1Կիրակնօրյա սաղմոս Դավթի Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, Աշխարհը և նրա բոլոր բնակիչները։
2Նա ինքը ծովի վրա գցեց հիմքերը երկրի Եվ այն հաստատեց գետերի վրա։
3Ո՞վ կբարձրանա Տիրոջ լեռը, Կամ ո՞վ կկանգնի նրա սրբավայրում։
4Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, Ով հանձն չի առել ունայնություն Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը,
5Նա օրհնություն կստանա Տիրոջից Եվ ողորմություն՝ իր փրկիչ Աստծուց։
6Այս է այն ազգը, որ փնտրում է Տիրոջը, Որ ուզում է տեսնել Հակոբի Աստծու երեսը։
7- Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները. Թող բացվեն դարպասները, Եվ ներս մտնի փառքի Թագավորը։
8- Ո՞վ է փառքի այս Թագավորը. Իր զորությամբ հզոր Տերը, Պատերազմի մեջ հզոր Տերը։
9- Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները. Թող բացվեն դարպասները, Եվ ներս մտնի փառքի Թագավորը։
10- Ո՞վ է փառքի այս Թագավորը. Զորությունների Տերը. - Սա ինքն է փառքի Թագավորը։