չգտնվի մեկը, որ ազատի ձեզ։
23Օրհնությո՛ւնը ինձ կփառավորի. Ով իր ճանապարհը ուղիղ կգծի, Նրան ցույց կտամ Աստծու տված փրկությունը»։