1Դպրապետին՝ Կորխի որդիների՝ սաղմոս իմաստության
2Ինչպես եղջերուն աղբյուրների ջրին է փափագում, Այնպես էլ իմ հոգին՝ քեզ, ո՜վ Աստված։
3Հոգիս ծարավ է քեզ, Աստվա՛ծ հզոր և կենդանի. Ե՞րբ պիտի գամ և երևամ, Աստվա՛ծ, քո առաջ։
4Արցունքներս կերակուր եղան ինձ համար գիշեր ու ցերեկ, Քանզի ամեն օր ինձ ասում էին. «Ո՞ւր է քո Աստվածը»։
5Այս հիշելիս հոգիս տառապում էր իմ ներսում։ Բայց քաջալերվում էի, Քանի որ Աստծու տան սքանչելի հարկի տակ պիտի մտնեմ Ցնծության և օրհնության ձայնով Եվ ձայնով տոնակատարության։
6Արդ, ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ս, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. Հույսդ Աստծու վրա՛ դիր։ Նորից փառաբանի՛ր նրան՝ Իմ էության Փրկչին և իմ Աստծուն։
7Հոգիս հույժ խռովվեց ինքն իր մեջ, Դրա համար քեզ հիշեցի Հորդանանի երկրից Եվ Հերմոնի փոքր լեռից։
8Խորությունները խորքից ձայնեցին քեզ Քո սահանքների ձայնով։ Քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։
9Տերն իր ողորմությունը ցերեկով հաստատեց, Գիշերով՝ նոր օրհնությունը, Եվ աղոթքն իմ առ Աստված՝ իմ կյանքի համար։
10Ասացի Աստծուն. «Իմ օգնականը դու ես, Ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր-տրտում գնամ Թշնամուս հալածանքի ժամանակ»։
11Երբ ոսկորներս փշրվեցին, Իմ թշնամիներն ինձ նախատեցին՝ Ամեն օր ասելով. «Քո Աստվածն ո՞ւր է»։
12Արդ ինչո՞ւ ես տրտում, հոգի՛ իմ, Կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում. հուսա՛ Աստծուն, Խոստովանի՛ր նրան, քանի որ իմ երեսի փրկիչ Աստվածն է։