1Դպրապետին։ Սաղմոս Դավթի
2Համբերությամբ սպասեցի Տիրոջը, Եվ նայեց ինձ ու լսեց աղոթքս։
3Ինձ հանեց տառապանքի հորից, կավի ու տիղմի միջից, Ժայռի վրա հաստատեց ոտքերս Եվ ուղղեց իմ ընթացքը։
4Մի նոր օրհներգ դրեց բերանս՝ մեր Տիրոջ՝ Աստծու օրհներգը։ Շատերը պիտի տեսնեն ու վախենան և հուսան Տիրոջը։
5Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է. Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։
6Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
7Զոհեր և պատարագներ չուզեցիր. լսողություն տվեցիր. Ողջակեզ և մեղքի համար զոհ չուզեցիր։
8Այնժամ ասացի. «Ահավասիկ գալիս եմ. Գրքի մեջ գրված է իմ մասին»։
9Կամքդ կատարել ուզեցի, Աստվա՛ծ իմ, Եվ օրենքներդ՝ իմ ներսում։
10Ես կավետարանեմ քո արդարությունը մեծ հավաքներում. Ահա շրթունքներս չեմ կտրում քեզնից։ Ո՜վ Տեր, դու գիտես,
11որ քո արդարությունը Չեմ ծածկել իմ սրտում, Նաև քո ճշմարտությունն ու քեզնով փրկությունը։ Ասացի և չթաքցրի քո ողորմությունն Ու քո ճշմարտությունը մեծ ժողովից։
12Իսկ դու, Տե՜ր, քո գթությունն ինձնից հեռու մի՛ պահիր, Քո ողորմությունն ու ճշմարտությունը թող միշտ օգնեն ինձ։
13Ինձ պաշարեցին չարերը, որոնց թիվ չկար, Իմ անօրենությունները հասան ինձ, և ես չկարողացա տեսնել։ Գլխիս մազերից ավելի շատացան, և սիրտս լքեց ինձ։
14Տե՛ր, կամեցի՛ր փրկել ինձ և նայի՛ր, որ օգնես ինձ, Տե՜ր։
15Թող ամաչեն և ամոթահար լինեն նրանք, Ովքեր ուզում էին հոգիս կործանել. Թող հետ դառնան և ամաչեն ինձ չար կամեցողները։
16Թող անմիջապես ամոթի մատնվեն նրանք, Ովքեր ինձ ասում էին. «Վա՜յ, վա՜յ»։
17Թող ցնծան և ուրախանան քեզանով Բոլորը, ովքեր փնտրում են քեզ, Տե՜ր։ Թող ասեն ամեն ժամ. «Աստված մեծ է», Նրանք, ովքեր սիրում են քո տված փրկությունը։
18Աղքատ և անտուն եմ ես, Աստվա՛ծ, Խորհի՛ր իմ մասին. Դու ես իմ օգնականն ու պաշտպանը, Եվ դու, Աստվա՛ծ իմ, մի՛ ուշացիր։