1Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. Վատ օրերին Տերը կփրկի նրան։
3Տերը կփրկի և կպահպանի նրան, Երանելի կդարձնի նրան երկրի վրա Եվ չի մատնի նրան իր թշնամիների ձեռքը։
4Տերը կօգնի նրան ցավերի անկողնու մեջ, Նրա անկողինն ամբողջովին կմաքրի հիվանդությունից։
5Ես ասացի. «Տե՜ր, ողորմի՛ր ինձ, բժշկի՛ր անձս. Ես մեղանչեցի քո դեմ»։
6Թշնամիներս չարությամբ ասացին. «Նա ե՞րբ պիտի մեռնի, Եվ նրա անունը կորչի»։
7Ասողներից մեկը մտնում էր տեսնելու ունայնությունը, Խոսում էր իր սրտում և հոգու մեջ անօրենություն կուտակում. Դուրս էր գալիս և նույնը խոսում։
8Բոլոր թշնամիներս շշնջացին իմ դեմ Եվ չարիք խորհեցին իմ դեմ՝
9Անօրենության խոսք վերագրելով ինձ. «Ով ննջում է, մի՞թե այլևս Հարություն չի առնելու»,
10Քանզի խաղաղության մարդը, Որին ես վստահում էի, և որն ուտում էր իմ հացը, Իմ դեմ հաճախակի խաբեություն գործեց։
11Բայց դու, ո՜վ Տեր, ողորմի՛ր ինձ, ոտքի՛ հանիր ինձ, Որ հատուցեմ նրանց։
12Սրանից ես կիմանամ, որ սիրում ես ինձ, Երբ թշնամիներս չուրախանան ինձ վրա։
13Դու իմ անբծության համար ընդունեցիր ինձ Եվ հավիտյան հաստատեցիր քո առջև։
14Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, Հավիտյանս հավիտենից. եղիցի՜, եղիցի՜։